«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2002-04-06 | #65, 2002-04-09 | #66, 2002-04-10


ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԱՇԽԱՏԵՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջին հանդիպումը ծրագրվում է անցկացնել մայիսի կեսին։ Ինչպես լրագրողներին հայտնեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը, հանդիպումը կկայանա արեւելաեվրոպական պետություններից մեկի մայրաքաղաքում, ամենայն հավանականությամբ Պրահայում։

Ըստ Տրուբնիկովի, ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ֆորմատի ընդլայնման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գաղափարն ուղղված է բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանը։ «Մենք վաղուց արդեն երկու նախագահների ուղիղ երկխոսություն չենք տեսնում, այդ պատճառով համանախագահները հանդես եկան նախագահների լիազոր ներկայացուցիչների նշանակման առաջարկով, որոնք կաշխատեն Մինսկի խմբի երեք համանախագահների հետ»,¬ նշեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը։

Ըստ Տրուբնիկովի, կոնկրետ հարցերը, որոնք քննարկվելու են հանդիպմանը, դեռեւս գտնվում են մշակման փուլում։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորման բանաձեւերի մշակմանը, ապա նման կարգի որոշումները, ընդգծեց նա, «մնում են երկու նախագահներիՙ Քոչարյանի եւ Ալիեւի ուսերին»։

Ի պատասխան այն հարցի, թե ղարաբաղյան կարգավորման մեջ ուղղում չե՞ն մտցնի արդյոք տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր պայմանները, մասնավորապես ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը, Տրուբնիկովը նշեց, որ ըստ ամերիկյան կողմի հավաստիացումների, տարածաշրջանում մշտական ռազմական ներկայություն չի նախատեսվում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4