«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2002-03-26 | #56, 2002-03-27 | #57, 2002-03-28


ԳՈՎԱԶԴԻՆ ՀԱՋՈՐԴՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

Դրանք ուղղված են գործարարության եւ մամուլի դեմ

Բիզնեսն առանց գովազդի անհնար է պատկերացնել։ Այդպես է ցանկացած քիչ թե շատ նորմալ երկրում, որտեղ որեւէ գործարարի մտքով չի անցնի, թե գովազդը կարող է բացասական հետեւանքներ առաջացնել։ Ընդգծում ենքՙ ոչ թե արդյունավետ կամ քիչ արդյունավետ լինել, այլ բացասական հետեւանքներ ունենալ։ Իսկ Հայաստանի գործարարներն առավել քան տեղյակ են այդ երեւույթին։ Բավական է ցանկացած ոլորտի (արտադրություն, առեւտուր, սպասարկման ծառայություններ եւ այլն) ձեռնարկատեր, հատկապես եթե փոքր կամ միջին բիզնեսի ներկայացուցիչ է, գովազդ պատվիրի որեւէ լրատվամիջոցում, անմիջապես հայտնվում են «քաջարի» հարկային տեսուչները եւ փորձում պարզել, թե ինչպե՞ս է առանց իրենց հետ «կիսվելու» տնտեսվարող սուբյեկտը համարձակվել ապրանք (ներմուծվող կամ արտադրվող) կամ ծառայություն գովազդել, ի՞նչ միջոցներով է թողարկվել կամ բերվել տվյալ ապրանքը եւ այլն։ Իհարկե, նման ստուգումից հետո գովազդ պատվիրելու ցանկությունը տնտեսվարող սուբյեկտը եթե ոչ առհավետ, ապա երկար ժամանակով կկորցնի։ Չցանկանալով անուններ հրապարակել, կարող ենք փաստել, որ հատկապես արտադրության ոլորտի գործարարները խուսափում են ոչ միայն գովազդվելուց, այլեւ անգամ գովազդային նպատակ չհետապնդող հրապարակումից, որտեղ կնշվի իրենց ընկերության անվանումը։ «Ի սեր Աստծո, ես այնքան թափ չունեմ, որ գովազդ պատվիրեմ, հետո ստուգողներ չգան», կամՙ «Տղա ջան, մեր գովազդից հետո, ստուգողներից բացի, ոչինչ չստացանք», նման արտահայտությունները կոնկրետ գործարարների, կոնկրետ ղեկավարների կողմից են արվել։ Պարզ է, որ գովազդից խուսափելու խնդիր չունեն արդեն կայացած հոլդինգները, կոնցեռնները եւ խոշոր ընկերությունները։ Նրանցից շատերը կամ հովանավորվում են ամենաբարձր իշխանավորների կողմից, կամ իրենց ազդեցությամբ կարողանում են հակազդել հարկային տեսուչների ստուգումներին։ Սրանք էլ այնքան բազմաթիվ չեն, որպեսզի կայացնեն գովազդային շուկան։ Այսինքնՙ բացի գործարարներից, տուժում են նաեւ լրատվամիջոցները, որտեղ պետք է տեղադրվեն գովազդները։

Այսօր մամուլում պատվիրված սակավաթիվ գովազդների զգալի մասը միջազգային կազմակերպությունների, զանազան պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների կողմից են տրվում, հանդիպում են նաեւ բանկերի կողմից տրված գովազդներ։ Սակայն տնտեսվարող սուբյեկտների (որոնց թիվը Հայաստանում հասնում է տասնյակ հազարների) գովազդները խիստ հազվադեպ են։ Ինչպես արդեն նշեցինք, բացառություն են կազմում խոշոր ընկերությունները, որոնք էլ գովազդը հիմնականում պատվիրում են հեռուստաընկերություններին։ Եթե 90 հազարի հասնող տնտեսվարող սուբյեկտներից 40¬50 հազար գործողների թեկուզ 1 տոկոսը, առանց հարկային հալածանքներին ենթարկվելու վախի, գոնե ամիսը 1 անգամ գովազդ պատվիրի թերթերի էջերում, ապա վերջիններս հեղեղված կլինեին գովազդներով։ Սակայն դա տեղի չի ունենում եւ գլխավոր պատճառը ոչ թե գովազդի համար միջոցների բացակայությունն է կամ գովազդի կարեւորության չգիտակցելը, այլ անհարկի ստուգումների արժանանալու եւ տուգանքներ կամ կաշառքներ վճարելու հեռանկարը։ «Ստուգումների մասին» օրենքը մինչ փոփոխությունների ենթարկվելը որոշ ժամանակ կարծես թե զսպում էր հարկային տեսուչներին, բայց եռօրյա նախազգուշացման վերացումը, որը գուցե արդարացված էր ստվերային շրջանառության դեմ պայքարելու եւ բյուջետային մուտքերն ավելացնելու առումով, այստեղ բացասական հետեւանքներ կունենա։ Հարկային համակարգի աշխատակիցներն առիթը չեն կորցնի անարգել «այցելելու» գովազդված ընկերություն։

Սա թերեւս այն հարցն է, որն այնքան էլ չի հուզում պետեկամուտների նախարարին կամ վարչապետին։ Իսկ խոսել գործարար մթնոլորտի բարելավման կամ ազատ մամուլի առկայության մասին բոլոր իշխանավորներն էլ սիրում են։ Այլ հարց էՙ իրականում նրանք նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում են դրանց զարգացմանը։ Դատելով այն փաստից, որ այսօր գովազդատուները խուսափում են գովազդ տեղադրելուց, ինչը կասեցնում է նրանց բիզնեսի զարգացումը, իսկ թերթերը չեն ստանում իրենց անկախության եւ զարգացման գլխավոր երաշխիքՙ գովազդներից ստացվող միջոցները, կարող ենք եզրակացնել, որ իշխանությունները հանդես են գալիս խոչընդոտողի դերում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4