«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2002-04-18 | #73, 2002-04-19 | #74, 2002-04-20


ՊՅԱՏԻԳՈՐՍԿԻ ՀԱՅԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ ՍԱՓՐԱԳԼՈՒԽ ՖԱՇԻՍՏՆԵՐԻՆ

ՊՅԱՏԻԳՈՐՍԿ, 19 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Պյատիգորսկում հայկական հնարավոր ջարդերի հետ կապված չափազանց լարված իրադրության առնչությամբ ապրիլի լույս 19-ի գիշերը կայացել է Պյատիգորսկի հայկական համայնքի խորհրդի արտակարգ նիստ, գրում է Ռուսաստանի Հարավի հայկական «Երկրամաս» թերթը։ Իրադրությունը Պյատիգորսկում հույժ լարված է եւ, ըստ առկա տեղեկությունների, ապրիլի 20-ին ինչ-որ սափրած գլուխներ եւ ֆաշիստական տարրեր կարող են հայկական ջարդեր սկսել Պյատիգորսկում։ Հայ երիտասարդությունը սկսում է տարերայնորեն հավաքվել այն շրջաններում, որտեղ հայերը հավաք են ապրում, որպեսզի կարելի լինի հակահարված տալ սափրագլուխ ֆաշիստներին եւ պաշտպանել հայ բնակչությանը, եթե դա չկարողանա անել միլիցիան։ Առկա տեղեկություններով, ապրիլի 18-ին Պյատիգորսկի քաղաքային այգում արդեն իսկ տեղի են ունեցել բախումներ ֆաշիստների եւ հայ երիտասարդների միջեւ։ Շատ ծնողներ որոշել են իրենց զավակներին չուղարկել դպրոց, քանի որ հատկապես դպրոցականները կարող են դառնալ բռնության թիրախ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Պյատիգորսկի հայ համայնքի խորհուրդը քաղաքագլխին եւ Պյատիգորսկի ՆԳ վարչության պետին դիմել է հայտարարությամբ, ուր մասնավորապես անհանգստություն է արտահայտվում ամբողջությամբ վերցրածՙ երկրում եւ մասնավորապես Կրասնոդարի երկրամասում եւ Պյատիգորսկումՙ ազգամիջյան հարաբերությունների հարցում ստեղծված իրադրության առնչությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4