«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2002-04-18 | #73, 2002-04-19 | #74, 2002-04-20


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎՍ ՄԵԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«Ազգն» իր ապրիլի 17-ի համարում տպել էր «Նոյյան տապան»-ի հաղորդումն անցյալ տարվա հունիսի 12-ին Անկարայում հիմնված Հայկական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած կոնգրեսի մասին։

Ապրիլի 20¬21-ը կայանալիք այս կոնգրեսը, դրան մեկ ամիս առաջ նախորդած Միչիգանի համալսարանում հայ եւ թուրք «գիտնականների» դռնփակ «գիտաժողովը» (որին «Ազգի» էջերում վերջերս մանրամասն անդրադարձել է Հակոբ Չաքրյանը), «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը» վերակենդանացնելու ջանքերը եւ այլ փաստեր կասկած չեն թողնում, որ այս բոլորն ուղղորդվում են մեկ կենտրոնիցՙ հետապնդելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական նպատակներ։

Հայկական հետազոտությունների թուրքական կենտրոնն օրերս հանդես է եկել եւս մեկ նախաձեռնությամբ։ Նրա համացանցային կայքում (ինտերնետ սայթ) տեղադրվել է կենտրոնի կազմակերպած հայկական հետազոտությունների մրցույթի ծանուցումը։ Մրցույթին կարող են մասնակցել այն հրատարակումները, որոնք լույս են տեսել «տեղական, ազգային եւ միջազգային մամուլում»։ Մրցույթի նպատակն էՙ «Հայկական մշակույթի եւ պատմության հանդեպ Թուրքիայում առկա հետաքրքրությունը մեծացնել եւ թուրքերի ու հայերի միջեւ կապի պակասը լրացնել»։ Մրցույթը բաց է բոլորի համար։ Նախատեսվել են նաեւ մեկական առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակներՙ համապատասխանաբար 1500, 1000 եւ 750 միլիոն թուրքական լիրա արժողությամբ (1 ամ. դոլարի փոխարժեքն այսօր շուրջ 1,5 մլն թուրքական լիրա է...)։ Բացի սրանցից, տրվելու է 10 խրախուսական մրցանակ։ Թեմայի սահմանափակումներ չկան, սակայն հրապարակումները պետք է նվիրված լինեն հայկական մշակույթին, հայոց պատմությանը, քաղաքականությանը եւ թուրք-հայկական հարաբերություններին։ Ծանուցումը հայտարարում է նաեւ այս մրցույթի հետապնդած վեց նպատակները, որոնցից երկրորդն էՙ «Թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ գիտակցորեն ստեղծվող լարվածությունը թուլացնելու ցանկությունը» (ընդգծումը մերն է¬ Գ. Յ.)։ Եթե հիշենք, որ ըստ «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» անդամների, հենց այս նպատակն էր իբր հետապնդում սույն հանձնաժողովը, ավելորդ մեկնաբանությունների կարիք չի մնում...

Մրցույթին մասնակցելու վերջին ժամկետն այս տարվա հուլիսի 31-ն է։

Կասկած չունենք, որ սույն մրցույթի մասնակիցների զգալի տոկոսը հայազգի ժիրայրլիպարիտյանները, ռոնալդսյունիներն ու նրանց նման երիտհայերն են լինելու։

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4