«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2002-03-27 | #57, 2002-03-28 | #58, 2002-03-29


ԲԱՔՎՈՒՄ ԵՐԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՎԵՐՀԻՇՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Սակայն համոզված են, որ նրա վերադարձը հնարավոր չէ

Ադրբեջանական լրատվամիջոցներում վերջին տարիներին առանցքային, վստահաբար կարող ենք ասելՙ ազգային հարց են եղել ու շարունակում են մնալ չորս թեմաներՙ փախստականներ, 20 տոկոս գրավյալ տարածքներ, Կասպիցի նավթի հեքիաթային պաշարներ, նախագահ Ալիեւի հիվանդություն։

Վերջին օրերին ադրբեջանական մամուլը երկրորդական պլան մղեց ազգային հարցի բնույթ ստացած վերոնշյալ չորս թեմաները եւ սեւեռվեց Հայաստանի առաջին նախագահ, «խաղաղության» կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի «մեծ» քաղաքականություն վերադառնալու հնարավորությունների վրա։ Նախապես համարձակվենք կանխատեսելՙ Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի թեման Ադրբեջանի համար դժվար թե դառնա ազգային հարց։

«Ազգը» մարտի 22-ի համարում («Լեւոն Տեր-Պետրոսյանի Բոստոն այցը դիտվում է իբրեւ քաղաքական ցատկահարթակ») գրել էր. «ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջիկա ապրիլի 18¬28-ը Բոստոն կատարելիք այցն ամերիկահայ քաղաքական եւ մամուլի շրջանակների կողմից դիտվում է որպես ցատկահարթակՙ դեպի «մեծ» քաղաքականություն նրա վերադարձի։ Հարվարդի համալսարանի հայ ուսանողական համայնքի հրավերով կատարելիք այդ այցը, վերոհիշյալ շրջանակներից ոմանց կարծիքով, նախկին նախագահին առիթ կտա վերադարձի «տպավորիչ» առաջին քայլն անելու, մանավանդ որ ապրիլի 20-ին Հարվարդի համալսարանի գիտական կենտրոնում նախատեսվում է նրա հրապարակային առաջին ելույթը 1998 թ. իշխանաթողությունից հետո։ Ուրիշներն առարկում են, որ նախկին նախագահն անցնող տարիներին բնավ էլ ձեռնածալ չի նստել։ Օգտագործելով երկրում տիրող բազմաթիվ դժվարությունները, վարագույրի հետեւից նա շարունակում էր ղեկավարել հակաքոչարյանական շարժումները, հակաիշխանական մամուլի ելույթները։ Նրանք հիշեցնում են նաեւ վերջին շրջանում Տեր-Պետրոսյանի կուլիսային ջանքերը ՀՀՇ-ամետ մանր ու միջին ուժերին ՀՀՇ-ի, այսինքնՙ իր շուրջը վերախմբավորելու ուղղությամբ»։

«Ազգի» ահա այս փոքրիկ հրապարակումն առիթ տվեց ադրբեջանական մամուլին, պետական, քաղաքական շրջանակներին անելու տարաբնույթ մեկնաբանություններ, վերլուծություններ։ Նման հրապարակումների մեխը հետեւյալն է. Բաքվում երանությամբ են վերհիշում Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակները, սակայն համոզված են, որ նրա վերադարձը հնարավոր չէ։

«Հայաստանի նախկին ղեկավարի մոտեցումներն աշխարհում եւ տարածաշրջանում տեղ գտնող գործընթացների նկատմամբ առավել իրատեսական էին։ Դա որոշակի իմաստով կարող էր ներգործություն ունենալ նաեւ ԼՂ խաղաղ բանակցությունների գործընթացի վրա։ Պաշտոնական Երեւանի այն հայտարարությունը, թե ԼՂ-ն պետք է անկախ լինի կամ միանա Հայաստանին, կասկած չի թողնում, որ կառուցողական բանակցությունների համար իրական հեռանկար չկա։ Այս նպատակով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձն իշխանության գլուխ ցանկալի կլիներ», նախօրեին հայտարարել է նախագահ Ալիեւի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը։

Դժբախտաբար, Ալիեւի «աջ» ձեռքի համարում ունեցող Մամեդովը չի որոշակիացրել, թե Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն կամ իշխանության գլուխ հատկապես ո՞ւմ համար ցանկալի կլիներ։ Բաքվի լավատեսությունից եւ անթաքույց խանդավառությունից մենք կարող ենք պարզապես ենթադրել, որ դա ցանկալի չէր լինի Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։

«Բաքվում նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի Բոստոն այցին հետեւում են հատուկ ուշադրությամբ եւ դրա հետ կապում մեծ հույսեր։ Հայաստանի նախկին նախագահի հրաժարականն այն ժամանակ գնահատվեց որպես խաղաղության կուսակցության պարտություն ղարաբաղյան խնդրի կարգավորման ենթատեքստում։ Մինչ իր հրաժարականը Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «ապագայում Հայաստանը խնդրելու է, որ տրվեն (Հայաստանին) այն պայմանները, որոնք այսօր առաջարկվում են»։ Հենց այս ֆրազը դարձավ Տեր-Պետրոսյանի քաղաքական կարիերայի վերջի սկիզբը», մարտի 28-ի համարում գրում է Բաքվի «Զերկալոն»։

«Տեր-Պետրոսյանի վերադարձն իշխանության բացառվում է։ Եթե հանգուցյալ Էլչիբեյը եւ Գամսախուրդիան չմահանային, նրանք կարո՞ղ էին իշխանության գալ։ Անշուշտ, ոչ։ Այդպես էլ Տեր-Պետրոսյանը։ Այդպիսի քաղաքական գործիչները վաղուց են իրենց դերը խաղացել, եւ նրանց վերադարձն անհնար է։ Նրան (Տեր-Պետրոսյանին) հիշում են հարգանքով, բայց պատմությունը չի կրկնվում», ասել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Զարդուշտ Ալիզադենՙ համոզմունք հայտնելով, թե ԼՂ հակամարտության կարգավորման առումով Տեր-Պետրոսյանի վերադարձը դրական չէ։ «Առաջին հերթին մենք ինքներս պետք է փոխվենք։ Մենք պետք է ուժեղ դառնանք։ Հակառակ դեպքում, Ղարաբաղում մեզ սպասում է ոչ արժանապատիվ խաղաղություն», ասել է Ալիզադեն, որի կուսակցությունն, ի դեպ, Ադրբեջանում միակն է, որ դեմ է արտահայտվում ղարաբաղյան հարցի ռազմական լուծմանը։ Համենայն դեպս, այդպես էր մինչեւ վերջերս։

Ինչպես երեւում է, Բաքվում երանությամբ, կարոտախտով են հիշում հարեւան հանրապետության նախկին նախագահի ժամանակները։ Հավանաբար դա նրանից է, որ Ադրբեջանում Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի հետ առանձնակի հույսեր չեն կապում։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4