«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2002-03-26 | #56, 2002-03-27 | #57, 2002-03-28


ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԲՈՎՅԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԿԱԼԱՆԱՎԱՅՐ

Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, տեղեկատվական համակարգ, 27 մարտ։ Մարտի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՙ Աբովյանի կանանց եւ անչափահասների կալանավայր, Մեծ Պահոց շրջանում, Քրիստոսի հարության խորհրդով մխիթարություն բերելու ազատազրկման մեջ գտնվող կանանց եւ անչափահասներին։

Այցի ընթացքում քրեակատարողական վարչության պետ Ս. Հովհաննիսյանը եւ կալանավայրի պետ Յ. Ջամալյանը Նորին Սրբությանը ներկայացրեցին կալանավայրի խնդիրներն ու առօրյան, որից հետո Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցավ ազատազրկվածների հետ եւ իր պատգամը ուղղեց նրանց։

«Աստված ամենուր մեզ հետ է, Աստված հավասարապես սիրում է ամենքիս եւ դեպի Աստված դարձի ճանապարհը բոլորիս առջեւ բաց է։ Պարզապես պետք է կարողանանք ինքներս մեր մեջ գտնել արիությունը այդ ճանապարհը տեսնելու, տեսնելու մեր կյանքի մեջ Լույսը եւ առաջնորդվելու դեպի այդ լույսըՙ թողնելով մեր հետեւում եւ խավար, եւ բոլոր տեսակի այն մտածումներն ու զգացումները, որոնք հեռացնում են մեզ Աստծուց», ասաց Նորին Սրբությունը։

Վեհափառ Հայրապետը նշեց, որ Հայ եկեղեցին մշտապես հիշում է իր բոլոր զավակներինՙ հայցելով Տիրոջ օգնականությունը, սերը եւ ողորմությունը, որպեսզի ամենքին առաջնորդի կյանքի շիտակ ճանապարհով։

Հանդիպման ավարտին ազատազրկվածները ներկայացրեցին գեղարվեստական հայտագիր, ապաՙ Նորին Սրբությունը առանձին զրույց ունեցավ նրանց հետ։

Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը եւ ՀՀ զինված ուժերի հոգեւոր տեսուչ Տ. Արշեն աբեղա Սանոսյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4