«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2002-04-18 | #73, 2002-04-19 | #74, 2002-04-20


ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ

Պետրոս Աֆարյանը մայրաքաղաքի Վահան Թեքեյանի անվան կրթահամալիրի յոթերորդ դասարանի աշակերտ է։ Նա աչքի է ընկնում ոչ միայն ուսման առաջադիմությամբ, այլեւ պարային տաղանդով։ Պետրոսն առաջին մրցանակների է արժանացել Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցած մրցույթներում։

Պետրոսի մայրըՙ տիկին Սիլվան, բուժքույր է եւ, ինչպես բոլոր բուժաշխատողները, ամիսներ շարունակ աշխատավարձ չի ստանում, նրա համար չափազանց դժվար է անչափահաս երկու երեխաների ապրուստն ապահովել։ Աֆարյանների ընտանիքը մեկն է 20-ից, որ ընդգրկվել է դպրոցի առավել անապահով ընտանիքների շարքումՙ ՌԱԿ եւ ԹՄՄ հերթական դրամական աջակցությունը ստանալու համար։ Այս անգամ բարերարը սիրիահայ Հովսեփ Մարգարյանն է։ Օգնություն ստացան ծնողազուրկ, զոհված ազատամարտիկների, բազմազավակ ընտանիքների երեխաներ։ Կրթօջախի տնօրեն Անահիտ Խալաթյանի խոսքերով, դպրոցում սովորող աշակերտներից մոտ 140-ը ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքներից են։

Ծնողներին գումարը հանձնեց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։ Նրա խոսքերով, չնայած տրվող գումարը մեծ չէ, սակայն ծանր պայմաններում ապրող մարդու համարՙ անհրաժեշտ։ Այնուամենայնիվ, ՀՌԱԿ ատենապետի կարծիքով, օգնության ծրագրերից գործնական քայլերի է անհրաժեշտ անցնել։

Տիկին Խալաթյանը շնորհակալություն հայտնեց Ռուբեն Միրզախանյանին դպրոցի խնդիրներով մտահոգվելու եւ կրթօջախի նկատմամբ ունեցած հոգատար վերաբերմունքի համար, որ ՀՌԱԿ ատենապետը ցուցաբերում է տարիներ շարունակ։

Ռամկավար Ազատական կուսակցությունը եւ Թեքեյան մշակութային միությունը վերջին տասը տարում հնարավորինս հովանավորում են հանրապետության բոլոր Թեքեյան դպրոցներին, իսկ ուսուցիչներին տրվող դրամական օգնությունը պարբերական բնույթ է կրում։ Մանկավարժներին աջակցությունն այսուհետ եւս կշարունակվի։ Նախատեսվում են նաեւ ծրագրեր աշակերտների համար։ Առաջիկայում սկաուտական խումբ կստեղծվիՙ բազմաթիվ աշակերտների համար կապահովվի ամառային հանգիստը։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4