«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2002-03-26 | #56, 2002-03-27 | #57, 2002-03-28


«ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԵՌՈՒ ՄՆԱԼ ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ ՀԱՍՏԱՏՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻՑ»

Նշում է Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին

«Հայաստանի խնդիրների լուծումները պիտի գտնվեն ներսում եւ, մասնավորապես, երիտասարդների կողմից։ Կարծում եմՙ քրիստոնյա հողի վրա կարելի է բերել ֆրանսիական ասացվածքը. «Ինքդ քեզ օգնիր, երկինքն էլ քեզ կօգնի»։

Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 10-ամյակի, նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիիՙ այս տարվա հունվարից իր պաշտոնավարությունը սկսելու առիթներով «Ազգը» մի քանի հարցերով դիմեց նրան։

¬ Պրն դեսպան, ինչպե՞ս կամփոփեք հայ-ֆրանսիական հարաբերությունների վերջին տասնամյակը։ Հատկապես ի՞նչ ուղղություններով զարգանալու հեռանկար ունի մեր երկու երկրների համագործակցությունը։

¬ Հայաստանի հետ Ֆրանսիայի հարաբերությունները միանգամայն յուրահատուկ են։ Սա, անշուշտ, պայմանավորված է մեր մի քանի խոշոր քաղաքներում ձեւավորված հայկական համայնքներով, որոնց նախնիները մեր հողի վրա գտան արժանի հյուրընկալություն։ Սակայն երկկողմ հարաբերությունները չեն կարող սահմանափակվել միայն սփյուռքի գոյությամբ։

Դրանք նախ եւ առաջ հենվում են այսպես ասած «ընտրողական նմանությունների» վրա։ Հայաստանը եւ Ֆրանսիան ունեն պատմությանՙ որպես ազգը կերտողի, մարդուն եւ պատմությունը սրբացնելու նույն ընկալումը եւ քաղաքակրթության խաչմերուկ լինելու նույն մղումը։

Քաղաքական առումով կարելի է ասել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները լավագույն մակարդակի վրա ենՙ հարիր այն մթնոլորտին, որ գտա Հայաստան գալու պահից ի վեր։ Հավատարմագրերիս հանձնման ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վկայակոչեց Հայաստանի նկատմամբ նախագահ Ժակ Շիրակի անձնական հետաքրքրությունը եւ Լեռնային Ղարաբաղի հարցիՙ նրա իմացությունը։ Ֆրանսիան գործուն մասնակցություն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ 2001-ի հունվարի 18-ի օրենքով Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց 1915 թ. ցեղասպանությունը։ Մեր երկու երկրների կառավարությունների հետաքրքրությունն այժմ պիտի շրջվի դեպի ապագա։

Եթե խնդիրները, որոնք պիտի լուծի Հայաստանըՙ որպես խորհրդայինից ազատական տնտեսության անցնող մի երկիր, բարդ են, ապա ախտորոշումը պարզ է. Հայաստանին անհրաժեշտ են ներդրումներ եւ ղեկավար կադրեր։

Երկկողմ եւ Եվրոպայի հետ հարաբերությունների առումով Ֆրանսիան օգնություն է ցուցաբերում, սակայն գիտակցում է, որ ճիշտ լուծումները երբեք չեն կարող ներմուծվել ու առավել եւս պարտադրվել դրսից։ Ֆրանսիացի ներդնողները հոգ տարան տեղական պայմաններում իրենց իմացությունն ու գործունեությունը խարսխելու համար։ Երեւանի կոնյակի գործարանը վաստակելու հնարավորություն է տալիս հազարավոր խաղողագործների։ Աբովյանի գարեջրի գործարանը սկսել է նորՙ ոչ ոգելից գարեջրի արտադրություն, որին մեծ հաջողություն է սպասումՙ հաշվի առնելով երթեւեկության խիստ կանոնները։ «Կապան-էներժի» ձեռնարկությունը նախապատվությունը տալիս է էներգիայի վերականգնելի աղբյուրներինՙ շահագործելով Ողջի գետի երկու ՀԷԿ։ Կրթության առումով Հայաստանի ֆրանսիական համալսարանն իր ուսանողներին պատվաստում է հայկական ջիղ, որպեսզի վերջիններս իրենց ուժերը ներդնեն երկրի ապագայի համար։

Համալսարանի երեք ֆակուլտետներըՙ տնտեսագիտական, իրավաբանական եւ կառավարման, իրենց բնույթով կոչված են համադրելու տնտեսական վերածնունդը եւ մտավոր թարմացումը։

¬ Ֆրանսիան, որպես ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ինչպե՞ս է գնահատում Հայաստան-Ադրբեջան ֆորմատով խաղաղ բանակցությունների ընթացքը։

¬ Ֆրանսիան, ինչպես արդեն նշեցի, մեծ մասնակցություն է ցուցաբերում Մինսկի խմբի ջանքերին ու աշխատանքներին։ Ի դեպ, զուր չէ, որ երբեմն, նույնիսկ բանավիճելու համար, հղում են կատարում «փարիզյան սկզբունքներին»։ Ֆրանսիան հավատարիմ է այն ամենին, ինչն ասվում, արվում է եւ ինչի հույսն ակնկալվում է Մինսկի խմբից։ Ֆրանսիան, որպես համանախագահ, չի կարող արտահայտել խմբի որդեգրած դիրքորոշումներից տարբեր դիրքորոշում։

¬ Կարծում եքՙ արդյունավե՞տ է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը։

¬ Եթե ակնարկում եք Մինսկի խմբի տասնամյա տարեդարձը, կարծում եմՙ կան այնպիսի տարեդարձներ, որոնք չարժե նշել։ Սակայն այսօրվա դրությամբ վերջնական լուծման բացակայությունը ՄԽ-ին վերագրելն անարդարացի կլիներ։

Նրանից պահանջվում է ոչ թե միջամտել լուծումներին, այլ ստեղծել ու պահպանել մթնոլորտ։ Նրանից ակնկալում են լինել ոչ թե հաշտարար կամ դատավոր, այլ սխալ քայլերից, փակուղիներից, դարձյալ անցյալի սխալների գիրկը վերադառնալուց խուսանավող «պահապան հրեշտակ»։ Լուծումը մնում է եւ օրինականորեն պիտի մնա երկու երկրների ղեկավարների ձեռքում։ Մինսկի խումբն անհրաժեշտաբար կոչ է անում նրանց խղճին, որտեղից էլՙ «պահապան հրեշտակի» կարեւորությունը։

¬ Պրն Կյունի, Հարավային Կովկասի զարգացման համատեքստում Եվրոպան ամենատարբեր մակարդակներով խոսում է տարածաշրջանային ինտեգրացիայի մասին։ Ինչպե՞ս եք տեսնում այդ ինտեգրացիան։

¬ Առաքելությանս սկզբին, ելնելով աշխարհաքաղաքական խնդիրների իմ փորձից, ենթադրություն էի արել, թե սեպտեմբերի 11-ի իրադարձություններից եւ Աֆղանստանում դրանց հետեւած պատասխան գործողություններից հետո Անդրկովկասը չի կարողանա երկար ժամանակ հեռու մնալ Միջին Ասիայումՙ մասնավորապես նախկին խորհրդային հանրապետություններում հաստատվող ռազմավարական նոր աշխարհակարգից։

Կարեւոր է, որ Անդրկովկասը կարողանա մասնակցել տարածաշրջանային կայունացմանըՙ այդուհանդերձ չդառնալով պատանդ ազդեցության խաղերի, որոնք, հուսով ենք, արդեն անցյալի գիրկն են անցել։

Ֆրանսիան Կովկասում չի հետապնդում ռազմավարական շահ։ Հետեւաբար, նրա խոսքը հանգիստ է եւ հետեւողական։

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիան նշում է, որ տարածաշրջանային ինտեգրացիան կարելի կլինի իրականացնել հիմնարար մի շարք պայմանների դեպքում։ Դրանք ենՙ տարաձայնությունների խաղաղ կարգավորման, ժողովրդավարության ճանապարհների ընտրությունը, տնտեսության ու շփումների ազատականացումը եւ սրանց հրամայականՙ սեփականաշնորհումն ու լրատվամիջոցների ազատությունը։

Սրանք կարեւոր, բայց նաեւ դժվար ընտրություններ են։ Ֆրանսիան անում է հնարավորըՙ սատարելու համար։ Եվ նրա խորհուրդները, հեռու լինելով միջամտությունից, միշտ կլինեն բարեկամական։

Տեխնիկական առումովՙ Ֆրանսիան ընդգծում է ՏՐԱՍԵԿԱ ծրագիրը, որը տարածաշրջանային խաղաղ քաղաքականության համատեքստում կկարողանար վերակենդանացնել նախկինում կենսական նշանակություն ունեցող Գյումրիի երկաթուղային կարեւոր հանգույցը։

Ինչպես տեսնում ենք, շատ բան կախված է հաստատվելիք խաղաղությունից։ Իսկ եթե խթանելու անհրաժեշտություն կա, հիշեցնեմ, որ թվարկածս ուղղություններով Հայաստանի կատարած յուրաքանչյուր քայլ քայլ է նաեւ դեպի Եվրոպա։

¬ Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստան-Իրան գազատարի կառուցմանը, եւ կարելի՞ է աջակցություն սպասել Ֆրանսիայից։

¬ Բարդ հարց է, քանի որ ծրագիրը դեռեւս սաղմնային վիճակում է։ Որքանով տեղյակ եմ, Հայաստանի եւ Իրանի միջեւ չկա պայմանավորվածություն գազի սակագնի վերաբերյալ։ Իսկ դա ներդրման շահութաբերությունը հաշվարկելու նախապայման է։ Մանավանդ որ սակագինն ավելի թանկ կլինի, քանզի, ըստ առկա ծրագրերի, Արաքս գետի հոսանքով անցկացնելու փոխարեն գազամուղը նախատեսվում է տանել Քաջարանի լեռնաշղթայով։

Եվս մեկ անգամՙ Ձեր հարցը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական ապագան սերտորեն կապված է քաղաքական կարեւոր խնդիրների հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4