«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2002-03-27 | #57, 2002-03-28 | #58, 2002-03-29


ՄԵՂՎԱԲՈՒՅԾՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ

Մի խումբ պրակտիկ մեղվաբույծներ, անվանի կենսաբաններ ու կենսաքիմիկոսներ, միավորվելով նախաձեռնող խմբի մեջ, ձեռնարկել են Մեղվաբույծների ազգային միության հիմնումը։ Ներկայացնում ենք գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի զրույցը նախաձեռնող խմբի անդամ, «Նեկտար մեղվաբուծական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Թելման Նազարյանի հետ։

¬ Ինչպե՞ս ծագեց մեղվաբույծների միավորման գաղափարը։

¬ Երբ 1987 թ. երկրում սկսվեց կոոպերատորների շարժումը, հինգ մեղվաբույծներ միացանք ու ստեղծեցինք «Նեկտար» կոոպերատիվը։ Սակայն ժամանակակից առաջադեմ մեղվաբուծության պահանջներն այլ են, իսկ մենք զգալիորեն հետ ենք մնացել։ Մեղվաբուծության մասին հայերեն գրականություն չկա։ Մեղուների բուժման կենտրոնի բացակայության պատճառով անկումը շատ մեծ է լինում։ Չկա իրավաբանական ծառայություն։ Մեղվաբույծների իրավունքներն ու շահերը պաշտպանող ոչ մի օրենք չկա։ 1996 թ. նախագահական ընտրություններից առաջ թերթի միջոցով հայտարարեցիՙ «Ո՛ր թեկնածուն կպաշտպանի մեր իրավունքները, մեղվաբույծներս պատրաստ ենք մեր ձայնը տալ նրա օգտին»։ Մեղվաբույծների վրա միանգամայն սխալ հարկեր են դրվում։ Օրինակ, ողջ աշխարհում ընդունված է, որ մեղվաբույծները փոշոտման համար գումար ստանան։ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Իսրայելում յուրաքանչյուր մեղվաընտանիքի համար վճարում են 50 դոլար, իսկ ահա մեզ մոտ յուրաքանչյուր մեղվաընտանիքի համար 1500 դրամ հարկ է պահանջվում։

¬ Վերջին չորս ամիսներին հանրապետության մարզերում մեղվաբուծական տարբեր կազմակերպություններ եք ստեղծել։ Ո՞րն էր նպատակը։

¬ Դրանք փաստորեն մարզային մասնաճյուղեր են, որոնք մեղվաբույծների առաջին համագումարում կմիավորվեն ազգային միության մեջ։ ԼՂՀ-ում ստեղծվել է «Արցախի մեղր արտադրողների միություն», որը եւս կմտնի ազգային միության մեջ։ ՀՀ եւ ԼՂՀ բնակլիմայական պայմանները հնարավորություն են ստեղծում կազմակերպելու բարձրորակ մեղվամթերքներիՙ մեղրի, ակնամոմի, ծաղկափոշու, մեղվակաթի, մեղվամոմի եւ մեղվաթույնի արտադրությունը։ Քանի որ չունենք ժամանակակից տեխնոլոգիաներ, այս մթերքները մենք չենք կարողանում արտադրել, ուստի մեղրի ինքնարժեքը խիստ բարձր է ստացվում։ Ազգային միությունը կարող է օգնել մեղվաբույծներին ներդնելու այս տեխնոլոգիաները։ Դրա շնորհիվ հնարավոր է կազմակերպել որոշ եզակի դեղանյութերի արտադրությունը։ Այս գործում մենք արդեն համագործակցում ենք առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի ավանդական բժշկության ամբիոնի մասնագետների հետ։ Նման միությունը, որը պետք է միավորի ՀՀ եւ ԼՂՀ մեղվաբույծներին, հնարավոր կդարձնի առանց խոշոր կապիտալ ներդրումների բացել աշխատատեղեր, պայքարել աղքատության եւ արտագաղթի դեմ։ Հայաստանի եւ Արցախի մեղրը իր որակական հատկանիշներով միջազգային մասշտաբով մրցունակ է։ Այն նախ կարելի է իրացնել հայկական գաղթօջախներում եւ ապահովել տարեկան շուրջ 100 միլիոն դոլարի հոսք։ Ձեր նշած մեղվաբուծական բազմաթիվ հասարակական կազմակերպությունները, չընկալելով ժամանակակից մեղվաբուծության պրակտիկ եւ գիտական խնդիրները, գործում են ցաքուցրիվ եւ խիստ անարդյունավետ, որի հետեւանքով էլ այս բնագավառը շատ ծանր վիճակում է։ Փաստորեն պակասում են մեղվաբուծության բնագավառի միասնական մեթոդիկայի կիրառումը, մեղվաբուժությունը, մեղվագույքի արտադրությունը, շուկայական արդի հարաբերությունները, միջաղգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես եւ բնագավառը սպասարկող ենթակառուցվածքը։ Հաշվի առնելով այս ամենը, նախաձեռնող խումբը, կենսաբանության դոկտոր, ակադեմիկոս Միքայել Բաբախանյանի գլխավորությամբ, ձեռնարկել է ազգային միության սեղծումը, որը կշտկի իրավիճակը։

¬ Գնորդը ոչ մի կերպ չի հասկանում, թե որն է որակյալ մեղրը, որը անորակը։ Ի վերջո, ամեն մի տեսակ ունի եւ բուժական իր նշանակությունը։

¬ Հայաստանյան մեղրը պոլիֆլոր է կոչվում եւ ստեղծվում է ավելի քան 600 նեկտարատար ծաղիկներից։ Եվրոպայում մեղրը մոնոֆլոր է, քանի որ մի տեսակի բույսից է քամվում նեկտարը։ Նման որակի ապահովման դեպքում էլ անտերության մեջ են հայտնվել մեր մեղվաբույծները։ Մեր լավագույն մեղրը վաճառվում է երկու հազար դրամով, իակ ռուսաստանյան մոնոֆլորըՙ ութ հազար դրամով։ Տարեկան մենք արտադրում ենք հազար տոննա մեղր, յուրաքանչյուր շնչինՙ կես կիլոգրամից էլ պակաս։ Դա 70 անգամ պակաս է սահմանված նորմայից։ Սակայն այս չնչին քանակությունը ամբողջությամբ չի վաճառվում։ Անշուշտ, պատճառներից մեկն էլ բնակչության գնողունակության անկումն է։ Օրերս Երեւանում կբացվի մեղրի վաճառքի ֆիրմային խանութ։ Հատուկ լաբորատորիան կստուգի որակը, ըստ որի էլ կգնահատիՙ բացառելով անորակ մեղրի մուտքը խանութ։ Մեղվապահները չպետք է մտահոգվեն մեղրի վաճառքով։

¬ Մեղուների հիվանդությունների պատճառով կորուստները չե՞ն նվազել։

¬ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում յուրաքանչյուր մեկ քառակուսի կիլոմետրին մեկ մեղվաընտանիք է ընկնում, որը 10 անգամ պակաս է 1990 թ. ցուցանիշից։ Փաստորեն բույսերը ամբողջությամբ չեն փոշոտվում։ Դրան զուգահեռ մեղուները չեն հասցնում հավաքել նեկտարի պաշարը։ Այս տեսանկյունից բնության կորուստները մեծ են, քանի որ մեղվաընտանիքները բնության հաշվեկշռի կարեւոր օղակներից են։ 15 տարի է, ինչ մեր երկրում դադարեցվել է մայրաբուծությունը, որը եւս ազդում է բերքատվության վրա։ Երբ նույն ընտանիքում են աճեցնում մայրը, մեղվաընտանիքը զգալի անկում է ունենում։ Մեր մեղվաբույծները միայն մեկ հիվանդություն են ճանաչում, այնինչ դրանք շատ են, ու յուրաքանչյուրն ունի բուժման իր մեթոդն ու դեղամիջոցները։ Մենք մտածում ենք նաեւ ժամանակակից մեղվաբուժության ներդրման մասին։ Մեղվաբուժության խնդիրներով կզբաղվի միությունըՙ ստանձնելով պատասխանատվությունը։ Իսկ մեղվաբույծն իրավունք չպետք է ունենա բուժելու հիվանդ մեղուներին։

¬ Երեւի պակաս կարեւոր չէ նաեւ մատուցման ձեւը։

¬ Անշուշտ, տարայավորումն ու փաթեթավորումը կարեւոր են։ Կստեղծենք տարայավորման արտադրություն, իսկ պիտակներին կնշվեն մեղրի տեսակն ու քաշը։ Էկոլոգիապես մեր մաքուր մեղրը բավականին առավելություններ ունի ամերիկյան ու եվրոպական մեղրի նկատմամբ, որն էլ հիմք կհանդիսանա միջազգային շուկա արտահանելու համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4