«Արմենտելի» զիջումները հաստատվեցին պաշտոնապես
Կապի եւ տրանսպորտի նախարարություն-«Արմենտել» բանակցությունների արդյունքները, ըստ որոնց հեռահաղորդակցության ոլորտներում սակագների իջեցումներ էին նախատեսվում, արդեն վավերացվել են ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունում եւ գրանցվել արդարադատության նախարարությունում։ Իսկ դա նշանակում է, որ արդեն ապրիլի 15-ից բնակչության համար գործելու են նոր, ավելի ցածր սակագներ։
Այսպես, հեռախոսի տեղադրման համար նախկինում գործող 20 հազար դրամի սակագինն իջեցվել է 10 հազարի, իրավաբանական անձանց համարՙ 24 հազարից 12 հազարի։ Հեռախոսների ժամանակավոր տեղադրման համար 10 հազար դրամի փոխարեն համաձայնեցվել է բնակիչների 8 հազար դրամ վճարում, գործարարների համար 12 հազարի փոխարենՙ 10 հազար։ Հեռախոսների անվանափոխման համար բնակիչները 833-ի փոխարեն կվճարեն 417 դրամ, իրավաբանական անձինք 5000-ի փոխարենՙ 2500, կրկնակի նվազեցվել են նաեւ նույն եւ այլ շենքերում հեռախոսի վերատեղադրման համար սահմանված սակագները։
Ապրիլի 15-ից զույգ հեռախոսների տարանջատման համար 10 հազարի փոխարեն բնակիչները կվճարեն 5000 դրամ, 12 հազարի փոխարեն իրավաբանական անձինքՙ 6000 դրամ։
Եվրոպա, ԱՄՆ, Կանադա, Մերձավոր Արեւելք զանգահարելու համար բնակիչները նախկին 1 դոլար 92 ցենտի փոխարեն կվճարեն ընդամենը 99 ցենտ, որն աշխարհում ամենացածր սակագինն է։ Հեռավոր արտասահմանյան այլ երկրներ զանգահարելու համար 2,4 դոլարի փոխարեն անհրաժեշտ կլինի վճարել րոպեի համար միայն 1,2 դոլար։
Հուլիսի 1-ից կփոփոխվեն նաեւ բջջային հեռախոսակապի սակագները։ Բջջային րոպեավարձը 0,15 դոլարի փոխարեն սահմանված է 0,125, իսկ սովորական հեռախոսացանցից դեպի բջջային ցանցՙ եւս 15 ցենտ։
«Արմենտելի» հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ.
ա) Աղետի գոտում հեռախոսների վերատեղադրման ծառայության համար մինչ օրս գործող 24 հազար դրամի փոխարեն կիրառել ընդամենը 500 դրամ։ Ըստ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանիՙ այդ չնչին գումարն էլ հարկային գերատեսչությունների հետ խնդիրներ չունենալու համար է սահմանվել։
բ) Մարզերում լարային ռադիոյի հաղորդումների հեռարձակման դադարեցումը, որը նախատեսվում էր այս տարվա ապրիլի 1-ից, հետաձգվելու է մինչեւ սեպտեմբերի 1-ը։ Այդ ընթացքում, Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, կառավարությունը քայլեր է ձեռնարկելու հեռարձակումների դադարեցումից հետո մատչելի ռադիոլրատվության ապահովման ուղղությամբ։
գ) Որն ամենակարեւորներից էՙ պայմանավորվածություն է ձեռք բերվել սովորական հեռախոսների բաժանորդային վարձըՙ 900 դրամը մինչեւ 750-ի իջեցնել։ Բանակցություններն այս հարցի շուրջ նախատեսվում է ավարտել արդեն մինչեւ ապրիլի վերջը։
Այս արդեն պաշտոնական տվյալները Անդրանիկ Մանուկյանն «Արմենտելի» ներկայացուցիչների ներկայությամբ տրամադրեց երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում։ Ըստ նախարարի, սակագների նման իջեցումը հեռահաղորդակցության ոլորտում ընդհանրապես կարելի է հեղափոխություն համարել, որը, սակայն, կապված չէ կառավարական միջգերատեսչական այն հանձնաժողովի հայտնաբերած չարաշահումների հետ, որը կազմվել էր ուսումնասիրելու կապի ոլորտում «Արմենտելի» իրական ներդրումների չափերը։ Նախարարը բացառեց տարածված այն կարծիքը, թե «Արմենտելը» նման մեծ զիջումների է դիմում կառավարության հետ ձեռք բերած ինչ-որ պայմանավորվածությունից ելնելով, ըստ որոնց հայտնաբերված չարաշահումներին հայկական կողմն ընթացք չէր տալու։ «Այդ հարցերը կլուծվեն դատական կարգով, իսկ ձեռք բերված հաջողությունը որեւէ կողմի զիջում չի նշանակում», հայտարարեց նախարարը, որն «Արմենտելի» ըստ էության միակողմանի այս զիջումը պայմանավորեց կապի ոլորտն արդիականացնելու վերջինիս «խիստ» մտահոգությամբ։
Սակայն ասուլիսին ներկա «Արմենտելի» ներկայացուցիչներն անուղղակի այլ բան նշեցինՙ ասելով, որ ամեն ինչ բիզնեսի տրամաբանությանն է ենթարկվում, եւ իրենց խնդիրը շահույթ ապահովելն է։ Կառավարության հետ կնքած պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, ըստ հունական կողմի, ընկերությունը պետք է ապահովեր 12,5 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ, սակայն առայժմ «Արմենտելին» հաջողվում է 2,5 մլն դոլարի եկամուտ ստանալ, ինչը ցածր ցուցանիշ է համարվում։ Ընկերության ներկայացուցիչներից մեկն անգամ ասաց, թե քանի որ նույն պայմանագրով իրենք 300 մլն դոլարի ներդրում են կատարելու, ապա քանի տարի է պետք նման տեմպերով ներդրած գումարը շահույթի հետ ստանալու համար։ Մինչդեռ «Արմենտելի» լիցենզիան տրվել է 15 տարվա ժամկետով, այսինքնՙ տարօրինակ է, թե ինչպես է մնացած 11 տարիների ընթացքում ընկերությունը սկսելու շահույթ ապահովել, ավելինՙ գնալ նման զիջումների։
«Արմենտելի» ներկայացուցիչների տվյալներով, Հայաստանում հնարավոր է ընդամենը ունենալ բջջային կապի 100 հազար բաժանորդ։ Մինչդեռ այս պահին, երբ ընկերությունը պնդում է, թե կատարել է իր ողջ ներդրումների 2/3-ը, միայն 36 հազար բջջային հաճախորդ ունի։ Հարց է առաջանումՙ ինչպե՞ս է ծրագրվում մյուս 64 հազարին ապահովել, եթե հաշվի չառնենք, որ հանրապետության հատկապես գյուղական բնակավայրերն այս առումով, մեղմ ասած, նախախորհրդային վիճակում են։ Իրենց վերաբերմունքը, չնայած ստանձնած պարտավորություններին, այս բնակավայրերի վերաբերյալ ընկերության ներկայացուցիչները շատ պարզ ու հասկանալի ձեւակերպեցին. գյուղերից շահույթ չեն ակնկալում։
Որեւէ կերպ չպատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք «Արմենտելը» կապի համակարգում այլ ընկերությունների եւս հանդուրժել, ընկերության պատասխանատուներից մեկը հայտարարեց, թե իրենք այնքան ներդրում են արել եւ աշխատանք են կատարում, որքան 30 ընկերություն միասին կաներ։
Մեկնաբանություններն, իհարկե, ավելորդ են, սակայն, սա դեռ վերջը չէր. բերելով տիպիկ մի օրինակ, հունական կողմի ներկայացուցիչը հասկացրեց, որ ստիպված կլինենք դեռ երկար սպասել... Նա պարզապես ասաց, թե երբ միս ենք առնում, ոսկորն էլ հետն է լինում...
Հիշեցման կարգով նշենք, որ շատ հաճախ ոչ միայն միսն առանց ոսկորի ենք առնում, այլեւՙ աղացած։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ