Երեկ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին իրենց առաջարկների փաթեթը ներկայացրին 35, 37, 44 եւ 21 դեցիմետրային հաճախականություններին հավակնող ընկերությունները։
35-րդ ալիքի համար պայքարում են «Յան TV-ն», «Նոյյան տապանը», «Շողակաթը», 37-ի համարՙ «Շարմը», «Մելտեքսը» («Ա1+») եւ «Դոֆին TV-ն», 44-ի համարՙ «Շարկը», «Ավետիսը», 21-իՙ «Հայրենիք» հեռուստաընկերությունը։
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը լսեց յուրաքանչյուր ընկերության ներկայացուցչի ելույթը, մինչ այժմ կատարվածի ներկայությամբ եւ ապագա հեռուստատեսության պատկերացմամբՙ ստեղծագործականից մինչ ֆինանսական հարցերը։ Գրեթե բոլոր ընկերությունները ծանոթ են հասարակությանն իրենց արտադրանքով, տարբեր հեռուստաալիքներով ունեցած հաղորդումներով։ Գործող «Ա1+» եւ «Ավետիս» հեռուստաընկերություններն իրենց իսկ ունեցած հաճախականությունների համար են մրցապայքարի մեջ մտել այլ ընկերությունների հետ (գործող է նաեւ «Հայրենիքը», սակայն այստեղ մրցապայքարի մասին խոսելն ավելորդ է. «Հայրենիքը» միակն է, որ հավակնում է 21-րդ հաճախականությանը)։
Հանձնաժողովը հիմնվելու է այն գրավոր առաջարկներին, որ ներկայացրել են հաճախականություններին հավակնող ընկերությունները։ Դրանք կքննարկվեն առաջիկա օրերին։ Ապրիլի սկզբին կհայտարարվեն մրցույթների հաղթողները։
Դժվար չէ ենթադրել, որ դրանից հետո դժգոհություններ եւս կլինեն։ Սակայն «Ա1+»-ի հոռետեսական տրամադրություններն արդեն հայտնի են, երեկ եւս բացառություն չէր։ 37-րդ հաճախականության համար պայքարող «Դոֆին TV» ընկերությունը հաջողություն ունենալու դեպքում հանրային մոդելի հեռուստատեսություն է պատրաստվում ստեղծել։ Հեռուստատեսային արտադրությամբ դեռեւս անհայտ ընկերության տնօրենի համոզմամբ, ֆինանսական միջոցները բավարար կլինեն բարձրորակ հեռուստաալիք ստեղծելու, հետագայում մինչեւ 240 աշխատակիցներինՙ միջինը 150 դոլար վճարելու համար։ «Շարմ» ընկերությունն իր բիզնես պլանն ավելի շատ ստեղծագործական տեսանկյունից ներկայացրեց։ 55 բարձրորակ մասնագետներ ունի ընկերությունը, որոնք էլ կապահովեն եթերը։ «Ա1+»-ը, թերեւս, ներկայացման կարիք չունի, որովհետեւ եթերում է։ Հեռուստաընկերության ներկայացուցիչներն ալիքը բնութագրեցին որպես լրատվական ուղղվածություն ունեցող։ Նրանց կողմից բազմիցս նշվեց, որ «Ա1+»-ի լրատվությունն անաչառ է, հեռուստաընկերություննՙ անկախ։ Սա պնդում է, որին կարող է հավատալ ներքաղաքական իրավիճակին անտեղյակ հեռուստադիտողը (եթերից եւս փորձում են անաչառության պատրանք ստեղծել), բայց ոչ ներկաներից որեւէ մեկը։ Օպերատիվ, մյուս լրատվական ծրագրերը չկրկնող, բայց ոչ անաչառ եւ ոչ անկախ։ Մեկ թիրախ ունեցող քննադատությունը չի նշանակում անաչառություն։
Ակնհայտ է, որ «Ա1+»-ը մրցույթն ամեն կերպ քաղաքականացնել է ուզումՙ անընդհատ որպես զոհ ներկայանալով։ Տպավորություն է ստեղծվում, որ 37-րդ հաճախականության ներկայիս տերերը համոզված են, որ շուտով կորցնելու են այն։ Իսկ կայացած հեռուստաընկերության կեցվածքն այլ բան է ենթադրում։
«Ա1+»-ը երեկ մրցույթին «հայավարի» էր ներկայացելՙ որպես թիկնապահներ իր հետ բերելով քաղաքական պաշտպաններին. Վիկտոր Դալլաքյան, Մանուկ Գասպարյան, Հայկ Բաբուխանյան, Արշակ Սադոյան... Պաշտպանների շարքը լրացնում էր ալեհեր մի ծերունիՙ հեռուստաընկերությունը պաշտպանող բացականչություններով, ինչը, հավանաբար, նախատեսված էր սցենարով։
Ինչեւէ, մի քանի օրից հայտնի կդառնան հեռուստատեսային հաճախականությունների նոր տերերը։ Գուցե «Ա1+»-ի տնօրենն, ինչպես ինքն ասաց, իսկապես զղջա բարձրացրած աղմուկի համար, իսկ առայժմ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն ասում է, որ տեղի ունեցածը չի կարող ներազդել իրենց որոշման վրա. «Բավական ներքին ուժ ունեմ օբյեկտիվ լինելու համար»։
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ