ՄՈՍԿՎԱ, 15 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ռուս խորհրդարանական Անատոլի Չեխոեւը եռակողմ դաշինք, այդ թվում ռազմական նպատակներ հետապնդող, գրանցելու ձգտում է համարում ապրիլի վերջին Տրապիզոնում սպասվող Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների բանակցությունները տարածաշրջանային անվտանգության հարցերի առնչությամբ։ «Փրայմ նյուսին» նա հայտարարել է, որ Թուրքիան, ի հեճուկս Պոտսդամում «մեծ եռյակի» կնքած համաձայնագրերինՙ Սեւ ծովի ջրավազանում նրա ռազմանավերի անթույլատրելիության վերաբերյալ, արդեն իսկ Տրապիզոնում կենտրոնացրել է իր ՌԾՈՒ մոտ 70 տոկոսը։ Բացառված չէ, որ Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հենց Տրապիզոն են հրավիրում, որպեսզի նրանց վրա Թուրքիայի ռազմական հզորության տպավորություն գործեն, ենթադրել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Անատոլի Չեխոեւը։ Նա նշել է նաեւ, որ ԱՄՆ-ը վերացրել է Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի վաճառքի մորատորիումը, սակայն ակներեւ է, որ ամերիկացիները «մի հրացան էլ չեն վաճառի Հայաստանին, իսկ Ադրբեջանը կփորձեն գերհագեցնել զենքով»։ Ըստ նրա, իբրեւ Ռուսաստանի համարժեք պատասխան անբավարար կլինի ռազմական կապերի ամրապնդումը Հայաստանի հետ կամ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ համատեղ իրենց սահմանների պահպանության ապահովումը։ Հիմա դժվար է ասել, թե որ պատասխանը կլինի համարժեք, բայց պարզ է, որ «ամեն ինչ կվճռվի ոչ թե Տրապիզոնում, այլ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ», «Փրայմ նյուսին» ասել է ռուս խորհրդարանականը։