ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «ԱԼՄ հոլդինգ» հեռուստաընկերության ապրիլի 19-ի շնորհանդեսով ազդարարվեց հայկական հեռուստաեթերում նոր հեռուստակայանի հայտնությունը։ «ԱԼՄ հոլդինգ»-ը հիմնել է գործարար Տիգրան Կարապետյանը։ Հեռուստաընկերությունը հեռուստահաճախությունների մրցույթում շահեց 10-րդ մետրային հաճախականության լիցենզիան։
«ԱԼՄ հոլդինգ»-ի հիմնադիրն ու նախագահը, շնորհակալություն հայտնելով մաղթանքների համար, նշեց, որ հեռուստաընկերությունը «չի հրաժարվելու մեր անցյալից ու ներկայից, բայց միաժամանակ միտվելու է ապագային»։ Հեռուստահաղորդումներն իրենց ուղղվածությամբ լինելու են հիմնականում սոցիալական։ Ըստ Տիգրան Կարապետյանի, հեռուստակայանի աշխատանքն իր բնույթով լինելու է ընդդիմադիր, սակայնՙ ոչ իշխանությունների նկատմամբ, այլՙ բնակչության ցածր կենսամակարդակի։