Մուշեղ Սաղաթելյանի գործով երեկ դատարան ներկայացած առաջին տուժողը Ֆիլարետ Բերիկյանն էր։ Նա պնդեց իր նախաքննական ցուցմունքը։ Ներկայացրեց նաեւ, որ 1996 թ. սեպտեմբերի 25-ին եղել է ԱԺՄ կուսակցության գրասենյակում, լսել է կրակոցներ եւ ներկա չի եղել ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած իրադարձություններին։ Լույս 26-ին Ֆ. Բերիկյանի տուն են եկել 10 զինված մարդ։ Նրանք տուժողին տարել են ՆԳՆ, իսկ տանըՙ խուզարկություն կատարել։
Այն ժամանակ լինելով ԿԸՀ անդամՙ Ֆ. Բերիկյանն ունեցել է տաբելային զենք եւ թույլտվություն, որոնք էլ հանձնել է իրեն տանողներին։
Նախարարությունում արդեն կազմել են արձանագրությունՙ առանց թույլտվության զենք պահելու համար։ Նշված արձանագրությունը չի ստորագրվել։ Այդ ժամանակ եկել են 3 հոգիՙ 2-ը մահակներով։ Ապա Ֆ. Բերիկյանին ծեծել են ու տեղափոխել ԱԱ մեկուսարան, որտեղից նա ազատ է արձակվել։ Հետագա 2¬3 շաբաթվա ընթացքում տուժողը տուն չի գնացելՙ չձերբակալվելու համար։
Այս դեպքի կապակցությամբ Ֆ. Բերիկյանը չի բողոքելՙ անիմաստ համարելով, բայց հանդես է եկել մամուլում։
Պատասխանելով մեղադրող կողմի հարցերինՙ տուժողը նշեց, որ ծեծող 3 հոգուց մեկը Մ. Սաղաթելյանն էր, որ անձամբ հարվածել է իրեն։ Դահլիճն այս խոսքերին արձագանքեց «ամոթ»-ով։
Պաշտպանական կողմի հարցադրումներին էլ տուժողը պատասխանեց, ասելով, որ բերման ենթարկելուց հետո իրեն «խոստացել են» 5 տարի պահել բանտում եւ հիմնականում ցանկացել են պարզել, թե ինչու էր ինքն ուզում ՀՀ նախագահ տեսնել Վազգեն Մանուկյանին։ Ֆ. Բերիկյանը նաեւ նշեց, որ Մ. Սաղաթելյանը եղել է քաղաքացիական հագուստով, մինչդեռ, ըստ ամբաստանյալի, ինքը եղել է համազգեստով։ Այս պահին էլ դահլիճն արձագանքեց. «Բռնվեցի՜ր»։
Այնուհետեւ Մ. Սաղաթելյանը հարցրեց, թե ինչու Ֆ. Բերիկյանը չի պատմում, որ իրեն հարցրել են նաեւ նվիրատվության եւ օգնության միջոցով ստացված մթերք վաճառող իր խանութի մասին։
Տուժողը պատասխանեց. «Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։ Ես այդպիսի անցյալ չեմ ունեցել։ Ես հպարտ եմ իմ անցյալով»։ Ֆ. Բերիկյանն ավելացրեց նաեւ, որ վնասի հատուցման ոչ մի պահանջ չունի։
Հաջորդ տուժողը ներկայումս իր պատիժը կրող Վալերի Դորոգոնովն էր։ Նա պատմեց, որ 1994 թ. նոյեմբերի 9-ին Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարանից Գորիսի բանտ տեղափոխելու ժամանակ ինքը, Ռաֆայել Զորոյանն ու ոմն Արամիկ դիմել են փախուստի։ Զորոյանն ու Արամիկը սպանել են իրենց փոխադրող մեքենայի վարորդին, վիրավորել ուղեկցող զինվորներից մեկին։ Այնուհետեւ բացել են մեքենայի դռներն ու ցանկացողներին առաջարկել փախչել։
Նշված 3-ը հայտնվել են սարերում։ Այդ ժամանակ արդեն նրանց հետապնդում էին։ Հետապնդողների կրակոցներից հետո զինված փախստականներից մեկըՙ Արամիկը, ինքնասպան է լինում։ Մյուս երկուսին, ըստ տուժողի խոսքերի, տեղում ծեծել-ջարդելուց հետո, իջեցնում են սարից։ Բանտային մեքենայի մոտ էլ ծեծելուց հետո Դորոգոնովին, Զորոյանին եւ Արամիկի դիակը դնում են մեքենան։
Այդ ժամանակ է, որ, ըստ Դորոգոնովի, մեքենա է բարձրացել Մ. Սաղաթելյանն ու ծեծել ե՛ւ իրեն, ե՛ւ Զորոյանին։ Հետո Մ. Սաղաթելյանին են միացել ուրիշներ։ Ծեծից հետո նրանց մերկացրել են, սառը ջուր լցրել եւ, Գորիս հասցնելով, մինչեւ առավոտ թողել մեքենայի մեջ։ Արդեն Գորիսի բանտում ծեծը շարունակվել է մոտ 2 օր։ Նույն թվականի նոյեմբերի 13-ին Ռ. Զորոյանը մահացել է։
Պատասխանելով պաշտպանական կողմի եւ ամբաստանյալի հարցերինՙ Դորոգոնովը նշեց, թե չի հիշում Մ. Սաղաթելյանի հագուստը, եւ որ իրեն մերկացրել եւ վրան ջուր են լցրել ՆԳ աշխատակիցներ Բադալյանն ու Նորիկը։ Իրեն ծեծելիս էլ ամբաստանյալը մենակ չի եղել։
Դորոգոնովը պատճառված վնասի հատուցման պահանջ չուներ։ Նրան դուրս տանելու ժամանակ դահլիճը չափազանց լարված էր։ Մի կին գոռգոռում էր, թե Զորոյանը եղել է իր որդու խցակիցը, եւ որդին սպանվել է նրա ձեռքով։ Ուստի նման մարդու մահը նշանակություն չունի։
Դատարան ներկայացած վերջին տուժողը լրագրող Լուսինե Վահրամյանն էր։ Երբ նա 2001 թ. ապրիլին գլխավոր դատախազության շենքի դիմաց գտնվող սրճարանում փորձում էր հարցազրույց վերցնել Միսակ Մկրտչյանից, ըստ տուժողի, Մ. Սաղաթելյանը վիրավորել էր Միսակին, ապա 2-ին էլ ասել, որ հեռանան։ Լ. Վահրամյանն իրեն վիրավորված էր համարում, ուստի ներկայացել էր որպես տուժող, թեեւ ավելի ճիշտ կլիներ լինել վկա։
Նիստն ընդմիջվեց մինչեւ այսօր։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Վահրամյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի ուղղած հարցերում արտահայտվեց այն միտքը, որ սրճարանում հարցազրույց վերցնելը գուցե աշխատանքային ձեւ է, բայց ոչ աշխատանքի վայր։ Իր միտքը հստակեցնելու համար նա համեմատություն արեց դատարանի եւ դատավարության հետ։ Նշեմ, որ ի տարբերություն դատավարության (որի անցկացման վայրը ամրագրված է), հարցազրույց վերցնելու համար նման ամրագրում չկա։