«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2002-03-26 | #56, 2002-03-27 | #57, 2002-03-28


ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ԹԲԻԼԻՍԻ, 27 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Վրաստանի խորհրդարանի քաղաքացիական ինտեգրացման կոմիտեն չորեքշաբթի լսել է Ժողովրդավարության, ազատության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի ղեկավար Գիա Նոդիայի տեղեկատվությունը Սամցխե-Ջավախքի զարգացման ստրատեգիական պլանի պատրաստման ընթացքի մասին։ Ըստ Նոդիայի, ինստիտուտն այդ ուղղությամբ աշխատել է երկու տարի։ Նախագիծը ֆինանսավորում է ԵԱՀԿ-ն, որը դրա համար հատկացրել է 4 հազար եվրո։ Ծրագրի հիմնական նպատակն էՙ իրական օգնություն ցույց տալ Սամցխե-Ջավախքին եւ ներդնողների ներգրավել տարածաշրջան։ Վերջին հարցով, ինչպես նշվել է, զբաղվելու են ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների կոմիսարիատը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ Նոդիան նշել է, որ աշխատանքի ընթացքում առանձնացվել են առաջնային ուղղությունները, մասնավորապեսՙ կրթություն, ներառյալ պետական լեզվի ուսումնասիրում, տեղեկատվական վակուումի վերացում, ենթակառուցվածքի վերակենդանացում, տնտեսական ոլորտումՙ աջակցություն փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, եւ սոցիալական ոլորտը։ Ըստ նրա, ստրատեգիական պլանի պատրաստման աշխատանքն ավարտված է, հունիսին կկայանա նվիրատու երկրների աշխատանքային հանդիպում, որից հետո կսկսվի ծրագրի բուն իրականացումը։ Կոմիտեի նախագահ Գելա Կվարածխելիան իր հերթին հայտարարել է, որ օրերս կանցկացվի Սամցխե-Ջավախքի չինովնիկների վրացերենի ուսուցման ծրագրի հայտահանդեսը, որը մեծ ծրագրի մի մասն է։ Ինչպես հաղորդում է «Կավկազպրեսը», որոշում է ընդունվել մեկ ամիս անց տարածաշրջանում անցկացնել հանդիպում լայն հասարակայնության մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի զարգացման ստրատեգիական ծրագրի քննարկման նպատակով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4