ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հրավիրել էր քննարկում, որին ներկա էին ՀՀ արդարադատության փոխնախարար, օրինագծի հեղինակ Աշոտ Աբովյանը, մամուլի ներկայացուցիչներ։
Հանձնաժողովի նախագահ Վ. Դալլաքյանն առաջարկեց վերջ տալ նախագծի դեմ մղվող «պատերազմին» եւ համագործակցության սկիզբ դնել։ Ա. Աբովյանը ներկայացրեց նախագծի նորՙ լրամշակված տարբերակը, ինչը մամուլի ներկայացուցիչների կարծիքով, բավականին բարեփոխված է, կարելի է դնել «զինադադարի» հիմքում եւ առաջարկներ ներկայացնելՙ ավելի կատարելագործելու համար։
Փոխնախարարը նշեց, որ 2 ամիս շարունակ օրինագիծը մշակող աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել մամուլի ներկայացուցիչների հետ, քննարկել եղած բոլոր առաջարկությունները, եւ պատրաստվում է այդ գործընթացը շարունակելՙ մինչեւ օրենքի նախագիծը կունենա փոխընդունելի տեսք։
Ի դեպ, լիցենզավորմանը վերաբերողՙ նախագծի ամենավիճելի դրույթում, Ա. Աբովյանի խոսքերով, փոխվել է տերմինը, եւ ըստ էության, կատարվել է լրատվամիջոցների պահանջը. արդեն խոսվում է ոչ թե լիցենզավորման, այլ ծանուցման մասին։
Հանձնաժողովի նիստում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի մինչեւ ապրիլի 8-ը լրամշակված տարբերակի շուրջ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցինչներն իրենց առաջարկությունները ներկայացնեն փոխնախարարին։