Պարծենկոտությունը թերեւս մանուկներին բնորոշ գիծ է։ Սովորաբար պարծենկոտ են լինում այն երեխաները, որոնք հպարտանալու առիթներ առանձնապես չեն ունենում եւ ուրիշների կատարածները վերագրում են իրենց, եթե անգամ միայն ներկա են եղել տվյալ իրադարձությանը կամ չնչին մասնակցություն ունեցել դրան։ Սա հասկանալի է եւ բնական, սակայն երբ պարծենկոտության դրսեւորումները սկսում են ի հայտ գալ մեծահասակների մեջ, ապա երեւույթն առնվազն քմծիծաղ է առաջացնում։ Մանկական պարծենկոտության ախտանշաններն առանձնակի սրությամբ են արտահայտվել Մամուլի ազգային ակումբի (ՄԱԱ) հրավիրած վերջին հավաքի ժամանակ, երբ ՄԱԱ-ի «վարչությունը» եւ իրենց խիստ ընդդիմադիր ձեւացնող թերթերի ներկայացուցիչները որոշել էին «բողոքի ակցիա» կազմակերպել, պահանջելով շրջանառությունից հանել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը։ Նրանք, իհարկե, գիտեին, որ արդեն նման հավաքներ եղել էին, լրատվամիջոցներն իրենց միասնական կամքն արտահայտել էին, այդ թվում նաեւ Եվրախորհրդի փորձագետների հետ հանդիպման ժամանակ։ Գիտեին, որ իրենց այդ հավաքի պահին արդարադատության նախարարությունը, տեղի տալով ԶԼՄ-ների ճնշմանը, օրենքի նոր նախագիծ էր ներկայացրել եւ փաստորեն հրաժարվել նախկինից։ Սակայն հերթական անգամ ինքնագովազդվելու, հետին թվով հերոսանալու եւ հաջողության դափնիներն իրենց վերագրելու առիթը չցանկացան կորցնել։ Ավելին, հավաքի անիմաստությունը սքողելու համար նրանք զերծ չմնացին ցեխ շպրտելուց իրենց այն գործընկերների վրա, որոնք առաջինն էին ձայն բարձրացրել եւ տարել օրենքի նախագծի դեմ պայքարի ողջ ծանրությունը։
Բնորոշումները տարբեր էինՙ սկսած «դավաճան» պիտակից մինչեւ «խեղճ Աբովյանին» կարեկցելու սրտառուչ արտահայտությունը։ Փորձենք փաստով ցույց տալ իրական դավաճաններին, որոնք կամ ընդհանրապես չմասնակցեցին իրենց գրչակիցների պայքարին, կամ հետ կանգնեցին ճանապարհի կեսից։
Փետրվարի 21-ին տեղի ունեցավ ամենաներկայացուցչական ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի, այստեղ գործող արտասահմանյան լրագրողական կազմակերպությունները, գրեթե բոլոր լրատվամիջոցների ղեկավարները, բազմաթիվ լրագրողներ։ Հանդիպման նպատակն էր մինչ Եվրախորհրդի փորձագետների Հայաստան ժամանելը հստակեցնել լրագրողների տեսակետը կառավարության հաստատած օրենքի նախագծի վերաբերյալ։ Եվ պետք է ասել, որ միասնական մոտեցում ձեւավորվեց, ընդունվեցին հայտարարություն եւ դրան կից համապատասխան դիտողություններ ըստ առանձին հոդվածների։ Այդ փաստաթուղթը ստորագրած կազմակերպությունների ներկայացուցիչներից միայն Մամուլի ազգային ակումբի նախագահը հաջորդ օրը հրաժարվեց ստորագրությունից, առաջ քաշելով իր «սկզբունքայնությունը»։
Արդարադատության փոխնախարարի փոխարեն վիրավորված «Հայկական ժամանակին» դառնալով կցանկանայինք հիշեցնել, որ մամուլի ազատությունը սահմանափակող օրենքի նախագծի մերժողական առաջին հրապարակումները եղան «Ազգում» («Լիցենզիա լրատվական գործունեության համար», 8 փետրվարի, 2002 թ. եւ «Նոր օրենքը լուրջ սպառնալիք է լրատվամիջոցների համար», 9 փետրվարի 2002 թ.), այլ ոչ թե նախագիծը շրջանառությունից հանելու օրը «բողոքի ակցիա» կատարող «Հայկական ժամանակում»։
Սակայն վերջինս գոնե արդարադատության նախարարության երկրորդ նախագիծը «սկզբունքորեն նոր» համարեց, նշելով, որ «նոր նախագծում դրույթներ են հայտնվել խոսքի ազատության ապահովման երաշխիքների մասին» եւ նախորդ նախագծի վտանգավոր դրույթները հանված են։ Այլ է մամուլի ազատության մյուս «ջատագով» օրաթերթի պարագան։ «Առավոտի» կարծիքով, «իշխանամետ մամուլը գերադասեց խոնարհվել իշխանությունների առաջ եւ հրաժարվել խոսքի ազատության իր իրավունքը պաշտպանելուց»։ Հավանաբար, «իշխանամետ» ասելով թերթը նկատի ուներ «Հայկական ժամանակին», քանի որ նրանից բացի, «ԶԼ մասին» օրենքի երկրորդ նախագիծն առայժմ որեւէ այլ լրատվամիջոցի կողմից որեւէ գնահատականի, հատկապես դրական, չի արժանացել։
Ինչ վերաբերում է «Առավոտի» «խոսքի ազատության իր իրավունքը պաշտպանելուն», ապա, կարծում ենք, հարկ է կապել վերեւում հիշատակված դավաճանության թեմային։ «Առավոտը» որեւէ մասնակցություն չունեցավ «խոսքի ազատության իրավունքը պաշտպանելու» եւ մերժելի օրենքի նախագիծը հանելու իր գործընկերների պայքարինՙ սկսած նախագիծը կառավարության կողմից հաստատվելուց (փետրվարի 7-ից) մինչեւ շրջանառությունից հանելն ու երկրորդ նախագծի ներկայացումը (մարտի 28-ը)։ «Առավոտի» հարգարժան գլխավոր խմբագրին ոչ ոք չտեսավ այդ ընթացքում տեղի ունեցած լրագրողների, լրատվամիջոցների ղեկավարների եւ հասարակական կազմակերպությունների մի քանի հավաքներից որեւէ մեկում։
Գլխավոր խմբագիրն անգամ թղթակից չուղարկեց Եվրախորհրդի փորձագետների հետ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպմանը։ Սա ինչպե՞ս կարելի է բնութագրելՙ դավաճանությո՞ւն, թե՞ իշխանությունների առաջ խոնարհում եւ խոսքի ազատության իրավունքի պաշտպանությունից հրաժարում։ Ընտրությունը թողնում ենք գլխավոր խմբագրին։
Եվ վերջում, բոլոր հոխորտացողներին, պիտակավորման մասնագետներին, ճակատամարտը հեռվից դիտել սիրողներին, գործընկերներին թիկունքից հարվածողներին կցանկանայինք հիշեցնել, որ քաղաքական շահերից, իշխանություն-ընդդիմություն խաղերից, հավակնությունից բացի, գոյություն ունեն պարզ, մարդկային հարաբերություններ։ Հարկ է այնպես անել, որ փոփոխված հանգամանքներից հետո առանց ամաչելու նայենք միմյանց աչքերին։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ