«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2002-04-12 | #69, 2002-04-13 | #70, 2002-04-16


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿՈՉԵՐ

Սակրամենտոյում Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի կրթության կոմիտեի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (արեւմտյան շրջանի) ներկայացուցիչները, կալիֆոռնահայ համայնքի մտահոգություններն ու ցանկություններն արտահայտելով, կոչ են արել ընդունել Ցեղասպանության թեման կրթական ծրագրերում ընդգրկելուն նպատակաուղղված «Ասամբլեայի բանաձեւ 2003»-ը։ Կոմիտեն միաձայն հավանություն է տվել ընդունելու բանաձեւըՙ հովանավոր կազմակերպությունների վկայությունները լսելուց հետո։ Հաղորդելով այս մասին, ԱՄՆ Հայ դատի գրասենյակն ավելացնում է, որ ապրիլի 3-ին կայացած վերոհիշյալ հանդիպմանը ներկա են եղել Հայ դատի Ծոցի տարածքի մասնաճյուղից Հայկ Բաղդասարյանը, Բարքլեյի Կալիֆոռնիա համալսարանի հայ եւ կովկասյան ժողովուրդների պատմության դասախոս, պրոֆ. Ստեփան Ասատուրյանը եւ Հայոց ցեղասպանության տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ռիչարդ Քոլոյանը։ Նրանք իրենց աներկբա պաշտպանությունն են հայտնել բանաձեւի առնչությամբՙ շեշտելով դրա կարեւորությունը։ «Ավելի քան երբեւէ մենք կարիք ունենք այժմ կրթական այդ մեխանիզմներինՙ պայքարելու համար անհանդուժողության, ատելության եւ խտրականության դեմ։ Ցեղասպանությունն անհանդուրժողականության եւ խտրականության վերջին փուլն է, իսկ ժխտումըՙ ցեղասպանության», նշել է իր գրավոր զեկույցում Հայ դատի կառավարական գործերի տնօրեն Արտաշես Քասախյանը։

Բանաձեւի ընդունումը հնարավորություն է տալու համապատասխան կազմակերպություններին եւ հաստատություններին բարձրացնելու գիտակցությունը մարդկության դեմ գործված հանցագործությունների նկատմամբ եւ ստեղծելու կենտրոններ, որոնք ուսուցիչների եւ ուսանողների համար կրթական ծրագրեր կպատրաստեն Հրեական ողջակիզման, Հայոց ցեղասպանության եւ այլ անմարդկային արարքների մասին։

Բանաձեւը հովանավորողների թվում են Հարավային Կալիֆոռնիայի Բնայ Բրիթ կազմակերպությունը, Շոայի վերապրողների տեսողական պատմության հաստատությունը, Լոս Անջելեսի հրեական ֆեդերացիան, Կալիֆոռնիայի ուսուցիչների ֆեդերացիան, Հայկական ասամբլեան եւ Սիմոն Վիզենթալ թանգարան-կենտրոնը։ Դրանց ներկայացուցիչները վերոհիշյալ հանդիպմանը ներկա են եղել իրենց կարծիքն արտահայտելու բանաձեւի ընդունման վերաբերյալ։

Հայ դատի լրատվությունը նաեւ տեղեկացնում է, որ անցյալ տարի դոկտ. Սիմոն Փայասլյանի հեղինակությամբ եւ հայկական մշակութային հաստատության կրթական կոմիտեի հովանավորությամբ լույս տեսած «1915¬23 թթ. Հայոց ցեղասպանությունը։ Ձեռնարկ ուսուցիչների եւ ուսանողների համար» գիրքը բաժանվել է Կալիֆոռնիայի միջնակարգ դպրոցներինՙ որպես լրացուցիչ դասագիրք օգտագործելու համաշխարհային պատմության դասընթացներում։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4