«Եհովայի վկայի» դատավարությունը «Ազգը» մանրամասն լուսաբանել է։ Բազմիցս ներկայացվել են դատավարության վերաքննիչ ատյանի դատական նիստերն ու կողմերի պահվածքը դատարանում։
Երեկ կայացավ վճռաբեկ դատարանի նիստՙ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի հիման վրա։ Հիշեցնենք, որ «Եհովայի վկա» Լյովա Մարգարյանին Արմավիրի առաջին ատյանի դատարանն արդարացրել էր։ Նրան ներկայացված մեղադրանքը վերաբերում էր նրա կողմից ղեկավարվող չգրանցված կազմակերպության քարոզչությանն ու գործունեության մեջ անչափահասներին ներգրավելուն։
Առաջին ատյանի դատարանն արդարացրել էր Լյովա Մարգարյանին, վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատավճիռն ուժի մեջ թողեցՙ ապացույցների անբավարարության եւ նոր ապացույցների ձեռքբերման հնարավորությունների սպառման հիմնավորմամբ։
Լյովա Մարգարյանի գործով վերաքննիչ փուլի դատավարությունն ընթանում էր եհովայականների ստվար զանգվածի ներկայությամբ։ Երեկ վճռաբեկ դատարանում հավաքվածները շատ չէին։
Դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքում նշված էր, որ գործն անհրաժեշտ է ուղարկել նոր դատաքննության, ապա կայացնել մեղադրական դատավճիռ։
Դատարանում արդեն դատախազությունն, ըստ էության, «փոխեց» վճռաբեկ բողոքըՙ միջնորդելով, որ Լյովա Մարգարյանի գործն ուղարկվի լրացուցիչ նախաքննության։ Համոզմունք հայտնվեց նաեւ, որ դրանով նախաքննական մարմինը կկարողանա լրացնել նախաքննության ընթացքում եղած բացթողումները։
Վճռաբեկ դատարանը կայացրեց «արդարացման» դատավճիռ, այսինքն ուժի մեջ թողնվեց առաջին ատյանի չարաբաստիկ դատավճիռը։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ տարիներ շարունակ չգրանցված կազմակերպություն ղեկավարող եհովայական երեցը վայելում է իր ազատությունը։ Թերեւս այդ ազատությամբ նա շարունակում է իր քարոզչությունն ու աղանդավորական գործունեությունը։
Իսկ մեր «սիրասուն, քաղցրանուն ու բարձրանուն» հայրենիքը ներկայացնող պետությունը յուրօրինակ, հատուկ մոտեցում է ցուցաբերում այս գործի նկատմամբ։ Առաջին ատյանն արդարացնում է, որովհետեւ «հանցակազմը բացակայում է»։ Վերաքննիչ դատարանն արդարացնում է, որովհետեւ «ապացույցներն անբավարար են եւ սպառվել են դրանք ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»։ Ավելորդ չեմ համարում հիշեցնել նաեւ այն անօրինակ վրդովմունքն ու «աթոռաշպրտումը», որով «հանդես եկավ» վերաքննիչ դատարանում նախագահող դատավորը։ Թերեւս հարկ է թարմացնել նաեւ այն փաստի հիշեցումը, որ վերաքննիչ դատարանի դատավճիռը լսելու համար Լյովա Մարգարյանն ու իր «պաշտպանական կողմը» չէին ներկայացել։ Եվ ներկայացան միայն այն ժամանակ, երբ ցանկացան։
Ինչեւէ, վճռաբեկ դատարանն էլ որոշեց, ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, արդարացնել Լյովա Մարգարյանին։ Կարծում եմ, նման մոտեցմամբ արդարացվում է նաեւ «Եհովայի վկաներ» աղանդի գործունեությունը։ Մինչդեռ ուսումնասիրությունների եւ հետազոտությունների արդյունք համարվող շատ հրապարակումներ հիմնավորում են, որ գոյություն ունեցող քրիստոնեական աղանդներից «Եհովայի վկաները» քրիստոնեությունից զգալիորեն հեռու է։ Ստացվում է, որ անգամ անօրինական գործունեություն ծավալած եհովայականին չի կարելի, այո՛, չի կարելի դատել, քանի որ նա ինչ-որ աղանդի ներկայացուցիչ է։ Դեռ ավելին։ Եվրամիություն մտնող եւ տարատեսակ միջազգային պայմանագրեր ու կոնվենցիաներ ստորագրող Հայաստանն արդյոք կարի՞ք ունի նույն այդ Եվրամիության, եթե դրանով պիտի ավերվեն պետականության հիմքերը։ Չէ՞ որ դարերի ընթացքում առանց պետականության ապրած ժողովրդին բազմաճյուղ աղանդներն ու «հիմնարար» կոչվող ազատությունները չէ՛, որ պահել են։
Մենք լա՛վ գիտենք, թե ինչն է մեզ պահպանել, օգնել գոյապայքարի սարսափելի դարեր անցնել։ Գիտենք նաեւ, թե ինչն է մեզ ապավեն եղել։
Եվ այսօր, համամարդկային արժեքների այս գերակայության մեջ արդյոք մոռանա՞լ է պետք մեր պատմությունը։ Ո՛չ, այդ մոռացումը ոչնչության սկիզբ է եւ պետք չէ ընտրել այդ ճանապարհը։ Իսկ որ եհովայական «հայերի» անհաղորդ հայացքներն ու Աստվածաշունչն «անգիր արած» եւ լիովին «մարսած» նրանց գիտակցությունը տանում են հենց այդ ճանապարհով, կասկած լինել չի կարող։
Ուրեմնՙ ի՞նչ։ Մեղքն ո՞ւմ վիզը, երբ հարցն այդքան կարեւոր է։ Թերեւս... ոչ պետության։
Ա. Հ.