«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2002-03-26 | #56, 2002-03-27 | #57, 2002-03-28


ԲԱՔՈՒՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԸ

ԲԱՔՈՒ, 27 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը ողջունել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն։ «Հայաստանի նախկին ղեկավարի մոտեցումներն աշխարհում եւ տարածաշրջանում տեղ գտնող գործընթացների նկատմամբ առավել իրատեսական էին։ Դա որոշակի իմաստով կարող էր ներգործություն ունենալ նաեւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցությունների գործընթացի վրա»,-հայտարարել է նա։ ՀՀ Ներկա իշխանությունների գործունեությունն, ըստ ադրբեջանցի գործչի, իրատեսական չէ, եւ, ըստ իր կանխատեսման, վաղ թե ուշ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կտապալվի։

«Պաշտոնական Երեւանի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի կամ միացվի Հայաստանին, կասկած չի թողնում, որ կառուցողական բանակցությունների համար իրական հեռանկար չկա։ Այս նպատակով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը իշխանության գլուխ ցանկալի կլիներ»,-հայտարարել է Մամեդովը։

Ինչպես հայտնի է, ՀՀ առաջին նախագահը ապրիլի 18-ից 28-ը կայցելի ԱՄՆ Բոստոն քաղաք, ինչը մեկնաբանվում է որպես քաղաքականություն վերադառնալու առաջին քայլ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4