«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2002-03-27 | #57, 2002-03-28 | #58, 2002-03-29


ՄԱՐԴԻԿ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՈՒՆԸ ՇԻՆԵԼ

Եղան ՀՌԱԿ նորագիրներ, ստեղծվեցին ակումբներ

Էս երկիրն, ի վերջո, երկիր պիտի դառնա՞։ Ամեն մարդ իր տեղում պիտի լինի՞։ Սուտ ու պատիր խոսքերից պիտի ազատվե՞նք։ Իհարկեՙ կասի ամեն ոք։ Բայց ոչ ամեն մեկն է, որ խոսքից հեռու չի գնում։

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը պարզ ու շիտակ մի բան է ասումՙ մեր երկիրը մենք ենք շինելու, մեր երկիրը մենք ենք երկիր դարձնելու։ Օտար ափերից եկած ոչ մի շիկահեր կամ նեղաչք մեր տունը չի վերաշինելու։ Գյուղում ապրող մարդն այսօր բողոքում է, քաղաքում ապրող մարդը բողոքում է։ Բայց, դե, բողոքելով ո՞ւր պիտի հասնենք, ինչի՞ պիտի հասնենք։

Երբ Երեւան քաղաքից դուրս ես գալիս, ամեն մի քաղաքական, սոցիալական, հասարակական հարց ավելի պարզ է դառնում, ավելի հստակվում։ Այս անգամ եւս, երբ եղանք Արարատի մարզի մի շարք բնակավայրերում։ Խոսում ես մարդկանց հետ եւ զգում, որ ուժ ունեն, ցանկություն, նպատակ ունեն իրենց տունը շեն տեսնելու համար։ Բայց այնքան են խճճվել քաղաքական բարդ խաղերում, որ դժվարանում են հավատալ որեւէ մեկին։

¬ Մերՙ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը հեղափոխական վերափոխումների, կտրուկ շրջադարձերի կողմնակից չէ, ասում է ՀՌԱԿ Հանրապետական վարչության փոխատենապետ Հարություն Առաքելյանը։ Մենք կողմ ենք հավասարաչափ, համաչափ տնտեսական, հասարակական ու քաղաքական զարգացմանը։ Տնտեսական ազատ հարաբերություններում մեր երկրի ամեն քաղաքացի հնարավորություն ունի լուծել ե՛ւ իր, ե՛ւ իր ընտանիքի, ե՛ւ երկրի հարցերը, այն հիմնախնդիրները, որոնք այսօր արգելակում են մեր առաջընթացը։

ՀՌԱԿ «Ազատական» ակումբի ատենապետ, իրավագիտության թեկնածու Վահագն Փիլիպոսյանն Արարատի շրջանում երեկ կայացած հանդիպումների ժամանակ նշեց, որ այսօրվա մեր իրականության մեջ մեզանից ամեն մեկն իրեն երկրի ղեկավարի աթոռին նստած է տեսնում։ Եվ շատ ու շատերին թվում է, թե իրենք ընտրյալներ են եւ ոչ մի օրենք իրենց համար չի գրված։ Սակայն ժամանակն է սթափ մտածելու։ Ամեն ինչ պետք է արվի համբերատար, հանգիստ, անընդհատ զարգացումների ձեւով։

Այս այցելության ժամանակ, անշուշտ, Արարատի մարզի բնակավայրերի բնակիչներին հետաքրքրում էին նաեւ անմիջապես իրենց հետ կապված հարցերը։ Իրենց համար ինչպիսի՞ պայմաններ են ստեղծվելու անհատական, ազատ ձեռներեցության համար, ի՞նչ երաշխիքներ կան մեր վաղվա օրվա համար։ Մարդիկ իսկապես մեծ ցանկություն ունեին ՀՌԱԿ-ին անդամակցելու, սակայն ցանկանում են իմանալ կուսակցության ղեկավարության կողմնորոշիչները, հատկապես քաղաքական դաշտում։ Իսկ այդ կողմնորոշումը հստակ է։

¬ Մեր կուսակցությունն անվերապահորեն պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, հանդիպումների ժամանակ ասաց ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը։ Մենք կողմ ենք երկրի հավասարակշիռ, առանց հեղափոխական ճիգերի ու վայրիվերումների զարգացմանը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը հենց այդպիսի քաղաքականություն է վարում։ Մամուլի, հեռուստատեսության որոշ միջոցներ շարունակում են թունոտ կերպով քննադատել մեր իրականությունը, ոչ մի առաջարկ չներկայացնելով, երկրի տնտեսական զարգացման ոչ մի ծրագիր չառաջարկելով։ Տեսեք, թե ինչ է կատարվում. միտինգներ են գումարվում։ Սակայն մի՞թե միտինգներով որեւէ հարց լուծվել է։ Բացի էժան ժողովրդականություն կամ թերմացք ստանալուց միտինգի նախաձեռնողներն ու կազմակերպիչները ոչինչ չեն ստանում։ ՀՌԱԿ-ը հեռու է այսպիսի քաղաքական ուղղորդվածությունից։ Սա հենց ամրագրված է մեր կուսակցության երդումի տեքստում. ՀՌԱԿ-ին անդամակցել ցանկացող ամեն ոք երդվում է հավատարիմ լինել ոչ թե կուսակցությանը, այլՙ ազգին։

Արարատի մարզի բնակավայրերումՙ Վեդի քաղաքում, Ազատավան, Մասիս, Դիմիտրով, Հովտաշեն, Այնթապ գյուղերում հանդիպումների ժամանակ ՀՌԱԿ-ի շարքերը համալրեց 89 մարդ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ, ըստ իրենց, նրանք հավատում են ազատական գաղափարախոսությանը, որովհետեւ մարդիկ չեն ուզում եւ չեն կարող ապրել արտասահմաններից եկող օգնություններով, որովհետեւ ուզում են իրենց ձեռքերով, իրենց ուժերով, իրենց խելամտությամբ շինել իրենց երկիրը։

Պատահական չէ, որ ՀՌԱԿ-ի շարքերը մարզերում համալրում են մտավորականության ներկայացուցիչները, գյուղացիները։ Նաեւՙ պաշտոնատար աձինք։ Այնթապի գյուղապետ Լեւոն Թարվերդյանն ասաց. «Առաջիններից մեկը ես կլինեմ այս կուսակցության անդամ»։

Այցելության ընթացքում ՀՌԱԿ ներկայացուցիչները քաղաքավարական այց կատարեցին Վեդու քաղաքապետին, Մասիսի, Հովտաշենի եւ Այնթապի գյուղապետներին։

ՀՌԱԿ «Վեդի» ակումբի անդամներին երեկ միացան եւս 15 նորագիրներ, իսկ վերոհիշյալ գյուղերում ոչ միայն նորագիրներ եղան, այլեւ ստեղծվեցին ակումբներ։

Ս. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4