«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2002-04-13 | #70, 2002-04-16 | #71, 2002-04-17


ԹԻՎ 139 ՄԻՋՆ. ԴՊՐՈՑԸ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ

Երեկ, վաղ առավոտից դպրոցի շրջակայքը մարդաշատ էր։Միջոցառման բացման խոսքում Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը նշեց. «Կան անհատականություններ, որոնց դերն ու արժեքը ժամանակն է ճշտում... Կ. Դեմիրճյանը մեր ժողովրդի այն զավակներից է, որի փառքն անպակաս է եղել թե՛ կենդանության օրոք եւ թե՛ հետմահու»։ Կ. Դեմիրճյանի անգնահատելի վաստակի մասին էին նշում նաեւ թիվ 139 միջն. դպրոցի տնօրեն Երվանդ Սարգսյանը, Նոր Նորքի թաղապետ Մկրտիչ Մինասյանը եւ այլք։ Դպրոցի երգչախմբի հնչյունների ներքո բացվեցին դպրոցի նոր անունը կրող ցուցատախտակը եւ բակում տեղադրված Կարեն Դեմիրճյանի կիսանդրին (քանդակագործՙ Ֆերդինանտ Առաքելյան, ճարտարապետՙ Լեւոն Իգիթյան)։ Այդ պահից դպրոցը կկրի Կարեն Դեմիրճյանի անունը, որը պարտավորեցնող է դպրոցի մանկավարժական կոլեկտիվի, աշակերտության եւ ծնողական համայնքի համար։ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 70-ամյակին դպրոցի անվանակոչությունը մեծ նվեր է, ու դրան կհետեւեն նաեւ այլ միջոցառումներ։ Դպրոցի ընդարձակ միջանցքում ներկայացված էր Կ. Դեմիրճյանի գործունեությանը վերաբերող ցուցատախտակըՙ նրա ասույթներով։ Այդ օրը պաշտոնատար այրերը եւ Ստեփան Դեմիրճյանը դպրոցի բակում տնկեցին մշտադալար ծառեր։

Միջոցառմանը մասնակցում էին կառավարության, ԱԺ-ի, ակադեմիայի, Երեւանի բոլոր համայնքների ղեկավարները, մտավորականներ, հյուրեր, Կ. Դեմիրճյանի հարազատները։ Տկն Ռիմա Դեմիրճյանը շնորհակալություն հայտնեց ու նշեց. «Դպրոցն այն ոլորտն է, որին Կարեն Դեմիրճյանը հատկապես ուշադրություն է դարձրել, որովհետեւ այստեղ է կրթվում մեր ապագա սերունդը»։

Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ դպրոցի վերանորոգման աշխատանքների համար քաղաքապետարանը տրամադրում է 3 մլն դրամ։ Այդ առաջարկին միացան կառավարությունը, կրթության նախարարությունը, Երեւան քաղաքի համայնքապետները։ Իսկ սոցներդրումների գործակալությունը, որպես անակնկալ, տրամադրեց 70 հազար ԱՄՆ դոլար։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4