Նախագահներ Քոչարյանն ու Ակաեւը ճիշտ են համարում ԱՄՆ ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիային Հայաստանի եւ Կիրգիզիայի մասնակցությունը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Բիշքեկ
Բիշքեկի «Մանաս» օդանավակայան ժամանողների ուշադրությունն առաջին հերթին գրավում են ամերիկյան, հակաահաբեկչական կոալիցիայի մաս կազմող արեւմտյան այլ պետությունների ռազմական օդանավերը, կործանիչները։ Ե՛վ ԱՄՆ-ի, ե՛ւ Կիրգիզիայի իշխանությունները տարբեր առիթներով հավաստիացնում են, թե այս տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը ժամանակավոր է, բավական է ավարտին հասցվի հակաահաբեկչական պայքարը, եւ «յանկիները» կհեռանան։ Նման կարծիք են արտահայտում նաեւ Մոսկվայի իշխանությունները, ինչը, սակայն, ավելի շուտ մեկնաբանվում է որպես Ռուսաստանիՙ աշխարհաքաղաքական փոփոխություններին, առկա իրողություններին համակերպվելու փաստ։ Ավելի հստակՙ Ռուսաստանն ընդունում է Միջին Ասիայում իր պարտությունը ԱՄՆ-ից։
Հայաստանը եւ Կիրգիզիան Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) անդամ վեց պետություններից են, միեւնույն ժամանակ ե՛ւ Երեւանը, ե՛ւ Բիշքեկը սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ցանկություն հայտնեցին մաս կազմել ԱՄՆ հռչակած, ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիային։ Հակասություն չկա՞ միաժամանակ անվտանգության երկու համակարգերին մասնակցելու մեջ։
Լսենք Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Անվտանգության տարբեր համակարգերին համագործակցությունը եւ մասնակցությունը ժամանակակից պայմաններում պետք է դիտարկել ոչ թե «կամ... կամ», այլՙ «եւ... եւ» տեսանկյունից։ Հայաստանը եւ Կիրգիզիան ՀԱՊ-ի անդամ են, բայց դա չի նշանակում, թե ռազմատեխնիկական ոլորտում մենք չենք համագործակցում այն պետությունների հետ, որոնք ՀԱՊ-ի անդամ չեն։ Մի շարք դիրքորոշումներում, ուղղություններում մենք ունենք համագործակցության վառ արտահայտված ընդհանուր շահեր, եւ ես չեմ տեսնում շավիղները (վեկտոր) փոխելու իմաստ։ Եթե այն, ինչ այստեղ կատարվում է, ուղղված է տարածաշրջանում կայունության ապահովմանը, նշանակում էՙ դրական է։ Ավելին, երբ առկա է լայն հակաահաբեկչական կոալիցիա եւ ՀԱՊ-ի անդամ գրեթե բոլոր պետությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ուայդ հակաահաբեկչական կոմպանիային»։
Այդ հարցում Հայաստանի եւ Կիրգիզիայի դիրքորոշումները նույնն են։ Ինչպես Ռոբերտ Քոչարյանն ասաց, փոքր պետությունները, ինչպես Հայաստանը եւ Կիրգիզիան, մեծ տերությունների շահերի հարցում միշտ պետք է պահպանեն հավասարակշռությունը։ «Մենք ՀԱՊ-ի անդամ ենք, որտեղ կա մեր մեծ հարեւանըՙ Ռուսաստանը։ Կիրգիզիան նաեւ Շանհայի համագործակցության (ՇՀ) անդամ է, ինչպես Ռուսաստանն ու Չինաստանը։ Մենք միշտ պետք է ձեռնարկենք քայլեր, որոնք կհավասարակշռեին մեծ տերությունների շահերը։ Մինչեւ սեպտեմբերի 11-ը ահաբեկչությունների դեմ քայլեր ձեռնարկել ենք։ 2001 թ. Երեւանում կայացած ՀԱՊ-ի գագաթաժողովում որոշում կայացվեց ձեւավորել արագ արձագանքման ուժեր միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար»։ Ասկար Ակաեւը մեկ անգամ եւս շեշտեց, որ Կիրգիզիայում ամերիկյան, հակաահաբեկչական կոալիցիայի անդամ պետությունների ռազմական ներկայությունը բացառապես ժամանակավոր է, «ժամանակավոր, լրացուցիչ վահան է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»։
Ապրիլի 4-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, սկսվեց Հայաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը Կիրգիզիա։ Քոչարյան-Ակաեւ առանձնազրույցի ընթացքում, ինչպես համատեղ մամլո ասուլիսում նշեց Հայաստանի նախագահը, քննարկվել են հայ-կիրգիզական երկկողմ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջաններումՙ Անդրկովկասում եւ Միջին Ասիայում վերջին շրջանում կատարվող զարգացումներին։ Նախագահ Ակաեւը չորս անգամ տարբեր առիթներով հիշեցրեց եւ շնորհակալություն հայտնեց Հայաստանին, որ մեր պետությունը 1999 թ. Կիրգիզիային անհատույց ռազմատեխնիկական օգնություն տրամադրեց ահաբեկչության դեմ պայքարում։ Ինչպես հայտնի է, այդ տարվա ամռանը, ապա մեկ տարի անցՙ 2000 թ., Բատկենի շրջանում բույն դրած ահաբեկիչները սպառնում էին Բիշքեկի իշխանություններին։ Հայաստանը ՀԱՊ-ի անդամ առաջին պետությունն էր, որ արձագանքեց եւ անհատույց օգնություն տրամադրեց Կիրգիզիային։ «Բարեկամին ճանաչում են աղետի ժամանակ», ասաց Ակաեւը։ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ Բիշքեկ անունը հայերի մեջ նույնացվում է խաղաղության հետ։ Հենց այս քաղաքում, 1994 թ. մայիսին ստորագրվեց ղարաբաղյան պատերազմի դադարեցման պայմանագիրը, եւ արդեն ութ տարի ղարաբաղա-ադրբեջանական ճակատում խաղաղ է։
Քոչարյան-Ակաեւ առանձնազրույցին հետեւեց երկու պետությունների կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա ստորագրվեցին չորս պայմանագրեր. բարեկամության եւ համագործակցության պայմանագիր ռազմատեխնիկական ոլորտում կառավարությունների համագործակցության, օդային հաղորդակցության հաստատման եւ կրկնակի հարկումից խուսափելու մասին։
Երեկ Հայաստանի նախագահը հանդիպեց նաեւ Կիրգիզիայի խորհրդարանի նախագահ Ա. Էրկեբաեւի, երեկոյանՙ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այսօր նախագահ Քոչարյանի պաշտոնական այցի վերջին օրն է։ Նախատեսված է հանդիպում վարչապետ Կ. Բակիեւի հետ, այցելություն «Բիշքեկ» ազատ տնտեսական գոտի, ինչպես նաեւ «Ալա-Արչա» բուսաբանական այգի։
Այցի մյուս մանրամասներին, մասնավորապես հայ-կիրգիզական տնտեսական հարաբերությունների հեռանկարին, կանդրադառնանք «Ազգի» վաղվա համարում։
Այսօր երեկոյան Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան։