«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2002-04-11 | #68, 2002-04-12 | #69, 2002-04-13


ՏԻԵԶԵՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄՈՎ

Արտասահմանյան երկրների հետ բարեկամության կենտրոնում երեկ նշվեց տիեզերագնացության օրը, որը կրկնակի նշանակալից էր, քանի որ 10-ամյա ընդմիջումից հետո Հայաստանում բացվեց հայ-ռուսական գիտամշակութային կենտրոն։ Տոնական հանդիսության պատվավոր հյուրն էր ակադեմիկոս, տիեզերագետ Գրիգոր Գուրզադյանը, որն իր տպավորիչ խոսքում ընդգծեց, որ Հայաստանն աշխարհում կդառնա տիեզերական ուսումնասիրությունների կենտրոն. «Մ. Նահանգները հզոր է տիեզերական տեխնիկայով, Ռուսաստանըՙ տիեզերագնացներով, իսկ Հայաստանըՙ տիեզերական ուսումնասիրություններով»։ Նա նաեւ նշեց, որ այսօրվա դժվարությունները հաղթահարելի են եւ անցողիկ, գլխավորըՙ տիեզերագիտության բնագավառում ձեռք բերած նվաճումները պահպանելն ու զարգացնելն է։ Մեծ գիտնականի կարծիքով, այսօր Մ. Նահանգները հզոր է այս բնագավառում, քանզի այս գիտությունը ամենաառաջնայինն է համարվումՙ նրա կարեւորությունը գիտակցելով։ Պատահական չէ, որ տիեզերագիտությունը Մ. Նահանգների նախագահի անմիջական հսկողության տակ է։

«Տիեզերքը մարդկության ապագան է», ասաց ակադեմիկոս Գուրզադյանը եւ ներկաներին պատմեց տիեզերական կյանքի վերջին նորություններից մեկը, որի մասին աշխարհի գիտնականները քիչ են խոսում։ Սատուրն մոլորակը 20 արբանյակ ունի, որոնցից մեկը Տիտան արբանյակն էՙ մոտավորապես Լուսնի մեծության։ Այն շրջապատված է 100 կմ խորությամբ օվկիանոսով, որի ուղիղ կեսը սառույց է։ Մ. Նահանգները 20 տարի հետո տիեզերանավ կուղարկի այնտեղ, ուր ենթադրվում է կյանքի գոյություն։

Հանդիսության պատվավոր հյուրն էր նաեւ ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, որը 1984 թ. ստացել է Յուրի Գագարինի ոսկե մեդալՙ աստղաֆիզիկայի բնագավառում ունեցած մեծ հաջողությունների համար։ Նա նույնպես հույս հայտնեց, որ Հայաստանում կշարունակվեն տիեզերական ուսումնասիրությունները եւ կարձանագրվեն կարեւոր նվաճումներ։

Ռուսաստանի միջազգային գիտամշակութային կենտրոնի նախագահ Գենադի Բառիշնիկովը դրվատանքի ջերմ խոսքեր հղեց ներկաներինՙ համոզմունք հայտնելով, որ հայ-ռուսական գիտամշակութային կենտրոնը կարեւոր նշանակություն կունենա երկու երկրների համար։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4