«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2002-04-12 | #69, 2002-04-13 | #70, 2002-04-16


«ՆԱ ԻՐԵՆՈՎ ՏԵՂ ԷՐ ՈՒ ԳՈՐԾ»

Խնկարկումՙ Վարդգես Պետրոսյանի հիշատակին

Երեկ, ապրիլի 15-ին հիշատակի խնկարկում էր Աշտարակում։ Վարդգես Պետրոսյանի հիշատակի։ Գիր-գրականությունից հեռու մեր ժամանակներում անչափ կարեւորվում է գրական այս իրողությունը, որովհետեւ մեզանում կան մարդիկ, ովքեր անանցողիկը չեն խառնում անցավորին, լույսն ու մութը կարողանում են ջոկել ու, պանծացնելով մեր հիշատակները, իրենք իրենց են պանծացնում։

Նա շատ հաճախ ժամանակից առաջ էր ընկնում (վկանՙ «Կրակե շապիկ» վեպը), արիություն էր ունենում բացեիբաց եւ գեղարվեստորեն խոսելու այն մասին, ինչին մենք լավագույն դեպքում առնչվում էինք մեր շշնջոցներով կամ պատի տակի խոսակցություններով («Հայկական էսքիզներ», «Մենավոր ընկուզենի», «Չուղարկված նամակներ», երիտասարդության եւ ուսանողության մասին գրած իր հրապարակախոսական ելույթները)։

Վարդգես Պետրոսյանի ծննդավայրումՙ Աշտարակում գրողի, հրապարակախոսի, ժուռնալիստի, գրական-հասարակական կյանքի կազմակերպչի ծննդյան նախօրյակին «Հայկական էսքիզներ» հիմնադրամի նախաձեռնությամբ ու ջանքերով կազմակերպված միջոցառման ժամանակ խոսեց «Հայկական էսքիզներ» հիմնադրամի նախագահ Հակոբ Ավետիքյանը։

¬ Մենք այսօր եկել ենք այստեղ Վարդգես Պետրոսյանից հոգեւոր մասունքներ տանելու, ասաց պրն Ավետիքյանը։ Նրա կարիքն ունենք այսօրՙ կազմակերպական հզոր ջիղ ունեցող հմուտ ժուռնալիստի, հրապարակախոսի, գրողի կարիքը, քանզի նա իր ողջ կյանքում եղավ ու մնաց հայոց կյանքի, հայ գրականության, հայ մամուլի, հայոց պետականության ամենաթեժ կետերում, հաճախակի հարվածներն իր վրա վերցնելով, շանթարգել եղավ ու շատերին փրկեց իր գոյությամբ։

Կարեւորելով Վարդգես Պետրոսյանի գործունեությունը, Հ. Ավետիքյանը հույս հայտնեց, որ մոտակա ժամանակներում մենք շատ առիթներ կունենանք կրկին առնչվելու Վարդգես Պետրոսյանի գրականությանն ու հրապարակախոսությանը։ Չէ՞ որ նրա ծննդյան 70-ամյակն է այս տարի։

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը կարեւորեց Վարդգես Պետրոսյան գրողին, հրապարակախոսին, խմբագրին եւ Հայաստանի գրողների միության նախագահին։

¬ Այս տարի աշնանը մենք պատրաստվում ենք մեծ շուքով նշելու Վարդգես Պետրոսյանի ծննդյան 70-ամյակը, ասաց պրն Անանյանը։ Իսկապես բեղուն է եղել Պետրոսյանի գրիչը, որի արդյունքը նրա գրքերն են, մամուլում մնացած գեղարվեստական ու հրապարակախոսական հրապարակումները։ Սակայն քիչ չեն նաեւ անտիպ նյութերը։ Մենք նախաձեռնել ենք տպագրել Պետրոսյանի անտիպ եւ մամուլում տպագրված գործերի ժողովածուն։

Անշուշտ, հիանալի միտք է սա։ Ի դեպ, միայն այսքանով չի սահմանափակվելու Վարդգես Պետրոսյանի հիշատակի հավերժացումը։ Սահմանվելու է Վարդգես Պետրոսյանի անվան ամենամյա մրցանակ, որին արժանանալու են գրական-հրապարակախոսական լավագույն աշխատանքները։

Երեկ Աշտարակում անչափ կարեւոր էր բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի խոսքը։ Վերջինս այն մարդկանցից մեկն է, ով Վարդգես Պետրոսյանին շատ է առնչվել, տեսել ու զգացել է վերջինիս գործունեությունը, նրա արածը եւ արածի դիմաց ի տրիտուր վերադարձվածը։ Այո, այսօր մարդիկ կան, ովքեր լիաբուռն օգտվեցին Վարդգես Պետրոսյանի ընծաներից ու շռայլումներից, մարդիկ, ովքեր անուն, ինչու չէ, նաեւ վաստակ ու պաշտոններ ստացան Վարդգես Պետրոսյանի շնորհով։ Սակայն մարդկային ամենամեծ ախտըՙ երախտամոռությունը, կերել, ժանգոտել, փչացրել է նրանց։ Եվ պատահական չէր բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի ցավը։ Դա սոսկ բանաստեղծի ցավ չէր։

Հետաքրքրական հուշեր պատմեց Ստեփան Վարդանյանը, որը ժամանակին ղեկավարել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի գաղափարախոսության բաժինը։ «Ժամանակին Վարդգես Պետրոսյանը մեզ անհարմար վիճակի մեջ դրեց, ասաց պրն Վարդանյանը, երբ... «Գարունի» տպաքանակը հասցրեց 70 հազարի։ Տուժում էին մյուս թերթերն ու ժուռնալները»։

Գրականագետ Գրիգոր Գույումճյանը խոսեց Վարդգես Պետրոսյանի հասարակական, քաղաքական գործունեության մասին, նշելով, որ անվանի գրողն ու հրապարակախոսն անդամագրվեց Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությանը, Թեքեյան մշակութային միության ամենաճանաչված դեմքերից մեկը դարձավ։ Դա պատահական չէր։ Հայաստանը եւ հատկապես սփյուռքը հիանալի ճանաչող, հայրենիք-սփյուռք հարաբերությունների նուրբ գիտակ Վարդգես Պետրոսյանը եկավ իրենով զորացնելու ե՛ւ ՀՌԱԿ-ը, ե՛ւ Թեքեյան մշակութային միությունը։

Բանաստեղծ, գրող, նկարիչ Արեւշատ Ավագյանը, գրող, լրագրող Հրաչյա Մաթեւոսյանը, Վ. Պետրոսյանի անվան Աշտարակի քոլեջ-վարժարանի տնօրեն Գրիգոր Գեւորգյանը, ուսանողներ ու աշակերտներ իրենց խոսքն ասացինՙ ամեն մեկը որոշ չափով գրողի կենսագրության բացահայտմանը նոր երանգ ավելացնելով։

Խունկ ծխվեց Աշտարակում, Երուսաղեմից բերված խունկ, հիշատակ հավերժացվեց, մի մարդու հիշատակ, որի մահվան առիթով Հրանտ Մաթեւոսյանը 1994-ին գրեց. «Ամեն մի սպանություն նողկալի է, իսկ մտավորականի սպանությունը մակդիր չունի։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հայ մտավորականների սպանության սեւ գործը հանձնարարում էին կարծեմ ո՛չ իրենց պաշտոնակիցներին եւ նույնիսկ ո՛չ իրենց ազգակիցներին։

Տգեղ, շատ տգեղ, նողկալի բան եղավ, ավելի նողկալին դժվար է պատկերացնել։ Որեւէ տնօրենի, որեւէ նախարարի, որեւէ ունեւորի սպանությունն ինչ-որ տրամաբանության տրվում էՙ սպանում են, որպեսզի իրենցով զբաղեցնեն նրանց տեղերը, սա մտքի ու անգամ սեւ երեւակայության սահմաններում չտեղավորվող սպանություն է, սա զառանցանք է։ Իրենցո՞վ են լցնելու այն տեղը, որ կոչվում էր Վարդգես Պետրոսյան։ Այդպիսի կարգավիճակ չկար, ինչպե՞ս են լցնելու, այդպիսի տեղ չկար։ Նա ինքն էր տեղ ու պաշտոն ու գործ...»։

Այո, ինչո՞վ, ինչպե՞ս պիտի երեկ մեծարեինք Վարդգես Պետրոսյանին, որտեղի՞ց մոտենանք նրան, ճիշտ մոտենանք։ Կարծում եմ, որ արեցինք հնարավորը։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4