«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2002-04-13 | #70, 2002-04-16 | #71, 2002-04-17


«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ ԽԵԼՔՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ ԽԻՍՏ ԿԱՐԻՔԻ ՄԵՋ Է»

Վերջին շրջանում տեղի են ունենում այնպիսի քաղաքական զարգացումներ, որոնք կամա թե ակամա անդրադառնում են Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։ Վրաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ակտիվացման այս փուլում եթե Հայաստանի տեսանկյունից կարեւոր նշանակություն է ստանում այդ ներկայությանը հայկական իշխանությունների մոտեցումը, ապա ԱՄՆ-ի առումով մեծ կարեւորություն է ձեռք բերում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, իսկ Թուրքիան կարգավորման ամերիկյան նախաձեռնություններն ամեն կերպ փորձում է ծառայեցնել իր ազգային շահերին։

Այդ զարգացումներից կարելի է առանձնացնել սփյուռքահայ եւ թուրք գիտնականների մասնակցությամբ մարտի 7¬10-ը Միչիգանի համալսարանում կազմակերպված գիտաժողովը, «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» վերականգնման մասին գիտաժողովի որոշումը, հանձնաժողովի մասնակիցների ապրիլի 1¬2-ին նախատեսված նյույորքյան հանդիպման հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի բոստոնյան այցելության հետաձգումը, մասնակիցներից Վան Գրիգորյանի եւ Անդրանիկ Միհրանյանի Հայաստան ժամանումը, Տեր-Պետրոսյանի հանդիպումը վերջինի հետ, նրա հնարավոր վերադարձը քաղաքականություն, վերադարձին նպաստելու թուրք-ամերիկյան պատրաստակամությունը եւ Բաքվում դրա ողջունումը։

«Ակօսը» մարտի 29-ի համարում քաղաքական վերոհիշյալ զարգացումները բնութագրելով իբրեւ անակնկալ, դրանց ընթացքը պայմանավորում է Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններով եւ երկրի ներսում ստեղծված այն մթնոլորտով, որը յուրահատուկ է նախընտրական տարիներին։ Հարցը, սակայն, սոսկ այդ զարգացումների նախագահական ընտրություններով պայմանավորումը չէ, այլ Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալու խրախուսումը։ «Ակօսը», սակայն, դրանով չի սահմանափակվում։ Տեր-Պետրոսյանին խրախուսելիս միաժամանակ խրախուսում է նաեւ Ժիրայր Լիպարիտյանին, որպեսզի նա էլ քաղաքականություն վերադառնա։

Հատկանշական է, որ Տեր-Պետրոսյանի եւ Լիպարիտյանի վերադարձն արծարծվում է Միչիգանի գիտաժողովի աշխատանքներին նվիրված հոդվածում։ Հիշեցման կարգով նշենք, որ գիտաժողովը դռնփակ էր, դրա աշխատանքներին իբրեւ լրագրող մասնակցում էին «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Տինքը եւ «Թյուրք-հաբեր» գործակալության թղթակից Ջենգիզ Չանդարը, որոնք էլ լիազորված էին լուսաբանելու աշխատանքները։

Գիտաժողովի աշխատանքները լուսաբանելու թերեւս լավագույն ձեւը զեկուցումների հրապարակումն է։ Թեեւ Բասքըն Օրանը իբրեւ գիտաժողովի մասնակից տեղեկացրել էր, որ դրանք կհրապարակվեն «Ակօսի» էջերում, այնուամենայնիվ, Հրանտ Տինքն առայժմ հրապարակում է իր տպավորությունները։ Այս պայմաններում մենք առանց զեկուցումների բովանդակությանը ծանոթանալու, ծանոթանում ենք դրանց գնահատականներին։ Օրանն իր գնահատականներում Լիպարիտյանի զեկուցումը գիտաժողովի զեկուցումների մեջ կարեւորագույնն է համարել, Հրանտ Տինքը դա բնութագրել էր որպես պատմական, իսկ Ռոնալդ Սյունին զեկուցումից կատարել էր հետեւյալ մեջբերումը. «Ամեն ինչ չէ, որ գիտենք։ Այդ իսկ պատճառով ընդհանուր հայտարարի չենք գալիս։ Սա առողջ մոտեցում է»։

Ամեն ինչ չիմանալը վերաբերում է 1915 թ. իրադարձություններին։ Ընդհանուր հայտարարի չեն գալիս, որպեսզի այդ իրադարձությունները հանկարծ ցեղասպանություն չորակվեն։ Այլ կերպՙ Լիպարիտյանը Միչիգանի գիտաժողովում իր զեկուցումով ակնհայտորեն խեղաթյուրել է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը։ Ինչո՞ւ։ Որպեսզի Օրանը նրա զեկուցումն առանձնացնի մյուսներից եւ դրանց մեջ կարեւորագույնը համարի, իսկ Տինքըՙ պատմական։

Ըստ երեւույթին, ոչ պակաս պատմական է եղել Օրանիՙ իր տիկնոջ հետ, Չանդարի եւ Տինքի հյուրընկալումը Լիպարիտյանների բնակարանում։ Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ «Ակօսի» մարտի 29-ի համարին, որտեղ Տինքը գրում է. «Իմացանք, որ Լիպարիտյանը մի քանի ամիս առաջ սրտի վիրահատություն է ունեցել։ Ներկայումս նրա առողջական վիճակն անհամեմատ լավ է։ Պետք է որ լավ լինի, որովհետեւ հայոց աշխարհը նրա խելքով առաջնորդվելու խիստ կարիքի մեջ է։ Ինչպես հայտնի է, Լիպարիտյանը Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն էր, եւ, ինձ թվում է, նրանք երկուսով քաղաքական ասպարեզի ամենաակտիվ դերակատարության գլխավոր թեկնածուներն են։ Մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի օրերս նախատեսվող գիտական այցի շրջանակներն ԱՄՆ-ում ամենեւին էլ չի թվում, թե կսահմանափակվի սոսկ համալսարանի շրջանակով։ Այցը միանգամայն կարելի է վերադարձի առաջին նշանակալից քայլը համարել։ Գիտաժողովի վերջին օրը Լիպարիտյանների ընտանիքը մեզ հյուրասիրեց, այդ ընթացքում մենք հնարավոր քաղաքական զարգացումների մասին երկար զրուցելու հնարավորություն ստացանք։ Ինձ թվում է, Տեր-Պետրոսյանի վերադարձի հասունացման ժամկետը լրանում է։

Օգոստոսին Լիպարիտյանը Ստամբուլում է լինելու, կարծում եմ, մինչ այդ ամեն ինչ հետզհետե ավելի հստակ է դառնելու»։

Տինքի այս խոսքերը մեկնաբանության կարիք չեն զգում։ Դրանք պարզապես հաստատում են այն հաշվարկների առկայությունը, որոնք Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադարձի վրա են արվում եւ երեւան են հանում վերոհիշյալ քաղաքական զարգացումների առնչությունն այդ հաշվարկներին, ինչպես նաեւ դրանց փոխկապակցվածությունը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4