Հայաստանը հավակնություններ ունի դառնալու տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն
Եվրամիության (ԵՄ) հովանու ներքո իրականացվող տարածաշրջանային Տրասեկա, Ինոգեյթ եւ ՏԲԿ (տարածաշրջանային բնապահպանական կենտրոն) ծրագրերին ավելանում է եւս մեկըՙ ՍԻԹԻ-ն (տեղեկատվական տեխնոլոգիաների կովկասյան նախաձեռնություն)։
Երեկ Երեւանում աշխատանքն սկսեց ԵՄ հովանավորությամբ անցկացվող «Էլեկտրոնային զարգացում Կովկասի համար» տարածաշրջանային խորհրդաժողովը, որի անցկացման գաղափարը պաշտոնական Երեւանը եվրոպական կողմին էր ներկայացրել 2000 թ. Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի ընթացքում։ Ստանալով ԵՄ աջակցությունըՙ հայկական կողմը ձեռնամուխ եղավ միջոցառման նախապատրաստմանը։ Ակնկալվում է, որ այս խորհրդաժողովը հիմք կդնի ՍԻԹԻ-ն։
Երեւանյան խորհրդաժողովի հիմնական նպատակն է խրախուսել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տարածաշրջանի երկրների համագործակցությունը, նպաստել համաշխարհային եւ, մասնավորապես, եվրոպական տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառույցների ինտեգրմանը։ Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են 13 պետությունների (ՌԴ, ԱՄՆ, Իրան, Թուրքիա, Ճապոնիա, Վրաստան, ԵՄ պետություններ) եւ Հայաստանի շուրջ 150 պատվիրակներ։ Ադրբեջանը մերժել է մասնակցել խորհրդաժողովին։
Ողջույնի եւ բացման ելույթներ ունեցան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Քրիս Փաթենը (տեսաերիզով ուղերձ), ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, ՌԴ կապի եւ տեղեկատվության նախարար Լեոնիդ Ռեյմանը, Վրաստանի փոխարտգործնախարար Թամար Բերուճաշվիլին, Իրանի կապի փոխնախարար Մասուդ Շաֆին, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Թիմոթի Ջոնսը, Վրաստանում եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության գործադիր քարտուղար Թորբեն Հոլցեն։
Երկօրյա խորհրդաժողովում նախատեսվում է քննարկել չորս հիմնական հարցերՙ էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային գործարարություն, էլեկտրոնային կրթություն եւ էլեկտրոնային զարգացում։
Թ. Հ.