«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2002-04-03 | #62, 2002-04-04 | #63, 2002-04-05


ՎԿԱՆԵՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

«Շեյթանը» կրկին գործող անձ

Մ. Սաղաթելյանի գործով դատարան ներկայացած հերթական վկանՙ Արսեն Մագաուզյանը, ներկայումս ներքին զորքերի հրամանատարի տեղակալն է։ Նա ցուցմունք տվեց Մ. Սաղաթելյանին ՆԳՆ Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարանի պետ նշանակելու համար պատրաստված կադրային նյութերի կապակցությամբ։

Վկան 1991-ին աշխատել է ՆԳՆ կադրերի բաժնում որպես ավագ տեսուչ։ Իր անմիջական պետի հանձնարարությամբ նա նախապատրաստել է Մ. Սաղաթելյանիՙ ՆԳՆ ընդունվելու համար անհրաժեշտ նյութերը. հարցաթերթիկ, ինքնակենսագրություն եւ այլն։ Այն ժամանակ որեւէ փաստաթուղթ, թե Մ. Սաղաթելյանը սովորում է Բելգորոդի ինստիտուտի 5-րդ կուրսում, չի ներկայացվել։ Վկան պատճառաբանեց, թե առաջին կոչումը (կրտսեր լեյտենանտ) ստանալու համար կրթությունը նշանակություն չուներՙ ըստ գործող օրենսդրության։

Ամբաստանյալը զարմանք հայտնեց, որ քր. գործից է տեղեկանում իր երբեւէ մայոր եղած լինելու մասին։

Վկան միայն ավելացրեց, որ եթե որպես կանոն անձնական գործերը կազմվում են 4¬6 ամսում, ներառյալ փորձաշրջանը, ապա Մ. Սաղաթելյանի դեպքում դա տեւել է 10¬12 օր։

Հաջորդ վկան Հուսիկ Բաղդասարյանն էր։ Նա նշեց, որ ամբաստանյալի հետ հարաբերությունները ջերմ, ընկերական են, նրան ճանաչում է 1989-ից կամ 1990-ից։ Աշխատել է ՊՆ-ում, 2000 թ.-ից որպես հատուկ հանձնարարությունների վարչության պետ։ Ապահովել եւ ապահովում է այժմ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի անվտանգությունը։

Վկան ցուցմունք տվեց «Շեյթանի» հետ կապված դրվագով։ Հուսիկ Բաղդասարյանը պատմեց, որ «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ եկած «Շեյթան» Հարություն Գրիգորյանը, մինչ Ալբերտ Բազեյանի հետ խոսելը, զրուցել է իր հետ։ Քանի որ Բազեյանը գրասենյակում չի եղել եւ եկել է միայն 30¬40 րոպե անց, այդ ընթացքում վկան խոսել է գործակալի հետՙ փորձելով պարզել կուսակցություն գալու նպատակը։

Ըստ Հ. Բաղդասարյանի, «Շեյթանը» նշել է, որ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների մասին տարբեր օպերատիվ տեղեկություններ է հաղորդել վերադասներին։ Բայց, ըստ գործակալի, դրանց մի մասը տեղ չի հասել կամ չի օգտագործվել։

Հ. Բաղդասարյանի (իր պատմելով) այն հարցին, թե Ալբերտ Բազեյանին ասելով գործակալը չի՞ վախենում արդյոք, պատասխանել է, որ բազմիցս դատապարտվել է, «նստելուց» չի վախենում, անգամ պատրաստ է մամուլի ասուլիս տալՙ իր տեղեկությունների կապակցությամբ։ Հ. Բաղդասարյանի մոտ որպես «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչներ էլ Հ. Գրիգորյանը նշել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի անուններն ու դաշնակցությանը։ Մանրամասն փաստերն էլ «Շեյթանը» որոշել է հայտնել անձամբ Ա. Բազեյանին։

30¬40 րոպեից եկած Ա. Բազեյանի հետ գործակալի զրույցից վկան տեղյակ չէր։ Միայն որոշ ժամանակ անց նա զանգահարել է Մ. Սաղաթելյանին, վերջինս հրավիրվել է որպես փորձառու մարդ։ Այդ ժամանակ Հ. Գրիգորյանի հետ ամբաստանյալը մի փոքր զրույց է ունեցել, պատռել է մինչ այդ գործակալի կատարած գրառումները եւ նրա հետ դուրս գնացել։ Կարճ ժամանակ անց Մ. Սաղաթելյանը վերադարձել էՙ արդեն մենակ։

Հուսիկ Բաղդասարյանը ցուցմունք տվեց նաեւ Միսակ Մկրտչյանի հետ սրճարանում պատահածի կապակցությամբ, ինչի մասին չէր խոսել նախաքննական ցուցմունքի ժամանակ։ Սա էլ բացատրեց նրանով, որ հարց չի տրվել այդ կապակցությամբ։

Վկան հայտնեց, որ երբ սրճարան եկան Միսակ Մկրտչյանն ու մի աղջիկ (Լուսինե Վահրամյան), ինքն է վրդովված ասել, թե ինչու է եկել եւ հրահանգել է վռնդել նրան։ (Այստեղ ամբաստանյալն ասաց. «Գործ չունես, գործ կհարուցեն»)։ Այս իրավիճակում ամբաստանյալը փորձել է կանխել հնարավոր անցանկալի հետեւանքները, ուստի ասել է Մ. Մկրտչյանին, որ վերջինս հեռանա։ Հուսիկ Բաղդասարյանին հարցեր ուղղելիս մեղադրող Կ. Փիլոյանը մի քանի անգամ բողոքեց դահլիճում ոմանց պահվածքի դեմ։ Պաշտպանն էլ իր հերթին արձագանքեց, թե նման պահվածքով նյարդային վիճակ է ստեղծվում։

Վկան, այնուամենայնիվ, պատասխանելով մեղադրողի եւ պաշտպանի հարցերին, նշեց, որ նախաքննությունը տարվել է «գործ սարքելու» նպատակով, իսկ քննիչն ուղղորդված հարցաքննություն էր անցկացնում։

Վկան նաեւ ավելացրեց, որ «Շեյթանի» հարցում ինքը կասկածներ է ունեցել, թե գործակալին ուղարկել են կուսակցության գրասենյակՙ իրեն անհայտ նպատակով։

Այս կապակցությամբ Մ. Սաղաթելյանը վկային հավաստեց. «Մի՛ մտածիր, ես դա կապացուցեմ»։ Ամբաստանյալը նաեւ հայտարարություն արեց. «Խնդրում եմ տեղազննություն կատարել (քանի որ պատվիրատունՙ Աղվան Հովսեփյանը, շատ էր շտապում եւ նախաքննության ընթացքում դա չի արել- Մ. Ս.) Միսակ Մկրտչյանի դրվագով հայտնի սրճարանում եւ պարզել, թե իրենց նստած տեղը զբոսայգի՞ է, թե՞ սրճարան»։

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4