«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2002-03-26 | #56, 2002-03-27 | #57, 2002-03-28


ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ.

«Թատրոնը մարդկային ամենամեծ հայտնագործությունն է»

Երեկ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Չարենցի սրահում տեղի ունեցավ վաստակավոր դերասան Խորեն Աբրահամյանի հանդիպումն ուսանողության հետ։ Այն կազմակերպել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսխորհուրդը։ Հանդիպման ընթացքում Խորեն Աբրահամյանը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք առնչվում էին եւ նրա էության բացահայտման, եւ նրա դերասանական արվեստի հետ։ Իր խոսքում նա նշեց, որ «թատրոնը առանձին երեւույթ չէ, որ ցանես ու դուրս գա, թատրոնը մարդկային ամենամեծ հայտնագործությունն է, եւ այն կարող է փոխել նույնիսկ մարդու կյանքը։ Թղթի վրա գրված սցենարներից ձեւավորվում են մարդկային կերպարներ, այլ կերպ ասածՙ դերը ծննդաբերության պես մի բան է»։

Նրա կարծիքով, լրագրողները եւ դերասաններն իրար նման մասնագետներ են. երկուսն էլ շփվում են մարդու հետ։

Զրույցի ընթացքում նա աչքի ընկավ ոչ միայն բարձր ինտելեկտով, խոհափիլիսոփայական մտածողությամբ, այլ նաեւ հումորի մեծ զգացումով. «Վերջին բանը, որ կորցնելու լինենք այս աշխարհում, թող հումորը լինի, առանց դրա զարհուրելի կլինի աշխարհը...»։

Վերջում նա բոլոր ուսանողներինՙ որպես իր ցանկալի հյուրերի, հրավիրեց ներկա գտնվելու «Խոր Վիրապ» ներկայացմանը։ Ուսանողների հիշողության մեջ կմնան մեծ դերասանի խոհուն մտքերը եւ բարի մաղթանքները։

ՄԱՐԻԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4