«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2002-04-18 | #73, 2002-04-19 | #74, 2002-04-20


ՍՏԵՂԾՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՂ ԿԱՌՈՒՅՑ

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի հիմնադիր համագումարը

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) հիմնադիր համագումարը, որին մասնակցում էին Հայաստանի բոլորՙ մարզային եւ Երեւանի պալատների պատվիրակները։ Այդ կառույցները ստեղծվել էին անցյալ տարվա վերջերին, երբ խորհրդարանն ընդունեց «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքը, որի հիմնական սկզբունքը անդամագրման կամավորության դրույթն էր։ Երեկ կայացած համագումարի կարեւորությունը չի կարելի թերագնահատել, քանզի այսուհետ գործելու է մասնավոր բիզնեսի շահերը ներկայացնող եւ կոնկրետ գործառույթներ ունեցող մարմին։ Մինչ ԱԱՊ նախագահի եւ նախագահության ընտրությունները հաստատվեց կառույցի կանոնադրությունը։ Հիմնական խնդիրն այստեղ հանրապետական ԱԱՊ-ի համար մարզային պալատների հատկացրած անդամավճարների մասնաբաժնի չափն էր։ Առկա էր երկու առաջարկ. Հանրապետական պալատին հատկացնել մարզային պալատների անդամավճարների 20 տոկոսը, երկրորդըՙ 8 տոկոս։ Քվեարկությամբ ընդունվեց երկրորդ տարբերակը։

Այնուհետեւ համագումարի պատվիրակներին ողջունեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Նա նշեց, որ ի դեմս առեւտրաարդյունաբերական պալատի, պետությունը ցանկանում է տեսնել կամավոր սկզբունքով միավորվող մի կառույց, որը կնպաստի գործարար մթնոլորտի բարելավմանը, ներքին կոոպերացիայի ստեղծմանը, կպաշտպանի գործարարության շահերը։ Վարչապետը պատրաստակամություն հայտնեց աջակցել պալատինՙ առանց նրա գործերին միջամտելու։

Առեւտրաարդյունաբերական պալատի մասին համագումարի ընդմիջմանը կարծիք հայտնեց նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նրա կարծիքով, նախկին առեւտրաարդյունաբերական պալատը չէր բավարարում այսօրվա պահանջներըՙ բիզնեսի համախմբմանը, Հայաստանի գործարարությանն արտերկրում եւ երկրի ներսում ներկայացնելուն։ Պատճառն այն էր, որ չկար համապատասխան օրենսդրական դաշտ, եւ պալատը գործում էր «ինչ-որ անհայտ նորմատիվային բազայի վրա»։ Նոր ԱԱՊ-ն ունի հստակ ֆունկցիաներ։ Օրինակ, կարող է հայտարարել արտակարգ իրավիճակ (ֆորս-մաժոր), որն ի զորու է ազդել ցանկացած երկկողմ պայմանագրի վրա։ ԱԱՊ-ն ճանաչում է ստանում եւ պայմանագրեր կնքում այլ երկրների նույն կառույցների հետ։ Կարեն Ճշմարիտյանն արտահանման խրախուսումը եւս պալատի գործառույթների թվում նշեց, ասելով, որ միայն զարգացման գործակալության միջոցով դժվար է դա իրականացնել։ Իրական եւ արդյունավետ համարվեց ԱԱՊ համատեղ գործունեությունը փոքր եւ միջին ձեռնարկատիրության հիմնադրամի հետ, որը կնպաստի այս ոլորտի զարգացմանը։ Նախարարը նույնպես կարեւորեց այս կառույցում կամավոր անդամագրման սկզբունքը, ինչպես նաեւ նրա դերը Հայաստանի մինչեւ 2015 թ. տնտեսական զարգացման ծրագրի նախապատրաստման մեջ։ Իսկ ընդհանրապես ԱԱՊ-ն, ըստ Կարեն Ճշմարիտյանի, երկրի տնտեսական, սոցիալական, քաղաքական կայունության համար շատ կարեւոր օղակ է։

Համագումարի ընդմիջումից հետո պատվիրակներն անցան պալատի նախագահության եւ նախագահի ընտրությանը։ Վերջինիս պաշտոնում առաջարկված երկու թեկնածուներից մեկն ինքնաբացարկ հայտնեց, եւ Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանը մնաց որպես միակ թեկնածու։ Նա էլ գրեթե միաձայն ընտրվեց նախագահ։

Նախագահության կազմը, բացի մարզային եւ Երեւանի պալատների ղեկավարներից, համալրվեց եւս 2 անդամովՙ Ժյուլվեռն Հովհաննիսյան եւ Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախկին նախագահ Արամ Վարդանյան։

Համագումարի ավարտից հետո նոր կառույցի ստեղծմանն անդրադարձավ նրա նախագահը, խոստանալով մանրամասները ներկայացնել հրավիրվելիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Մարտին Սարգսյանը մասնավորապես կարեւորեց առեւտրաարդյունաբերական պալատի կազմում միջնորդ դատարանի ստեղծումըՙ տնտեսվարող սուբյեկտների միջեւ առաջացած խնդիրները նախքան դատարան հասնելը հարթելու նպատակով։ Նա նաեւ ընդգծեց արտահանումը խրախուսելու անհրաժեշտությունը, ասելով, որ մեր համախառն արտադրանքի ընդամենը 20 տոկոսն է արտահանվում, ինչը նշանակում է, որ մեր շուկան արդեն լճացած է։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4