Օրերս, ուշ երեկոյան դիմակավոր 3 անհայտ անձինք Իվանովո քաղաքում սեղմեցին բնակարաններից մեկի դռան զանգի կոճակը։ Նրանք ներկայացան որպես դատարանի աշխատակիցներ, եւ 88-ամյա դյուրահավատ տանտիրուհին ներս թողեց նրանց։ Կողոպտիչները կապկպեցին խեղճ պառավի ձեռքերը եւ հափշտակեցին աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եւ բնանկարիչ Գրիգորի Մյասոյեդովի կտավների մի քանի բնօրինակներ, հնօրյա ամանեղեն եւ մոմակալ։ Այդ ամենը տանտիրուհին ժառանգություն էր ստացել մոսկվացի ակադեմիկոս ազգականից։ «Կոմերսանտ» թերթի տվյալներով, հանցագործները ոչ միայն կապկպել են ծեր կնոջը, այլեւ դուրս գալուց հետո բանալիով կողպել են դուռը։ Այդուհանդերձ, պառավը կողոպտիչների հեռանալուց հետո կարողացել է ձեռքերն ազատել հիրավի զինվորական խորամանկության շնորհիվ։ Իրեն կապկպելու պահին նա պրկել էր թեւերի մկանները եւ հետո դրանք թուլացնելով կարողացել էր ձերբազատվել կապանքներից ու զանգահարել ոստիկանություն։
Գողացված կտավների ու մյուս հնությունների ընդհանուր արժեքը, մասնագետների գնահատմամբ, կազմում է մոտ 1 մլն 300 հազար ռուբլի։