Ձեւավորվեց ՀՌԱԿ Լոռու շրջանային վարչությունը
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Լոռու մարզի շրջանային վաչության ձեւավորումը ժամանակի պահանջն էր։ Երկու տասնյակի է հասել այստեղ ակումբների թիվը, եւ երեկ Վանաձորում մարզային կառույցի ձեւավորմանըՙ հիմնադիր պատգամավորական ժողովին ներկա էին մարզի 300-ից ավելի ռամկավարներ։ Շրջանակի ստեղծման առիթով Վանաձոր էին մեկնել ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, փոխատենապետ Հարություն Առաքելյանը, Հանրապետական վարչության անդամները։ Շրջանային վարչության ձեւավորմանը ներկա էր Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը։
Ողջունելով ռամկավարներին եւ բեղմնավոր աշխատանք ցանկանալով մարզային կառույցին, մարզպետը խորը հարգանքով եւ գնահատանքով հիշեց ավանդական կուսակցության անցած ճանապարհըՙ ընդգծելով նրա ազգանվեր գործունեությունը։ Հենրիկ Քոչինյանը վստահություն հայտնեց, որ կուսակցության որդեգրած հայրենանվեր գործունեությունն ապագայում եւս շարունակական կլինի։ Լոռու մարզպետի համոզմամբ, յուրաքանչյուր կուսակցության գերխնդիրն ազգի համախմբումն ու երկրի բարեկեցությունը պետք է լինեն։ Նա նաեւ նշեց, որ Լոռու մարզպետարանը պատրաստ է համագործակցելու ՀՌԱԿ-ի հետ։
Ռամկավարներին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի խոսքը փոխանցեց տեր Վահան քհն. Ազատյանը։ «Կուսակցությունը միշտ էլ Մայր եկեղեցու կողքին է կանգնած եղել», նշեց նա եւ հույս հայտնեց, որ ռամկավարների վաղեմի ծրագրերն ու գաղափարները մոտ ապագայում իրականություն կդառնան։
Մինչ պատգամավորական ժողովը կընտրեր շրջանային վարչություն, իր կուսակցական ընկերներին դիմեց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։
«90-ական թվականների սկզբին մեր կուսակցությունում, ցավոք, տեղ էին գտել վարկաբեկված, պատեհապաշտ մարդիկ, ովքեր ուզում էին ոչ թե ծառայել կուսակցությանը, այլ այն ծառայեցնել սեփական շահերին։ Դա դաս էր եւ հանգամանք, որ մենք հաշվի ենք առնում նոր կառույցներ ստեղծելիս», նշեց Ռուբեն Միրզախանյանը։ Ասածի ապացույցը թերեւս հենց Վանաձորի կառույցներն են, որտեղ գնահատվում են յուրաքանչյուր անդամին, ակումբներում ընդգրկված ռամկավարները մարզի հարգված եւ չվարկաբեկված մարդկանցից են։
Ռուբեն Միրզախանյանը խոսեց կուսակցության հաջողությունների եւ դժվարությունների, երկրի ներքաղաքական վիճակի եւ այս դաշտում ՀՌԱԿ դերի եւ անելիքների մասին։ Դառնալով 90-ականների սկիզբըՙ կուսակցության ատենապետը հիշեց հայրենիքում գործունեություն ծավալած սփյուռքահայ ռամկավար գործարարներին, որոնցՙ Հայաստանին օգտակար լինելու նախաձեռնությունը ձախողեցին նախկին իշխանություններըՙ հետապնդելով քաղաքական եւ տնտեսական ոլորտում մենաշնորհ հաստատելու նպատակ։
Դժվարին խնդիր է հավատն ու վստահությունը վերականգնելը, մանավանդ, որ առկա են ձեւավորված վատ ավանդույթները։ Սակայն ՀՌԱԿ-ն առաջիկա խնդիր է համարում սփյուռքահայ ռամկավար գործարարների ներգրավումը երկրի տնտեսության զարգացման գործում։ Իսկ այդ նպատակն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ կուսակցությունը քաղաքական հաջողություն ունենա. ներդնողին օրենքով, քաղաքականապես պաշտպանել է անհրաժեշտ։ Ռուբեն Միրզախանյանը սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդման առումով կարեւորեց մայիսին կայանալիք համահայկական երկրորդ խորհրդաժողովը, որը հնարավորություն կտա միասին քննարկելու առկա խնդիրները։ Հայրենիք-սփյուռք հարաբերություններում ՀՌԱԿ ատենապետը լուրջ տեղաշարժ է համարում Քըրք Քըրքորյանի հետ հաստատված հարաբերությունները եւ Լինսի հիմնադրամի գործունեությունը։ Սա գործնական հարաբերությունների արտահայտություն է, սակայն չի կարելի Հայաստան-սփյուռք հարաբերությունները միայն օգնության տեսանկյունից դիտարկել։
Անդրադառնալով ներքաղաքական կյանքինՙ ՀՌԱԿ ատենապետը վերլուծեց վերջին մի քանի իրադարձություններըՙ ներկայացնելով ՀՌԱԿ դիրքորոշումները։
Որոշ լրատվամիջոցներ այսօր վստահ հայտարարում են, թե փակվում է «Ա1+» հեռուստաընկերությունը, մինչդեռ հաճախականությունների մրցույթը դեռեւս տեղի չի ունեցել։ Ալեքսանդր Արզումանյանի հետ պատահած միջադեպին եւս անմիջապես քաղաքական աստառ են տալիսՙ առանց պարզելու ծեծկռտուքի հանգամանքները։ Ռուբեն Միրզախանյանի խոսքերով, սրանք հերթական քաղաքական շահարկումներն են։
Որոշ ուժեր բաց չեն թողնում ցանկացած դրական միտում վարկաբեկելու առիթը։ Բազմաթիվ թերություններ մատնացույց անելով, դրական տեղաշարժերը չգնահատելը հանցագործ կեցվածք է։ Առկա սոցիալական վիճակում խոսել դժվարությունների, բացասականի մասին քաղաքական կուսակցության համար շատ շահեկան է, բայց ազգային զարգացման համարՙ ոչ դրական։
«Ռամկավարները նպատակ չեն հետապնդում դուր գալ ժողովրդին, մեր նպատակն է, որ ժողովուրդը լավ ապրի», նշեց ՀՌԱԿ ատենապետը։
Ռուբեն Միրզախանյանը որպես ավանդական կուսակցության մտահոգություն խոսեց նաեւ արտագաղթի մասին։ Գաղթօջախներում հային հայ պահելը անհրաժեշտություն է, սակայն առավել կարեւոր է նրանց վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Այդ օրը մոտ չէ, սակայն ՀՌԱԿ ատենապետը լավատես է, եւ այդ լավատեսությունն իրատեսական է. 40-ական թվականներին ՌԱԿ-ի գլխավորությամբ կազմակերպվեց ներգաղթը հայրենիք։ Ռամկավարները, լինելով ազատական եւ իրենց գաղափարախոսությամբ բեւեռ այդ տարիներին գործող վարչակազմին, գիտակցում էին. խորհրդային գաղափարներն անցողիկ են, հավերժ է հայրենիքը եւ նրան օգնելու ցանկությունը։
Մոտ 300 ռամկավար էին ներկա մարզային շրջանակի ձեւավորմանը։ Պատգամավորական ժողովը 18 ակումբների ատենապետներից ընտրեց շրջանային վարչություն։ Ատենապետը դարձավ Ֆերդինանտ Հարոյանը, վարչության անդամներ ընտրվեցին Գրիգոր Գրիգորյանը, Հրանտ Գյուրջինյանը, Սմբատ Փաշինյանը, Վարդգես Քեշիշյանը, Սուրեն Սահակյանը, Վարդան Այվազյանը, Արտաշես Լոռեցյանը, Լիլիթ Բաղդասարյանը, Ռուբեն Պարսամյանը, Տիգրան Հարությունյանը։
Լոռու մարզում ստեղծվածը ՀՌԱԿ առաջին շրջանակն է։ Ապագայում կստեղծվեն եւս երկուսը։ Կուսակցության ներկայացուցիչները Լոռու մարզում գործուն մասնակցություն կունենան առաջիկա ընտրություններին։
Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ