Մեր երեկվա համարում հրատարակված Մայր աթոռի հաղորդագրության մեջ Բեթղեհեմում Արմեն սարկավագ Սինանյանի վիրավորվելու պատճառների մասին ասվում էր, որ «կրակոցի պատճառները դեռեւս հստակ չեն»։ Երեկ Երուսաղեմի հայոց պատրիարքությունից մեր ստացած պաշտոնական հաղորդագրությունը որոշ մանրամասնություններ է ավելացնում, որոնցից կարելի է ենթադրել, որ 22 տարեկան քարահունջցի հայ սարկավագը վիրավորվել է իսրայելցի նշանառուի կրակից։ Հաղորդագրությունը նշում է, որ Արմեն սարկավագի ննջարանի պատուհանը ուղղակի նայում է դեպի Մանգըր հրապարակըՙ Բեթղեհեմի ուղղությամբ։ Վերջինս գրավված է իսրայելցի զինվորների կողմից։ Դեպքը պատահել է այն պահին, երբ Հայոց պատրիարքությունից բերված դեղորայքը հանձնվում էր Իսրայելի զինվորական անձնակազմին, որպեսզի վերջինս այն հանձներ, ըստ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, Բեթղեհեմի Հայոց վանքի վանահայր Ռազմիկ ծայրագույն վարդապետ Պողոսյանին։ Հայոց վանքը գտնվում է Սբ. Ծննդյան եկեղեցուն կից։ Միայն 4 հայ եկեղեցականներ եւ 4 աշխարհականներ են մնում այնտեղ եւ ոչ մի զինված անձ չկա, նշվում է հաղորդագրությունում։
Պատրիարքության հաղորդագրությունը հաստատում է, որ դեպքից անմիջապես հետո զինվորական ինքնաշարժով Հադասսա հիվանդանոց տեղափոխված սարկավագը, որին ուղեկցել է մեկ այլ սարկավագՙ Մհեր Կոստանյանը, ստացած հաջող վիրահատության է ենթարկվել, վիճակը կայուն է ու շուտով կապաքինվի։
Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը, Նուրհան Մանուկյան արքեպիսկոպոսի, Արիս Շիրվանյան եւ Սեւան Ղարիբյան եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել են Արմեն սարկավագին հիվանդանոցում։