«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2002-04-13 | #70, 2002-04-16 | #71, 2002-04-17


ԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՏԱՆԵՐՈՎ

Փոփոխությունների նախագծի ընդունումը համարվում է «զոռբայություն»

Թերեւս ոչ պատահական զուգադիպությամբ ե՛ւ գործող ընտրական օրենսգրքի, ե՛ւ ներկայումս ընթացող դրա փոփոխությունների նախագծերը քննարկվել եւ քննարկվում են ընտրությունների նախաշեմին։ Օրենսգրքի բացերը, որոնք արտահայտվեցին կայացած ընտրությունների ընթացքում, քաղաքական ուժերը հետագայում սկսեցին կապել հենց նախընտրական շրջանի եւ դրանով թելադրված հապշտապ ընդունելու հետ։ Դա էր պատճառը, որ Հրանուշ Հակոբյանը խորհրդարանում ելույթ ունենալիս նշեց, թե ցանկալի կլիներ քննարկումները զերծ պահել նախընտրական կրքերից ու շահարկումներից, եւ փոփոխությունները կատարել ոչ թե ընտրություններից առաջ, այլՙ հետո։

Նախատեսվող այս փոփոխությունները, սակայն, անգամ ընդունվելու դեպքում օրենսգրքի բացերի ողջ շղթան չեն կարգավորելու։ Դրանք առնչվում են միայն ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգին եւ լուծում չեն առաջարկում ո՛չ բանակի մասնակցության, ո՛չ ընտրացուցակների ձեւավորման եւ ո՛չ էլ մեծամասնական-համամասնական տեղերի հարաբերակցության հարցերի համար։ Չնայած դրան, խորհրդարանի ընդդիմադիր փոքրամասնությունը, հիմնականում շեղվելով կոնկրետ հարցից, շեշտը դնում էր հենց վերջին հանգամանքների վրա, ընդ որում, որեւէ կոնկրետ լուծում չառաջարկելով։ Ավելին, անդրադառնալով համամասնական-մեծամասնական տեղերի վիճահարույց հարցին, պատգամավոր Մանուկ Գասպարյանն իր պարտքը համարեց հայտարարել, թե չնայած սկզբից կողմնակից էր մեծամասնական տեղերի ավելացմանը, այժմ «ձեւը գտել» է, շուտով մտնելու է մի կուսակցության մեջ եւ իր «խնդիրը լուծելու» է այդ ճանապարհով։ Էականը, սակայն, ոչ այնքան հաջորդ խորհրդարանում սեփական անձի ապահովման նման միջոցառումներն էին, այլ այն, որ քաղաքական փոքրամասնության կարծիքովՙ ընտրական հանձնաժողովներ ձեւավորելիս նախագահի ներկայացուցիչների թվի մեծացումը միտում ունի հանձնաժողովը նախագահինը դարձնելու։ Այսինքն, եթե ներկայիս խորհրդարանը վեց անդամ է նշանակելու, ըստ նախագծի, նախագահի ներկայացուցիչները կլինեն նրանցից մեկով պակաս եւ, ուրեմն, վերջինս ստանալով խմբակցություններից գոնե մեկի օժանդակությունը, հանձնաժողովներում բացարձակ մեծամասնություն է կազմելու։

Աղասի Արշակյանն այս միտումը նկատի առնելով փոփոխությունների նախագծի զարմանալի արագ առաջադրումն ու քննարկումը որակեց «զոռբայությամբ» օրենքի ընդունման փորձՙ ժառանգված ՀՀՇ-ի գործելաոճից։

Ըստ էության այս խնդիրը բավական լուրջ է եւ սկզբունքային։ Հարցը պարզ ներկայացրած այն է, թե ով պետք է կազմակերպի եւ անցկացնի ընտրությունները Հայաստանում. պետությո՞ւնը, թե՞ կուսակցությունները։ Նախագծի հեղինակները փորձում են ընտրությունների պատասխանատվությունը տեղափոխել պետության իրավասությունների շրջանակ։ Սակայն քաղաքական ուժերի մեջ ներկայումս պետությունը նույնացվում է իշխանությունների հետ, որոնք օգտագործում են պետական լծակները եւ իսկապես կարողանում լուծել սեփական գոյության ժամկետների երկարաձգման խնդիրը։ Սակայն մյուս կողմից ոչ ոք չի կարող բացառել, որ չկայացած քաղաքական համակարգի պայմաններում կուսակցությունները անջատ կապերի մեջ կմտնեն նախագահի հետ եւ ցանկացած դեպքում ընտրական հանձնաժողովներում կկատարեն նրա կամքը։ Խնդիրն ավելի որոշակի է դառնում, երբ հանձնաժողովներ կազմելը դրվում է կառավարության վրա, կամ գործադիրը քվոտաներ է ստանում գործընթացում։ Դա արտահայտված է գործող օրենքում, եւ կառավարությունը հանձնաժողովները ձեւավորելիս հինգ ներկայացուցիչ ունենալու իրավունք ունի։ Հանրապետության նախագահը սահմանադրական իր լիազորություններով փաստորեն գործադիր իշխանության գլուխն է, այսինքնՙ այսպես թե այնպես, կառավարությունն արդեն իսկ կախվածության մեջ է նախագահից։

Մանուկ Գասպարյանն ինքը շեշտեց, որ որեւէ տարբերություն չկա նախագա՞հն է հանձնաժողովի անդամներ նշանակում, թե՞ կառավարությունը։ Նախագծի համահեղինակների կարծիքով, հանձնաժողովների ձեւավորմանը պետք է մասնակցեն միայն երկու առաջնահերթ մանդատ ունեցող իշխանություններըՙ նախագահը եւ խորհրդարանը։ Ըստ համահեղինակՙ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի. «Թող խորհրդարանի համապատասխան քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր անկախությունը պահպանի եւ չգնա նախագահի հետ նման անջատ հարաբերությունների։ Երկրներ կան, որտեղ ընտրական ողջ պրոցեսը վերահսկում է պետական ապարատը։ Եթե առաջանում են տարաձայնություններ, վեճեր, պատասխանատուն բոլոր դեպքերում մնում է պետությունը։ Այստեղ է, որ եթե անգամ հանձնաժողովում մեծամասնությունը կազմի նախագահը, դա ի վերջո, վատ բանի չի կարող տանել, քանի որ շատ երկրներում գործում է այդ պրակտիկան։ Այլ բան է, որ մենք միշտ աշխատում ենք խառը տարբերակներով, որն անցումային ժամանակահատվածում տալու է իր արդյունքը։ Բայց, ի վերջո, պետք է գանք մի տարբերակիՙ կամ ընտրություններն ամբողջությամբ պետությունը վերահսկի, կամ ԱԺ-ն, կամ անկողմնակալ դիտվող քաղաքական ուժերը։ Որովհետեւ այս խառը իրավիճակում պատասխանատվությունը վերահասցեավորելու եւ դրանից խուսափելու տեղ թողնում ենք»։

Սակայն նախագծի հեղինակներին, այս մոտեցմանը ի հակակշիռ, հանձնաժողովների ձեւավորման այլ մեխանիզմ եւս առաջարկվեց։ ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանի կարծիքով, այդ գործընթացն ամբողջովին պետք է հանձնել քաղաքացիական ծառայության ոլորտին եւ հարցը կարգավորել առանձին համապատասխան օրենքով։ Այս առաջարկը պաշտպանություն չգտավ։

Ինչեւէ, այսօր պարզ կդառնա խորհրդարանի վերաբերմունքը նախագծի նկատմամբ։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4