Աղետյալ Գյումրին անհնար է ոտքի կանգնեցնել առանց քաղաքի արդյունաբերության վերականգնման։ Սակայն դրան ուղղված պետական քաղաքականություն այդպես էլ չկա, իսկ վերջին մեկ-երկու տարում երբեմն ի հայտ եկած առանձին ձեռնարկումներն էլ համարյա ամեն անգամ կամ խոսակցություններից այն կողմ չեն անցել, կամ մնացել են կես-ճանապարհին։ Այս պայմաններում որոշ հույս էր անցյալ տարի քաղաքի երկու ձեռնարկություններիՙ մանվածքային ֆաբրիկայի եւ ապակու գործարանի մասնակի վերագործարկումը։ Եթե դրանցից առաջինն այսպես թե այնպես աշխատում է, ապա ապակու գործարանի վերագործարկումն առ այսօր չգիտես խաբկա՞նք է, թե՞ իրականություն։ Անցած ժամանակամիջոցում գործարանի արտադրությունը մեկնարկային վիճակի բերած եւ գործի գցած ապակեգործներն արդեն բավական ժամանակ նորից փակուղու առաջ են կանգնել։ Պատճառն այն է, որ ձեռնարկության համար որպես ներդնող հանդես եկած «Թի-Էմ-Ջի» ընկերության նախագահ, ներկայումս Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Տիգրան Մարտիրոսյանը չի կատարում ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքած պայմանագրով ստանձնած ֆինանսական պարտավորությունները, ինչն անհրաժեշտ է ձեռնարկության կարգավիճակի վերջնական որոշման եւ արտադրության հետագա ծավալման համար։ Ավելինՙ ստացվում է, որ ձեռնարկությունում մինչեւ այժմ կատարվածն էլ ըստ էության արվել է ոչ թե խոստացված ներդրումների, այլ եղած նյութական արժեքների օտարման ճանապարհով։ «Թի-Էմ-Ջի»-ի նախագահն ավելի քան 10 մլն դոլարի ներդրման ծրագիր էր ներկայացրել, որն էլ համապատասխան ուսումնասիրությունից հետո հավանության էր արժանացել կառավարությունում։ Մինչդեռ ընկերությունը սահմանված մինչեւ այս մարտի 1-ը ժամկետում չի վճարել անգամ իր բաժնետոմսերի արժեքըՙ 23 մլն դրամ։
Ստեղծված վիճակի մասին հերթական բողոք-ահազանգը գործարանի աշխատավորական կոլեկտիվի 62 անդամներ վերջերս ուղղել էին մարզում գործող կուսակցությունների համագործակցության մարմնինՙ «Շիրակի մարզային կուսակցական համաձայնությանը»։ Իսկ անցած հինգշաբթի կոլեկտիվի զգալի թվով անդամներ հավաքվել էին մարզպետարանումՙ փորձելով այնտեղ գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները։ Ի դեպ, նրանք այդ հարցերը չէին կարող տալ նշված ընկերության նախագահ Տիգրան Մարտիրոսյանին, քանի որ վերջինս արդեն մեկ ամիս քաղաքից բացակայում է։ Բանվորները բողոքում են, որ ընդամենը մի քանի օր են արտադրանք թողարկել, որ կատարած աշխատանքի դիմաց արդեն 5¬6 ամիս աշխատավարձ չեն ստացել, որ գործարանը թալանվում է... Պետական հանձնաժողովը տեղում ուսումնասիրել է, արդյունքներն առայժմ հրապարակված չեն։ Հայտնի է, որ ընկերությունը պետբյուջեի մասով որեւէ պարտավորություն չի կատարել, որ գործարանը լուրջ խնդիրներ ունի գազամատակարարող ձեռնարկության, էլցանցի հետ եւ այլն։ Հայտնվել է, որ խնդրով զբաղվում է նաեւ դատախազությունը։
Իսկ ապակեգործներին խորհուրդ է տրվել առայժմ սպասել մինչեւ ապրիլի 1-ը։ Դա այն ժամկետն է, որում «Թի-Էմ-Ջի» ընկերությունն ըստ ժամանակացույցի դեռ կարող է վճարել բաժնետոմսերի արժեքը, այս անգամ արդենՙ տույժերով ու տուգանքներով հանդերձ։ Սպասենք...
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ