«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2002-03-26 | #56, 2002-03-27 | #57, 2002-03-28


«ՇԻՐԱԿ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՇԵՆՔԸ ԿԱՊԱՄՈՆՏԱԺՎԻ

Շուտով Գյումրին հրաժեշտ կտա քաղաքի ճարտարապետական դեմքը որոշող կարեւոր կառույցներից մեկինՙ «Շիրակ» բազմահարկ հյուրանոցին։ Երկրաշարժից հետո այսքան տարի լքված 12 հարկանի շենքի միջնահարկերի առանձին հատվածներում ծածկասալերի փլուզման վերջերս տեղի ունեցած դեպքերից հետո որպես հարկադրական քայլ որոշվել է շենքն ապամոնտաժելՙ ամբողջ կառույցի լրիվ կամ մասնակի ինքնափլուզման հնարավոր վտանգից խուսափելու համար։ Այժմ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, իսկ բուն ապամոնտաժումը հավանաբար կսկսվի մի քանի օրից։

Քաղաքի երբեմնի լավագույն հյուրանոցը, որ 60¬70-ական թվականների գեղեցիկ ու ժամանակակից կառույց էր, իր դիմաց գտնվող Բարեկամության այգու հետ ներդաշնակորեն ամբողջացնում էր Աստղի հրապարակի համայնապատկերըՙ իրենով շուք հաղորդելով նրան։ Դա քաղաքի այն հատուկենտ բարձրահարկերից էր, որոնք 88-ի երկրաշարժը խնայեց, եւ առաջին հերթին, թերեւս, ամուր ու ճիշտ կառուցված լինելու պատճառով։ Սակայն այստեղ էլ այն, ինչ չէր արել կույր տարերքը, արեցին սրտացավ տիրոջ բացակայությունն ու մարդկային ավերող ձեռքը։ Այն ոչ քիչ գումարները, որոնք այժմ հարկադրաբար ծախսվելու են այս խոշոր կառույցի վնասազերծման համար, ժամանակին կարելի էր ուղղել շենքի վերականգնման-վերակառուցմանը (որի համար նախագիծ էլ է կազմված եղել) կամ գոնե այն ինչպես հարկն է պահպանելուն մինչեւ լավ ժամանակներ։ Բայց որեւէ նման փորձ այդպես էլ չարվեց, եւ անտերության մատնված հսկա շինությանը իշխանությունների անտարբեր աչքի առաջ այսքան տարի «տիրություն» արեցին թալանի սիրահարները, բետոնե սալերը քանդող ու ամրաններ գողացողները։ Մնացածը երեւի դժվար չէ պատկերացնել։

Հյուրանոցի խնդրով այժմ զբաղվում են հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, արտակարգ իրավիճակների վարչությունը, Շիրակի մարզպետարանը։ Կատարվելիք բավականին բարդ աշխատանքի համար նախագիծ է կազմվել, շենքի շուրջը ստեղծվել է անվտանգության գոտի, նրա դիմացՙ Գարեգին Նժդեհի պողոտայի սկզբնամասում դադարեցվել է տրանսպորտի եւ հետիոտնի երթեւեկությունը։ Ապամոնտաժումը կկատարվի շենքի մոտ կանգնեցվելիք աշտարակային կռունկի միջոցով, որովհետեւ երկրաշարժից հետո քաղաքում աշխատած եւ հետո այստեղ մնացած ճապոնական «Կատո» մակնիշի երկարասլաք ամբարձիչներից ոչ մեկը տեղում չի հաջողվել գտնել։ Շենքը հավանաբար կիջեցվի մինչեւ առաջին հարկի մակարդակը։ Ենթադրվում է, որ այդ աշխատանքը կտեւի մոտ երեք ամիս։

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4