Հայաստանի վաստակավոր նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը 60-ականների այն սերնդից է, որոնք նոր շունչ ու բովանդակություն բերեցին ժամանակակից հայ արվեստ, այն հարստացնելով նոր ձեւերով ու գաղափարներով։ Ընդգծված ազգային խորքով, Գյումրվա հարուստ ու գունագեղ բառ ու բանով նկարիչն արդեն 70-ականների սկզբին մեր արվեստասեր հասարակայնության ուշադրությունը գրավեց կատարման առումով վերին աստիճանի բարդ, ֆլորենտական տեխնիկայով արված «Սասունցիների պարը» (4,0 մx 16,0 մ) խճանկար որմնանկարով, ուր օգտագործելով հայկական քարերի հարուստ երանգները, վերաստեղծեց մեր անխորտակ ոգին փառաբանող հոյակապ կոթող։
Ցավոք, 88-ի երկրաշարժը այս գործին էլ բաժին հանեց իր տված վնասներով ՙ դարձնելով այն անմատչելի դիտողի համար։
Բազում պարգեւների արժանացած նկարչի համար թերեւս կարեւորվում են 1994 եւ 1995 թթ., երբ Երեւանում եւ Գյումրիում բացվեցին նրա անհատական ցուցահանդեսները, ուր ամփոփված էին երեք տասնամյակի ընթացքում ստեղծված գործերը։ Ազգային խորը պատկերամտածողության եւ արդիական ձեւերի հարաբերումներն անակնկալի բերեցին շատերին, 88-ից հետո կարծես նկարիչը մի նոր ուժով եւ համարձակությամբ մտել էր ձեւերի մի նոր աշխարհ, ուր ժամանակի եւ տարածության գեղարվեստական ըմբռնումները ընդհանրական էին, վերացականի սահմաններին հասնող։ Կտրուկ փոխվել էր Ֆերդինանդի պատկերային մտածողությունըՙ մարդու եւ առարկայական աշխարհի ձեւերին տալով երկրաչափական, վերացարկված բնույթ։ Պարզ, հայեցողական, նկարագրական սկզբունքը, որը բնորոշ էր առաջին շրջանի ստեղծագործություններին, իր տեղը զիջում էր գունային ակտիվ մակերեսների բարդ հարաբերումների կոնստրուկտիվ հղացումներին։ Սակայն անհանգիստ, որոնող նկարիչը չբավարարվելով այս ամենով, մտնում է գեղարվեստական մի նոր համակարգի մեջ, ուր պահպանելով գունագծային ու հորինվածքային նախկին նվաճումները, պատկերային տարածք է ներմուծում զարդի եւ զարդապատման իր պատկերացումները։ Իր ֆուկցիոնալ տարրերով եւ բազմազանությամբ սակայն, զարդը այս նոր ստեղծագործություններում մնում է միայն որպես տարր, ձեւամիջոց, տարբեր գունամակերեսների ռիթմաշարի առանցք։ Գծա-օրնամենտալ բազմակերպ այս խաղերն ինչ-ինչ առնչություններ ունենալով ազգային եւ համաշխարհային զարդանկարչության հետ, Մանուկյանի գրաֆիկական թերթերում ենթակայական դեր են կատարումՙ նպաստելով կերպարի բացահայտմանն ու հարստացմանը։ Առանցքային թեման կին արարածն է, նրա մարմնական գեղեցկություններըՙ տարբեր դիրքերում եւ իրավիճակներում։ Մերթ դասական Լեդա է ու դիմակավորված, հովհարով է ու կերպարանափոխված, յուրաքանչյուրը ռեալ եւ երեւակայական միջավայրում։ Գրաֆիկական միջոցներով արված այս թերթերը (ջրաներկ, տուշ, գրչածայր...) բարձր գեղանկարչական հատկանիշներով են օժտվածՙ գույնի, նրբերանգների, ռիթմերի տեսանելի եւ անտեսանելի խաղերով։ Այս վիրտուոզ կատարումներում զարմացնում են նկարչի անսահման սերն ամեն մի փոքր մակերեսի, հատվածի եւ դրանց հանրագումարով ստեղծված պատկերի հանդեպ։ Միկրոսկոպիկ ճշգրտությամբ կատարված զարդը կամ զարդաշարը, հատվածը կամ ամբողջությունը հասցվում է համանվագային հնչեղության, ուր համադիր եւ հակադիր ակորդների միասնությունից մեր աչքերի առջեւ հառնում է այս գեղարվեստական փոքրիկ հրաշքը («Հովհարով աղջիկը», «Մերկըՙ ձիու վրա», «Սեր», «Երեք գեղանի»)։ 1999-2001-ին ստեղծված այս բացառիկ շարքը իր կատարման անասելի դժվարությամբ ու տիտանական աշխատանքով հիշեցնելու է կամ համեմատության եզրեր է ունենալու Հակոբ Կոջոյանի զարդապատման եղանակով արված հոյակապ գործերի հետ։ Ռեալ պատկերներից մինչեւ դեկորատիվ աբստրակցիայի սահմանները հասնող գործերում հորինվածքային ատաղձը աչքի է ընկնում կառուցիկությամբ, կոնստրուկտիվ եւ դեկորատիվ հարթությունների երկրաչափական հարաբերումներով, նուրբ կոլորիտային համադրումներից մինչեւ հնչեղ, լոկալ գունամակերեսներով դինամիկ փոխակերպումներ։ Գույնի, տոնի, գունագծի, ռիթմի վիրտուոզ խաղերը մեզ ստիպում են հիշել նաեւ պարսկական մանրանկարչության միջնադարյան փայլուն օրինակները, սակայն Ֆերդինանդի դեպքում մեր առջեւ հառնում են մեր ժողովրդական վարպետների ոճաձեւային սկզբունքների արդիական վերամարմնավորումները, որոնք արդեն գեղարվեստական նոր միջավայրում ստանում են բոլորովին այլ բնույթ եւ հնչեղություն։ Դարասկզբի եվրոպական մոդեռն ոճի այս ինքնատիպ, զուտ մանուկյանական «մեկնությունները» ընդգծված ազգային բնույթ ունեն եւ արդիական նկարագիր։ Ստատիկ եւ դինամիկ, աբստրահված եւ ռեալ, միաֆիգուր եւ բազմաֆիգուր բոլոր հորինվածքներում նախ եւ առաջ աչքի է ընկնում կատարյալ ավարտվածությունը, բոլոր մակերեսների հանդեպ նկարիչ գեղագետի մինչեւ վերջ ներդրվելու անզուսպ տրվածությունը։ Չկա մի գործ, ուր թերավարտվածությունը, պատահական լուծումները տեղ ունենան։ Ձեւական, կառուցվածքային դաշնության խնդիրները որակական ամենաբարձր ոլորտներում են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր աշխատանք էլիտար արժեք է ձեռք բերում, մեզ հուշելով արվեստի կարելիության անհուն սահմանները, նրա ներքին չբացահայտված հնարավորությունները։ Անցյալ տարի այս նույն շարքը նկարիչը ցուցադրել է ԱՄՆ-ում եւ ունեցել բացառիկ հաջողություն։
Այս հոյակապ նկարաշարի ցուցադրանքում նկարչի կամքով, շեշտելով նրա համազգային նշանակությունը, ցուցադրվում է նաեւ «Երկրաշարժ եւ վերածնունդ» (1996-97) մեծաչափ կտավը, որն արդեն մեզ տեղափոխում է 88-ի այն ողբերգական, դժնդակ պահերը, ուր վայրկյանների ընթացքում հողին հավասարվեցին քաղաքներ ու գյուղեր, զոհվեցին տասնյակ հազարավոր անմեղ համերկրացիներ։
Այդ մեծ ողբերգության իր բաժինն ունեցավ նաեւ Ֆ. Մանուկյանը, որի ծանր կսկիծը մինչեւ օրս չի սպիանում ոչ իր եւ ոչ էլ մեր ժողովրդի հիշողության մեջ։ Որպես իր ծննդավայրի հարազատ զավակ նա մտահղացավ մի գործ, որն այդ ողբերգությունը կվերածեր սրտապնդող, ապրեցնող հուշակոթողի։ Ամբողջ երկու տարի, չնայելով ցրտին ու մթին, համառորեն ու հետեւողականորեն փնտրում էր համազգային մեծ ողբերգությունն արվեստի լեզվով արտահայտող գեղարվեստական խոշոր կտավի լուծումները, բարդ խորհրդանշանների համակարգը, հաղթահարել հորինվածքային բազում բարդույթները։ Չէ՞ որ ողբի, լաց ու կոծի, արյան ներկայությունը նկարչի «բառապաշարում» բացակայում էին, նրան հուզողը ողբի ընդհանրականությունը բացահայտող նշաններն ու նշանային համակարգն էր։ Փորձի պակաս չուներ նկարիչը եւ իր արվեստային ողջ հմտությունները ներդրեց այս կարեւոր նկարում։
Հորիզոնական կոմպոզիցիայի առանցքը ավանդական խաչն է եւ նկարչի մտահղացմամբ ողջը խաչ է բարձրացել։ Կարծես նա մեզ հուշում է. կյանքը, ճշմարտությունը կարելի է սպանել, բայց հաղթելՙ անհնարին է։ Կերպավորման լեզուն պայմանական է, սակայն հմուտ «ռեժիսորի» ձեռքով արհավիրքի քաոսը վերածվում է համակարգված գեղարվեստական օրինաչափության։ Ֆ. Մանուկյանի համանվագային այս ստեղծագործությունն ընկալվում է որպես լույսի փառաբանման համանվագ, մարդկային կյանքի հարատեւության օրհներգ։ Եվ հուրախություն մեզ, Գյումրիի քաղաքապետարանի որոշմամբ (1997) քաղաքի կենտրոնում կառուցվելու է ճարտարապետական համալիր (ճարտ. Ռ. Հարությունյան), որի ճակատամասում դրվելու է խճանկար որմնանկարըՙ նորից ֆլորենտական խճանկարի տեխնիկայով։ Ֆ. Մանուկյանի վերոհիշյալ գործի փոքրաչափ նախանկարը մեծ հաջողությամբ ցուցադրվել է ինչպես Երեւանում, այնպես էլ Իտալիայում (Դանթեին նվիրված ցուցահանդեսում), ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ամենուր գրավելով օտար հանդիսատեսի ուշադրությունը։
Այս հերթական ցուցահանդեսը, որը բացվել է նկարիչների միությունում, ապրիլյան այս հրաշալի օրերին, վկայում է նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի ստեղծագործական վերելքը, վերելք, որը պատասխանում է նաեւ արվեստագետների եւ առհասարակ արվեստի պասսիվության մասին անտեղի, հաճախակի լսվող չափազանցված դժգոհություններին։
ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆ