Վերջին օրերին որոշ քաղաքական ուժեր փորձում են նախընտրական պայքարի նպատակների համար հետեւողականորեն օգտագործել խոսքի ազատության եւ զանգվածային լրատվության միջոցների պաշտպանության հիմնահարցը։ Կազմակերպվում են հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ, ընդ որում, նաեւ այն ուժերի կողմից, որոնց համար խոսքի ազատությունն ու ժողովրդավարական մյուս արժեքները, մեղմ ասած, երբեւիցե չեն կարեւորվել։ Տպավորություն է ստեղծվում, թե այդ անձինք ավելի են շահագրգռված մեր ազատ գործելու երաշխիքների ապահովման հարցում, քան մենք ինքներսՙ լրագրողներս։
Ստիպված ենք չորրորդ իշխանության իրավունքների նորահայտ պաշտպաններին տեղեկացնել, որ իրենց «անհանգստությունը» ոչ միայն շատ դեպքերում որեւէ լուրջ հիմքեր չունի, այլեւ գնահատվում է մեր կողմից որպես ԶԼՄ-ների զուտ իրավական եւ օրենսդրական ոլորտներում գտնվող խնդիրները քաղաքական հարթություն տեղափոխելու, նրանց նախընտրական խաղերի մեջ ներքաշելու, արտաքին աշխարհում Հայաստանը որպես ոչ ժողովրդավարական երկիր ներկայացնելու միջոցով սեփական քաղաքական խնդիրները լուծելու փորձ։
Միայն այս կերպ ինքնադրսեւորվելու հնարավորություն ունեցող ուժերը վերջին օրերին օգտագործում են նաեւ «Ա1+» հեռուստաընկերության զուտ իրավական հարթության վրա գտնվող խնդիրը։ Ակնհայտ փորձեր են արվում ամեն կերպ քաղաքականացնել հարցը եւ բացառել այն իրավական հարթության վրա լուծելու հնարավորությունը։ Ավելին, նրանց ձեռնտու է ոչ թե խնդրի դրական լուծումը եւ մեր գործընկերների համար իրենց մասնագիտական պարտքը կատարելու պայմանների ապահովումը, այլ հարցը քաղաքական շահարկումների օրակարգում պահելու հնարավորությունը։
Մենք ցավով եւ ափսոսանքով ընդունեցինք մրցույթում «Ա1+»-ի պարտությունը։ Համոզված ենք, որ չնայած դրան, հեռուստաընկերությունն ունեցել է եւ կունենա իր արժանի տեղը Հայաստանի զանգվածային լրատվության դաշտում։ Անտարակույս, «Ա1+»-ի խնդրի լուծում ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ, սակայն միմիայն իրավական դաշտում։
Ստեղծված իրավիճակը պարտադրում է մեզՙ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներիս, հանդես գալ հայտարարությամբ.
¬ Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ եւ ԶԼՄ-ների գործունեության համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները,
¬ քաղաքական բոլոր ուժերին հորդորում ենք ձեռնպահ մնալ մեր անունից հանդես գալու, մեր խնդիրները քաղաքականացնելու եւ դրանք ինչ-ինչ սեփական նպատակներին ծառայեցնելու փորձերից։
Հայաստանի հանրային հեռուստատեսություն
«Պրոմեթեւս» հեռուստաընկերություն
«Արմենիա» հեռուստաընկերություն
«Ար» հեռուստաընկերություն
«Շանթ» հեռուստաընկերություն
«Երեւան» հեռուստաընկերություն
Հայաստանի հանրային ռադիոընկերություն
«Հայոց աշխարհ» օրաթերթ
«Ազգ» օրաթերթ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Գոլոս Արմենիի» թերթ
«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթ
«Նովոյե վրեմյա» թերթ
«Ժամանակ» շաբաթաթերթ
«Արմենպրես» լրատվ. գործակալություն
«Արմինֆո» լրատվ. գործակալություն
«Դե ֆակտո» լրատվ. գործակալություն