ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն
Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնագավառում Հայաստանում եւ Սփյուռքում, ինչպես նաեւ օտարերկրյա ուսումնասիրողների կողմից, կատարվել է վիթխարի աշխատանք։
Սակայն, այդուհանդերձ, դեռ շատ անելիքներ կան, բազմաթիվ հարցեր դեռեւս լուսաբանության կարոտ են, անհրաժեշտություն է զգացվում շատ հարցեր նորովի լուսաբանելՙ օգտվելով պատմագիտության նորագույն նվաճումներից։
Մենք առաջին հերթին նկատի ունենք վերջին տասնամյակներում ձեւավորված ցեղասպանագիտությունը եւ նրա ընձեռած հնարավորությունները։
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող հոդվածն առաջին փորձն է Հայոց ցեղասպանության մի շարք հանգուցային հարցեր քննարկելու ցեղասպանագիտության հիմնարար սկզբունքների լույսի ներքո։
Ցեղասպանագիտության ձեւավորումը
XX դարը պատմության մեջ մտավ նաեւ որպես ցեղասպանության դարաշրջան։ Մարդկության պատմության մեջ դեռեւս չէր եղել այնպես, որ մեկ հարյուրամյակի ընթացքում բազմաթիվ ժողովուրդներ ենթարկվեին ֆիզիկական բնաջնջման կամ գտնվեին դրա վտանգի տակ։
Սակայն հարցը միայն դա չէ։
Պատմությունը վկայում է պատերազմների, կոտորածների կամ ջարդերի անհամար դեպքեր։ Խոսքը տվյալ դեպքում այն մասին է, որ ազգերին ոչնչացնելու, այսինքնՙ ցեղասպանության քաղաքականությունը բարձրացվում է պետական քաղաքականության մակարդակի վրա, այն նախօրոք եւ խնամքով ծրագրվում եւ նախապատրաստվում է, նրա հիմնավորման, այսինքն արդարացման համար առաջ են քաշվում զանազան տեսադրույթներ, իսկ իրագործման համար ստեղծվում համապատասխան մեխանիզմներ։
Մինչեւ 1944 թ. գիտությանը հայտնի չէր գենոցիդ եզրը, որի հայկական համարժեքը ցեղասպանությունն է։ Մարդկությունը մինչ այդ օգտագործում էր գլխավորապես ջարդեր եւ կոտորածներ եզրերը, որոնք իմաստային առումով շատ հաճախ համընկնում էին ցեղասպանութուն հասկացողության հետ կամ մոտ էին նրան, իսկ երբեմնՙ ոչ։
Գենոցիդ եզրը հայտնագործել եւ առաջին անգամ գիտական գրականության եւ քաղաքական բառարանում շրջանառության մեջ է մտցրել մասնագիտությամբ իրավաբան, ծագումով լեհական հրեա Ռաֆայել Լեմկենը 1944 թ.։ Այն արտակարգ հեշտությամբ ուղի հարթեց եւ առանց դժվարության ճանաչում գտավ գիտական աշխարhում, քաղաքականության բնագավառում եւ, որը շատ կարեւոր է, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, եւ առաջին հերթին, Միավորված ազգերի կազմակերպության կողմից, որը 1948 դեկտեմբերի 9-ին ընդունեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա պատժի մասին պատմական նշանակություն ունեցող բանաձեւը։
Գենոցիդ եզրի հայտնագործումը լոկ առաջին քայլն էր։
Երկրորդ քայլը հանդիսացավ նրա բովանդակության սահմանումը, եւ այն էլ այնպիսի ձեւով, որն ընդունելի լիներ բոլոր ժողովուրդների, քաղաքական ուժերի եւ պետությունների կողմից։ Բարեբախտաբար այդ հարցը լուծվեց դրականորեն։
Ցեղասպանությունը սահմանվեց որպես մի քաղաքականություն, որի նպատակն է բնակչության առանձին խմբերի ոչնչացումն ըստ ռասայական, ազգային եւ կրոնական պատկանելության ինչպես ուղղակի սպանության միջոցով, այնպես էլ այդպիսի խմբերի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ հասցնելու եւ մտավոր խանգարումներ պատճառելու ճանապարհով։ Այդ հասկացողության մեջ մտնում է նաեւ կանխամտածված կերպով կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք նպատակաուղղված են այդ խմբերի լրիվ կամ մասնակի ոչնչացմանը, այնպիսի միջոցների կիրառում, որոնք հետապնդում են այդ միջավայրում ծննդաբերության կանխումը, երեխաներին մարդկանց մի խմբից մեկ այլ խմբի բռնի հանձնելը եւ այլն։
Ընդհանուր գծերով այսպիսին է ՄԱԿ-ի ցեղասպանության ժամանակակից հասկացողության սահմանումը, որը չի վիճարկվում որեւէ մեկի կողմից։
Գենոցիդ եզրը դրեց գիտության մի նոր ուղղությանՙ գենոցիդոլոգիայի կամ ցեղասպանագիտության առաջացման եւ զարգացման հիմքը։
Մի քանի տասնյակ տարիներ առաջ մենք դեռեւս չէինք կարող խոսել ցեղասպանագիտությանՙ որպես գիտական նոր ուղղության մասին, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը մնում էր XX դարի առաջին եւ միակ ցեղասպանությունը։ Սակայն հետագայում, երբ համանման հանցագործություններ կատարվեցին նաեւ հրեաների, գնչուների, սլավոնների, Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի տարբեր ժողովուրդների նկատմամբ, պարզ դարձավ, որ մի ժողովրդի կառավարողների կողմից մեկ այլ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման կազմակերպումը դարձել է մեր դարաշրջանի էթնո-քաղաքական կյանքի ամենացավալի իրողություւներից մեկը։
Ամերիկյան հայտնի ցեղասպանագետ Բարբարա Հարֆը, որը երկար տարիներ համակողմանիորեն հետազոտում է այդ հիմնախնդիրը, գտնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում իրագործվել են 48 ցեղասպանություն եւ արյունալի ջարդեր։ Դրանք տեղի են ունեցել Կամբոջայում, Սուդանում, Արեւելյան Թիմորում, Ռուանդայում, Բուրունդիում, Ուգանդայում, Հասարակածային Գվինեայում, Բալկաններում եւ այլուր։ Իսկ եթե դրան ավելացնենք հայերի, հրեաների, գնչուների եւ մի շարք այլ ժողովուրդների ցեղասպանությունը, որ իրագործվել է մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը եւ պատերազմի տարիներին, ապա պատկերն ավելի սահմռկեցուցիչ է դառնում։
Եվ հենց այդ իրողությունն էլ կյանքի կոչեց ցեղասպանագիտությունը։ Նախկին, ոչ մասնագիտական եւ սիրողական մակարդակն այլեւս չէր կարող բավարարել։ Անհրաժեշտ էր հիմնախնդրի մասնագիտական, խորը եւ բազմակողմանի ուսումնասիրություն։ Այդ ծանրությունն իր ուսերի վրա վերցրեց դեռեւս երիտասարդ գիտական նոր ուղղությունըՙ ցեղասպանագիտությունը, որի ձեւավորումը, կարելի է ասել, իրողություն դարձավ անցյալ դարի 70-80-ական թվականներին։ Այսօր ցեղասպանագիտության կենտրոններ են ձեւավորվել եւ գործում ԱՄՆ-ում, Անգլիայում, Շվեդիայում, Հայաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում եւ այլ երկրներում։
Ցեղասպանագետների ուշադրության կենտրոնում են այնպիսի առանցքային հարցեր, ինչպես ցեղասպանություն ծնող միջավայրը եւ պայմանները, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական պատճառները, պետական-հասարակական համակարգը, ցեղասպանություն իրականացնող երկրի հոգեւոր-մշակութային մակարդակը, դարերի ընթացքում ձեւավորված պատմական ավանդույթները, միջազգային պայմանները եւ այլն։
Ցեղասպանագիտության հայկական նախարմատները
Ցեղասպանագիտությունը, ինչպես ամեն մի այլ գիտություն, ունի իր նախադրյալները եւ սկսվել է որոշակի նախանյութից։ Այս դրույթը կիրառելի է նախ եւ առաջ գենոցիդ-ցեղասպանություն եզրի ծագման կապակցությամբ։ Ռաֆայել Լեմկենի դարակազմիկ հայտնագործության համար որպես նախադրյալ հիմք է հանդիսացել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը։ Մեր այս պնդումը ոչ թե տեսական մտահանգման արդյունք է, այլ ապացուցվում է փաստերով։ Բերենք դրանցից մեկը։
Ցեղասպանագիտության բնագավառում մի այնպիսի անառարկելի հեղինակություն, ինչպիսին ԱՄՆ-ի ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն պրոֆեսոր Հելեն Ֆայնն է, որի հետազոտությունների տեսադաշտում մշտապես ներկա են Հայոց ցեղասպանության հարցերը, շեշտելով, որ գենոցիդ հասկացողությունը մտցրել է Ռաֆայել Լեմկենը 1944 թ., վկայում է, որ նա դեռեւս 1933 թ. առաջարկել էր արգելել նման գործողությունները, ներառյալ այն, ինչ հայտնի էր որպես Հայկական կոտորածներ, որպես բարբարոսական ոճրագործություն։
Ուշագրավ է այստեղ մի շատ կարեւոր հանգամանք։ Լեմկենն առաջարկել է արգելել նման գործողությունները, այսինքն ցեղասպանությունը, դեռեւս 1933 թ., երբ դեռ չէր իրագործվել հրեաների Հոլոքոսթը, ուստի եւ այդ ժամանակ միակ եւ առաջին բարբարոսական գործողությունը կամ, ժամանակակից տերմինոլոգիայով ասած, ցեղասպանությունը, հայերի 1915 թ. ցեղասպանությունն էր։ Հետեւաբար, սխալված չենք լինի, եթե ասենք, որ լեհ իրավաբանի համար գենոցիդ հասկացողության եւ եզրի ծագման եւ ձեւավորման համար նախանյութ եւ խթան է ծառայել երիտթուրքերի կատարած ոճրագործությունը հայերի նկատմամբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Շարունակելով ցեղասպանագիտության ձեւավորման մեջ հայկական նախարմատների թեման, նշենք, որ դրանում սկզբունքային տեղ է գրավում XX դարում Հայոց ցեղասպանության առաջինը լինելու հանգամանքը։ Այսօր այդ բնագավառի բոլոր խոշոր, միջազգային ճանաչում ունեցող գիտնականները, որոնք կանգնած են սկզբունքային դիրքերում եւ տուրք չեն տալիս քաղաքական տատանումներին եւ նկատառումներին, անվերապահորեն ընդունում են, որ քսաներորդ հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը հայերի 1915 թ. ցեղասպանությունն է։
Իհարկե, սա այն դեպքը չէ, երբ առաջինը լինելը որեւէ առավելություն է տալիս եւ դրա համար կարելի հպարտանալ։ Դա ուղղակի պատմական իրողություն է, անհերքելի ողբերգություն, որը վերաբերում է ոչ միայն հայերին, այլեւ համայն մարդկությանը։
Այդ իրողությունը հաստատում է ամերիկյան քաղաքագետ Մայքլ Բենքսը, որը հատուկ նշում է քսաներորդ դարի առաջին խոշոր գենոցիդի հետեւանքով հայ ժողովրդի ցրված բեկորների առաջացումը։
Երուսաղեմի Հրեական համալսարանի պրոֆեսոր Ֆրանկլին Լիթթելի կարծիքովՙ հայոց ցեղասպանությունը նոր դարաշրջանի սկիզբ է. Կամբոջայի, Սուդանի, Բուրունդիի, Ռուանդայի եւ Բոսնիայի կառավարությունների ցեղասպան գործողություններից հետո մենք կարող ենք խոսել այս XX դարի մասին, որը սկսվեց հայերի ցեղասպանությամբ, որպես Ցեղասպանության դարաշրջան։
Իսկ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի մասնագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին հաստատում է, որ XX դարը վկան է մի քանի իրադարձությունների, որոնք որակվում են ցեղասպանություն։ Նման տիպի առաջին եւ ամենամեծ ոճիրը հայերի եւ մյուս, գլխավորապես քրիստոնյա ազգային փոքրամասնությունների կոտորածներն էին Օսմանյան կայսրությունում։
Համանման կարծիքի են նաեւ անգլիացի պատմաբան Քրիստոֆոր Ուոկերը, ֆրանսիացի Իվ Տերնոնը եւ շատ ուրիշներ։
Այսպիսին է ժամանակակից ցեղասպանագիտության մեջ տիրապետող տեսակետը գենոցիդ եզրի ծագումնաբանության եւ ցեղասպանագիտության ձեւավորման մեջ հայկական նյութի դերի վերաբերյալ։
Դրա հետ միասին ճիշտ չէր լինի թերագնահատել, առավել եւս, անտեսել այն նշանակությունը, որ ունի հրեական ողջակիզումը ցեղասպանագիտության ձեւավորման գործում։ Մենք ավելի քան համոզված ենք, որ 1944 թվականին գենոցիդի վերաբերյալ Ռաֆայել Լեմկենի տեսակետը խարսխված էր երկու հիմնասյուների վրաՙ 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության եւ 30-ական թվականներին Գերմանիայում իշխանության գլուխ եկած նացիստների կողմից պատերազմի ժամանակ իրագործված հրեական Հոլոքոսթի վրա։
Սակայն, կրկնում ենք, 1915 թ. Հայոց ցեղասպանությունը XX դարում կիրառված առաջին ոճրագործությունն էր ընդդեմ համայն մարդկության։
Պոլիտիցիդ կամ քաղաքական սպանություն
Ցեղասպանագիտության շնորհիվ ավելի ընդլայնվեցին ցեղասպանություն հասկացողության սահմանները եւ ավելի մանրամասնվեցին եւ կոնկրետացվեցին նրա հիմնադրույթները։ Մենք հատկապես նկատի ունենք երկու սկզբունքային բնույթի նորամուծություն։ Առաջին նորամուծությունը վերաբերում է պոլիտիցիդ կամ քաղաքական սպանություն հասկացողությանը, իսկ երկրորդըՙ զոհի կամ վիկտիմիզացիայի հասկացողությանը։
Մինչ այդ ցեղասպանությունն ուսումնասիրվում էր բավականին ուղղագիծ կերպով, գլխավորապես ջարդեր-բռնի տեղահանումներ շրջանակներում։ Մենք հեռու ենք թերագնահատելու նման մոտեցման կարեւորությունը եւ նրա խաղացած մեծ դերը։ Դրա շնորհիվ ձեռք բերված արդյունքներն ակնհայտ են։
Բայց վերոնշյալ երկու նորամուծությունների շնորհիվ ցեղասպանության բնագավառում բացահայտվեցին նոր շերտեր, որի հետեւանքով ավելի խորացան եւ կատարյալ դարձան մեր թե՛ գիտելիքները եւ թե՛ պատկերացումները մարդկության դեմ ուղղված այդ ոճրագործության մասին։
Ցեղասպանագիտության շնորհիվ գենոցիդից անջատվեց պոլիտիցիդը եւ դարձավ ուսումնասիրության ինքնուրույն առարկա որպես նրա մի բաղադրատարր։
Ըստ ցեղասպանագիտության, եթե ցեղասպանությունն իրականացվում է ելակետ ունենալով ռասայական, էթնիկական եւ կրոնական որոշիչները, ապա պոլիտիցիդի պարագայում խմբերը նշանակետ են դառնում նախ եւ առաջ նրանց քաղաքական դիրքորոշման, տվյալ ժողովրդի կյանքում նրա խաղացած առաջնային եւ ղեկավար դերի, ինչպես նաեւ տիրապետող ազգի վարչակարգի նկատմամբ նրա գրաված դիրքի պատճառով։
Եվ ցեղասպանության իրագործման ժամանակ, այսինքնՙ զանգվածային բնաջնջմանը զուգահեռ, իսկ շատ հաճախ նրանից առաջ, իրագործվում է պոլիտիցիդՙ ոչնչացվում է տվյալ ժողովրդի ազգային - քաղաքական ղեկավարությունը, քաղաքական, ռազմական, կրոնական, հասարակական եւ մշակութային առաջնորդները, որոնք ընդունակ են կազմակերպել դիմադրություն ցեղասպանության քաղաքականությանը, կանխել կամ ձախողել այն։ Քաղաքական սպանության նպատակն է գլխատել ցեղասպանության ենթակա ազգին եւ կոտրել նրա դիմադրողական ոգին, որը գործողությունների ազատության լայն դաշտ է ստեղծում ցողասպանությունը կիրառող պետությունների եւ կառավարությունների համարՙ զանգվածային սպանդ կազմակերպելու առումով։
Քաղաքական սպանության (պոլիտիցիդի) դասական օրինակ է Հայոց ցեղասպանությունըՙ արմենոցիդը։ 1915 թ., նախքան հայերի զանգվածային կոտորածները եւ բռնի տեղահանումը, երիտթուրքական դահիճները նույն տարվա փետրվար ամսին նենգորեն իրագործեցին հայոց զինական ուժի, թվով 60 հազար զինվորների ոչնչացումը։ Երիտթուրքական ղեկավարությունը լավ էր հասկանում, որ այդ ուժի առկայության պարագաներում հազիվ թե հաջողվեր այդպիսի հաջողությամբ եւ ծավալներով իրագործել հայերին ոչնչացնելու իրենց դիվային ծրագրերը։ Հօգուտ այդ տեսակետի են խոսում հայերի 1915 թ. ինքնապաշտպանական այն մարտերը, որոնք հերոսության իսկական օրինակներ են եւ որոնցով հպարտանալու օրինական իրավունք ունի հայ ժողովուրդը։
1915 թ. ապրիլի 24-ին սկիզբ առավ հայոց պառլամենտական, քաղաքական, կրոնական, հասարակական եւ մշակութային գործիչների ընտրանու ոչնչացումը, որին հետեւեց հայ ազգային կուսակցությունների ղեկավար գործիչների ֆիզիկական ոչնչացումը։
Այսպիսով, քաղաքական սպանության կիրառման հետեւանքով, հայությունը գլխատվեց եւ մնաց առանց ազգային, քաղաքական եւ ռազմական ղեկավարության։
Պոլիտիցիդի հիմնադրույթն օգնում է ավելի խորը հասկանալու ցեղասպանություն կոչված երեւույթը, ցեղասպան ուժերի ստրատեգիան եւ տակտիկան, ինչպես նաեւ ցեղասպանության իրագործման մեխանիզմը։ Այդ բոլորը շատ հստակ երեւում է, երբ մենք Հայոց ցեղասպանությունը դիտարկում ենք պոլիտիցիդի պրիզմայով։
Քաղաքական սպանության հիմնադրույթն ամբողջապես ուղղված է Հայոց ցեղասպանությունը ժխտելու ամեն տեսակ փորձերի դեմ, ցույց է տալիս այդ տեսակետների սնանկությունը եւ կասկածի տեղ չի թողնում, որ այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ 1915 թ. Օսմանյան կայսրությունում, բացի ցեղասպանությունից այլ անուն չունի։
Ժամանակն է, որ մենք հատուկ զբաղվենք ցեղասպանագիտության այդ կարեւոր հինադրույթի ուսումնասիրությամբ։ Դա կարող է նոր, դեռեւս անհայտ շերտեր բացել Հայոց ցեղասպանության սեւ էջերում։ Պոլիտիցիդի հիմնադրույթը գործում է հօգուտ Հայոց ցեղասպանության եւ նրա միջազգային ժանաչման։
Դահիճ եւ զոհ
Ցեղասպանագիտության երկրորդ նորամուծությունը, ինչպես նշեցինք, զոհի եւ զոհի վերածվելուՙ վիկտիմիզացիայի հիմնադրույթն է։
Զոհի հասկացողությունն անբաժան է ցեղասպանությունից։ Սակայն այս տեսադրույթի բերած հիմնական նորությունն այն է, որ զոհը ցեղասպանության պահին չէ, որ դառնում է զոհ, եւ ոչ էլ դահիճն է դահիճ դառնում ցեղասպանության իրականացման ժամանակ։ Իրականում դա մի բարդ պրոցես է, որը սկսվում է շատ ավելի վաղ, քան բուն ցեղասպանությունը։ Նա ունենում է նախապատրաստական մի ամբողջ շրջան, անգամ դարաշրջան։ Այդ բանը շատ լավ է նկատել ամերիկյան հեղինակներից մեկըՙ Մայքլ Բենքսը, որն իր «Խաղաղության չորս տեսադրույթները» աշխատության մեջ, անդրադառնալով այս կամ այն ժողովրդին վիկտիմիզացիայիՙ զոհի վերածելու հարցին, որպես օրինակ նշում է Հարավային Աֆրիկայի սեւամորթերին, Մերձավոր Արեւելքի քրդերին, լեհերին եւ հայերին։
Որպես կանոն հալածանքների, խտրականության եւ, ի վերջո, զոհաբերության նշանակետ են դառնում էթնիկական խմբերը։ Բախումնաբանության գծով ամերիկյան մասնագետ Ռոբերտ Գարրի հաշվարկներով, 1945-1990 թթ. աշխարհում 233 էթնիկական խմբեր եղել են նման խտրականության առարկա, այսինքն վիկտիմիզացիայի հավանական թեկնածու։ Իսկ Բարբարա Հարֆը, քննարկելով ցեղասպանություն- զոհ փոխկապվածության հարցը, գալիս է այն եզրակացության, որ ցեղասպանության ժամանակ զոհաբերության ենթակա խմբերը որոշվում են վարչակարգի կողմից առաջին հերթին ըստ նրանց համայնքային հատկանիշների, որպիսիք են էթնիկական պատկանելությունը, կրոնը կամ ազգությունը։
Զոհի վերաբերյալ ցեղասպանագիտության տեսադրույթը Հայոց ցեղասպանության նկատմամբ կիրառելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Օսմանյան Թուրքիայի ղեկավարությունը կայսրության տարածքում գտնվող հայությանը որպես զոհ ընտրել էր առնվազն XIX դարի 70-ական թվականների վերջերին, երբ կյանքի կոչվեց «Հայկական հարցի լուծման լավագույն ձեւը հայերի ֆիզիկական ոչնչացումն է» բանաձեւը, որը որդեգրվել էր սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից։ Դրա զարգացման հաջորդ փուլը հանդիսացավ երիտթուրքերի կողմից առաջ քաշված մաքուր թուրքական ազգի ստեղծման ռասայական տեսակետը։ Իսկ դա նախատեսում էր կայսրության ոչ թուրք ժողովուրդների կամ բռնի ուծացում, կամ ֆիզիկական ոչնչացում։
Կարծում ենք, անհրաժեշտ է նաեւ այս շրջանակներում դիտարկել Հայոց ցեղասպանության հարցերը։
Այս կապակցությամբ կարեւոր ենք համարում ուշադրություն դարձնել երկու կարեւոր հանգամանքի։
Առաջին, ըստ ցեղասպանագիտության վիկտիմիզացիայի վերաբերյալ հիմնադրույթի, եթե կա զոհ, ապա անհրաժեշտաբար պետք է լինի նաեւ դահիճ, անկախ այն բանից, թե կատարվածը ջարդ է, կոտորած, թե ցեղասպանություն։ Հայոց ցեղասպանության դեպքում երկուսի հասցեն էլ շատ հստակ է։ Զոհը հայությունը եղավ, իսկ դահիճըՙ Օսմանյան կայսրության սուլթանա- երիտթուրքական վարչակագը, նրա ղեկավարությունը։ Անկախ նրա գործադրած բոլոր ճիգերից, փաստարկներից եւ բացատրություններից, նա մնում է դահիճ։
Երիտթուրքերի դահճի կարգավիճակն այլընտրանք չունի։
Երկրորդ, քանի որ ցեղասպանագիտությունն ընդունում է, որ զոհի ընտրությունը եւ նրան զոհաբերության ենթարկելը պատմական որոշակի պրոցես է, իսկ դա իրոք այդպես է, ապա դրանից տրամաբանորեն հետեւում է, որ այստեղ հանկարծակիության կամ անսպասելիության պահը գոյություն չունի։ Հետեւաբար, զոհն իր զոհի վերածվելը չի կարող արդարացնել դրանով։ Անպատրաստվածությունը եւ համազգային մասշտաբով դիմակայելու անկարողությունը որեւէ արդարացում չեն կարող ունենալ, որովհետեւ դրա գինը տվյալ ժողովրդի կամ էթնոսի ոչնչացումն է։
Ասվածը հավասարապես վերաբերում է ցեղասպանության ենթարկված հայությանը, նրա ազգային, քաղաքական, կուսակցական եւ կրոնական գործիչներին։
Վիկտիմիզացիան ցեղասպանության, որպես մեդալի, մյուս երեսն է։
Ցեղասպան պետության հիմնադրույթը
Հայկական եւ հրեական, իսկ ապա նաեւ նրանց հաջորդած մյուս ցեղասպանությունների վերլուծության հիման վրա 1970-ական թվականներին ցեղասպանագիտության կողմից առաջ քաշվեց ցեղասպան պետության, ինչպես նաեւ ցեղասպան հասարակության վերին աստիճանի կարեւոր տեսադրույթը։
Այս տեսակետը, որ մինչ այդ անհայտ էր գիտությանը, հիմնավորվել է հայտնի ցեղասպանագետներ Իրվինգ Հորովիցի, Լեո Կուպերի, Յուրի Բարսեղովի եւ այլ մասնագետների կողմից։ Այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում են նաեւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտում։
Այս նոր տեսադրույթը, ինչպես հաճախ է պատահում գիտության մեջ, չի կարելի ասել, թե անվերապահորեն են ընդունում բոլոր մասնագետները։ Դա իր կողմնակիցների հետ ունի նաեւ հակառակորդները, կան նաեւ մասնագետներ, որոնք առայժմ ձեռնպահ են մնում եւ այլն։ Եվ դա միանգամայն հասկանալի է, քանի որ ոչ միայն գիտական նորություն է, այլեւ շատ համարձակ տեսակետ։
Ո՞րն է ցեղասպան պետության տեսադրույթի էությունը, ի՞նչ սկզբունքների վրա է խարսխվում։
Առաջին եւ կարեւոր սկզբունքն այն է, որ ցեղասպանությունները պատահական չեն լինում։ Դրանք ունեն տվյալ հասարակության ծոցում ձեւավորված նկատելի եւ աննկատ, լատենտ նախադրյալներ, որոնք ներքին եւ արտաքին բարենպաստ պայմանների դեպքում անխուսափելիորեն դրսեւորվում-հանգեցնում են կա՛մ ցեղասպանության փորձերի, կա՛մ ցեղասպանության։
Երկրորդ, ցեղասպանությունը ոչ բոլոր պետություններում եւ հասարակություններում է դրսեւորվում եւ հնարավոր լինում իրագործել։ Դա հնարավոր է միայն յուրահատուկ կառուցվածք ունեցող հասարակություններում, այնպիսի պետություններում, որոնք տիպաբանորեն պատկանում են բռնատիրական վարչակարգ ունեցող երկրների շարքին։ Այդ վարչակարգը կարող է լինել զարգացման տարբեր աստիճանների վրա գտնվող ռազմաֆեոդալական, դիկտատորական եւ կամ ամբողջատիրական։ Սակայն այդ հանգամանքն ինքնին վերցրած դեռեւս բավարար չէ ցեղասպանության համար։
Կարեւոր հանգամանք են տեսական պոստուլատները, որոնց վրա խարսխվում են ցեղասպանություն իրագործող պետություն-հասարակությունը եւ նրա պաշտոնական քաղաքականությունն ու գաղափարախոսությունը։ Դրանց մեջ առաջնային է տիրապետող ազգի գերազանցության գաղափարը տվյալ պետության շրջանակներում բնակվող մնացած բոլոր ազգությունների նկատմամբՙ մի կողմից, եւ օտարածին մարմիններից ազատվելու եւ էթնիկական առումով մաքուր եւ միատարր երկիր ստեղծելու հիմնադրույթը մյուս կողմից։ Եվ, ինչպես վկայում է պատմական փորձը, էթնիկապես մաքուր երկիր ստեղծելու այլ ուղի, քան բռնությունն է, գոյություն չունի։ Իսկ բռնությունից մինչեւ ցեղասպանություն ընդամենը մի քայլ է միայն։
Սակայն ցեղասպան պետության համար անհրաժեշտ է նաեւ մեկ այլ նախապայման։ Կարեւոր է, որ տվյալ հասարակությունը ոչ միայն չընդվզի էթնիկական մաքրման դեմ, այլեւ ընդունի եւ պաշտպանի այդ քաղաքականությունն ակտիվ կամ պասիվ կերպով կամ թեկուզ անտարբերություն ցուցաբերելով։ Այլ կերպ ասած, խիստ կարեւոր է, որ տվյալ պետության ներսում չլինեն ցեղասպանությանը խոչընդոտող ռազմական, քաղաքական, կրոնական եւ հասարակական ուժեր։
Եթե այս բոլոր նախադյալներն առկա են, ապա տվյալ պետությունը դասվում է ցեղասպան պետությունների շարքը։
Երբ մենք ցեղասպան պետության այս հասկացողությունը կիրառում ենք Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոսթի առնչությամբ, ապա ակնհայտ է դառնում, որ դա միանգամայն սազում է Օսմանյան կայսրությանը եւ հիտլերյան-նացիստական Գերմանիային։
Այս երկու պետություններն էլ բոլոր չափանիշերով համապատասխանում են ցեղասպան պետության տեսադրույթին։ Երկու երկրներում էլ գոյություն ուներ բռնատիրական ռազմաֆեոդալական (Օսմանյան կայսրություն) կամ դիկտատորական-ամբողջատիրական (նացիստական Գերմանիա) վարչակարգ։ Երկուսի համար էլ բնորոշ էին պաշտոնական ռասիստական գաղափարախոսության տիրապետությունը եւ համապատասխանաբար թուրքական եւ գերմանական ազգերի գերազանցության եւ բարձր լինելու, օտար ազգերից բռնությամբ Օսմանյան կայսրությունը եւ նացիստական Գերմանիան մաքրելու իշխանությունների հետադիմական քաղաքականությունը։ Երկու երկրներն էլ կուտակել էին զանգվածային սպանությունների հարուստ փորձ եւ այդ բնագավառում հասել բարձր կուլտուրայի։ Եվ, վերջապես, երկու երկրների համար բնորոշ էր հասարակության կողմից նման քաղաքականության ընկալման ֆենոմենը։
Ցեղասպան պետությունը ողբերգություն է պատճառում ոչ միայն ենթակա ժողովուրդներին, այլեւ պատժում է սեփական հասարակությանը, նրան, կամա թե ակամա, ոճրագործության մեղսակից դարձնելով։
Այդ բանը շատ լավ գիտակցեցին եւ ընդունեցին հետհիտլերյան Գերմանիայում, այդ բանը դեռեւս պետք է գիտակցեն եւ ընդունեն հետկայսերական Թուրքիայում։
Կարելի է ասել, որ ցեղասպան պետության վերաբերյալ ցեղասպանագիտության հիմնադրութը ավելի հասկանալի է դարձնում Հայոց ցեղասպանության հնարավորության եւ իրագործման շատ հանգամանքներ։
Հայոց ցեղասպանություն Արմենոցիդ եւ հրեական ողջակիզում-Հոլոքոսթ
Ցեղասպանագիտությունը զգալի տեղ է հատկացնում տիպաբանության հարցերին, ելնելով այն ճիշտ դրույթից, որ չնայած ընդհանուր գծերին, յուրաքանչյուր կոնկրետ ցեղասպանություն ունի իր տարբերակիչ գծերը եւ յուրահատկությունները։ Եվ դա միանգամայն բնական է, քանի որ ցեղասպանություններն իրագործվում են տարբեր պատմական ժամանակաշջաններում, տարբեր էթնիկակական եւ մշակութային միջավայրերում, տարբեր վարչակարգերի կողմից, տարբեր մեթոդներով եւ այլն։ Դա անխուսափելիորեն իր կնիքն է դնում ցեղասպանությունների տեսակի վրա։
Ժամանակակից ցեղասպանագիտությունը, ինչպես նշվեց, խարսխվում է առաջին հերթին Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոսթի պատմական փորձի եւ օրինաչափությունների վրա։ Դրանք իրենց բնույթով, կատարման ծավալներով եւ մեխանիզմներով կարելի է համարել դասական։ Ուստի մասնագետներն ամենից հաճախ համեմատության եզրերն անց են կացնում դրանց միջեւ։ Եվ այդ կապակցությամբ տարբեր մասնագետների կողմից արտահայտվել եւ շարունակվում են արտահայտվել տարբեր, հաճախ իրարամերժ տեսակետներ։
Մենք նույնպես, ելնելով ցեղասպանագիտության հիմնադրույթներից, կցանկանայինք համեմատություն անցկացնել Արմենոցիդի եւ Հոլոքոսթի միջեւ, եւ մեր տեսակետն արտահայտել դրա վերաբերյալՙ լրագրի հնարավորության սահմաններում։
Հայոց ցեղասպանության վերաբերյալ շատ հաճախ կիրառվում է Արմենոցիդ -հայասպանություն եզրը, որն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել արաբ պատմաբան, Հայոց Ցեղասպանության լավագույն հետազոտողներից մեկըՙ Մուսա Պրենսը։ Նրա կարծիքով Արմենոցիդը ոչ միայն XX դարի առաջին ցեղասպանությունն է, այլեւ ամենագենոցիդային գենոցիդը։
Արմենոցիդը, իհարկե, լրիվ տեղավորվում է գենոցիդ հասկացողության շրջանակներում, սակայն, որպես ամենագենոցիդային գենոցիդ, ունի իր տարբերակիչ գծերը։ Դա կարելի է ցույց տալ օգտվելով կոմպարատիվՙ համեմատական մեթոդից, համեմատելով Արմենոցիդը մյուս դասական ցեղասպանությանՙ հրեական Հոլոքոսթի հետ։ Այդ համեմատությունից ակներեւ են դառնում հետեւյալ հանգամանքները։
Առաջին, հայերի ցեղասպանությունն իրագործվել է նրանց բնօրրանում, նրանց հայրենիքումՙ Արեւմտյան Հայաստանում։ Հայերն այստեղ են ձեւավորվել որպես ժողովուրդ եւ ազգ, այստեղ է ընթացել նրանց պատմությունը եւ այլն։
Հրեաների ցեղասպանությունն իրագործվել է Գերմանիայում, որը նրանց ոչ բնօրրանն էր եւ ոչ էլ պատմական հայրենիքը։
Այս հանգամանքը Հայոց ցեղասպանությանը տալիս է մի առանձնակի ողբերգականություն։
Երկրորդ, հայերի ցեղասպանությունը կատարվել է եկվորներիՙ թուրքերի կողմից։ Հանրահայտ է, որ թուրքական քոչվորական ցեղերը մերձավորարեւելյան-անդրկովկասյան տարածաշրջանում հայտնվել են XI դարից, երբ նրանք Ալթայից եւ Կենտրոնական Ասիայից դուրս գալով եւ ալիք առ ալիք տարածվելով, նվաճեցին եւ իրենց ճանապարհին կործանեցին տարածաշրջանի քաղաքակիրթ բնիկների ստեղծած պետական կազմավորումները, մշակութային կենտրոնները եւ դրանց փլատակների վրա ստեղծեցին իրենց զանազան պետական կազմավորումները, որոնց մեջ ամենաուժեղը դարձավ օղուզների ցեղախմբի ղեկավար Օսմանի հիմնած պետությունը, որը հետագայում վերածվեց Օսմանյան կայսրության։
Նորելուկ եկվորները սկզբում նվաճեցին Արեւմտյան Հայաստանը, իսկ այնուհետեւ իրագործեցին նրա բնիկ բնակչությանՙ հայերի ֆիզիկական ոչնչացումը։
Հրեաների պարագայում իրավիճակն այլ է։ Նրանք Գերմանիայում եկվորներ էին։ Այս դեպքում նրանց Հոլոքոսթըՙ ողջակիզումն իրականացվեց բնիկներիՙ գերմանացիների կողմից։
Երրորդ, ցեղասպանության հետեւանքով հայերն ունեցան ոչ միայն վիթխարի մարդկային զոհեր, այլեւ կորցրեցին հայրենիքՙ Արեւմտյան Հայաստանը։ Դա, կարելի է ասել, կրկնակի կորուստ էր։
Հրեաները Հոլոքոսթից հետո չկորցրեցին հայրենիք, քանի որ նրանք եկվորներ էին, իսկ նրանց պատմական հայրենիքը գտնվում էր Եվրոպայից դուրս, աշխարհի այլ մասումՙ Մերձավոր Արեւելքում։ Ընդհակառակը, Հոլոքոսթից հետո հրեաների մեջ ուժեղացավ ամեն գնով իրենց սեփական ազգային հայրենիքն ունենալու ե՛ւ գաղափարը, ե՛ւ ձգտումը։ Նրանց այդ ձգտումը, որը լիցքավորվել էր Հոլոքոսթի ոճրագործության հետեւանքում, ի վերջո հաջողությամբ պսակվեց 1948 թ., երբ հռչակվեց Իսրայելը որպես հրեաների ազգային պետություն։ Հրեաները ձեռք բերեցին ե՛ւ տարածք, եւ պետություն, (ի հակադրություն արեւմտահայերի, որոնք կորցրեցին տարածք), ե՛ւ այնտեղ իրենց պետականությունը կառուցելու հնարավորություն։
Չորրորդ, Արմենոցիդից հետո հայերի փրկված բեկորները ցրվեցին համարյա համայն աշխարհով մեկ։ Նրանք հայտնվեցին բոլոր մայրցամաքներում։ Այդպես ձեւավորվեց հայկական նոր սփյուռքը։
Հրեաների մեջ հակառակ պրոցեսն սկսվեց։ Հրեական ստվար սփյուռք գոյություն ուներ եւ մինչեւ Հոլոքոսթը։ Իսկ Հոլոքոսթից եւ Իսրայել պետության կազմավորումից հետո սկսվեց հրեաների ազգային համահավաքը։ Միլիոնավոր սփյուռքահրեաներ աշխարհի տարբեր ծայրերից մեկնեցին Իսրայել, հաստատվեցին իրենց նորաստեղծ ազգային պետությունումՙ Իսրայելում, եւ սկսվեց իսրայելական ազգի կազմավորումը։
Այսպիսով, ամփոփելով, կարելի է նշել, որ ցեղասպանագիտությունը կարեւոր նվաճում է ցեղասպանությունների ուսումնասիրության բնագավառում։ Նրա տեսադրույթները եւ մեթոդոլոգիան վստահաբար հաստատում են, որ այն, ինչ տեղի ունեցավ 1915 թ. արեւմտահայության հետ, ցեղասպանություն էր։ Այս հարցում նա կասկածի տեղ չի թողնում։
Կարծում ենք, որ հայ մասնագետները պետք է առավել մեծ ուշադրություն դարձնեն ցեղասպանագիտության զարգացմանը։