«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2002-04-03 | #62, 2002-04-04 | #63, 2002-04-05


ԺՆԵՎԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Ապրիլի 2-ին ճանաչողական այցով Ստեփանակերտ էր ժամանել Ժնեւի կառավարության էկոնոմիկայի, զբաղվածության եւ արտաքին գործերի նախարար Կարլո Լամբրեշտը։ Այցը կազմակերպել էր ՀԲԸ Միության ժնեւյան գրասենյակը, որի նախագահ տիկին Թալին Ավագյանը ուղեկցում էր հյուրին։

Նույն օրվա երեկոյան նրան ընդունեցին ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը եւ ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Հանդիպումների ժամանակ արծարծվեցին տնտեսական եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Մասնավորապես, ԼՂՀ փոխարտգործնախարարը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակակից փուլը, ինչպես նաեւ հիմնախնդրի լուծման ղարաբաղյան կողմի դիրքորոշումը։ Խոսվեց նաեւ ԼՂՀ-ում ժողովրդավարության մակարդակի բարձրացմանն ուղղվածՙ հանրապետության ղեկավարության ձեռնարկած քայլերի մասին, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում հակամարտության կարգավորման համար։ Մ. Մայիլյանը նշեց, որ չնայած իրավաբանորեն չճանաչված լինելու հանգամանքին, ԼՂՀ-ն հետեւողականորեն իր օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու միջոցներ է ձեռնարկում։

Երեկ շվեյցարացի հյուրին ընդունեց նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։

ԼՂՀ նախագահը Կ. Լամբրեշտին ծանոթացրել է պարտադրված պատերազմի հետեւանքով հանրապետության տնտեսական համալիրում ստեղծված իրադրությանը։ Դա, ինչպես նշեց նախագահը, լուրջ բարդություններ է ստեղծում ԼՂՀ տնտեսական զարգացման համար։ Առաջնահերթ խնդիր է դարձել մարտական գործողություններից ավերված հանրապետության արտադրական ենթակառուցվածքի վերականգնումը։ Նշվել է նաեւ, որ ԼՂՀ չճանաչվածության պատճառով հանրապետությունը զրկված է միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալու հնարավորությունից։ Զրույցի ժամանակ կարեւորվել է Արցախի բնակավայրերի ջրամատակարարման բարելավման հարցը։ Հաշվի առնելով, որ ժնեւի կառավարությունը որոշակի փորձ ունի Հայաստանի Արտաշատի եւ Շիրակի մարզերում նմանատիպ նախագծերի իրագործմանն աջակցելու գործում, պրն Լամբրեշտը խոստացել է հայրենիք ժամանելուն պես ուսումնասիրել ԼՂՀ-ին նման օգնություն ցույց տալու հնարավորությունը։

Ժնեւցի նախարարը նույն օրը հանդիպել է նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ Համիկ Ավանեսյանի հետ։

Օրվա երկրորդ կեսին հյուրերը մեկնել են Ստեփանակերտից։

Կ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4