Ապրիլի 11¬12-ն Ալմաթիում (Ղազախստան) կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 4-րդ նիստը, որին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի, Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարները եւ ՀԱՊ խորհրդի գլխավոր քարտուղար Վ. Նիկոլայենկոն։
Դիտորդի կարգավիճակով նիստին ներկա են եղել նաեւ Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի անվտանգության խորհուրդների ներկայացուցիչները։
Նիստի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման գործընթացում ՀԱՊ անդամ երկրների համագործակցության հարցերը, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, թմրանյութերի անօրինական շրջանառությանը, ապօրինի արտագաղթին եւ քրեական դրսեւորումներին վերաբերող խնդիրներ։
Կենտրոնական Ասիայում այլ պետությունների ռազմական ներկայության մեծացման առնչությամբ նիստի մասնակիցները շեշտեցին համաձայնեցված մոտեցումների մշակման, այդ թվում միջազգային իրավական ծրագրի անհրաժեշտությունը։
Նիստին մասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը։
ՀՀ ՊՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ