Մեսրոպ արք. Մութաֆյանն ասում է, որ պատրիարքության գրադարանը հետազոտողների առջեւ կբացվի եկող տարի
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի հովանավորությամբ Անկարայում ապրիլի 20¬21-ը տեղի է ունեցել Հայկական ուսումնասիրությունների կոնգրես, որը կազմակերպել էր Անկարայի հայկական հետազոտությունների ինստիտուտը։ Վերջինս հիմնվել է 2001 թ. հունիսին, Եվրասիական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնին կից, եւ իրականացնում է հետազոտություններ Հայաստանի եւ հայ ժողովրդի վերաբերյալ։ Անկարայի ազգային գրադարանում տեղի ունեցած քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել «Հայկական հարցին իր ազգային, պատմական, կրոնական, մշակութային, իրավական, ահաբեկչական, հոգեբանական, մշակութային ենթատեքստերով»։ Ելույթներին անդրադառնալու ժամանակ կունենանք։ Այժմ անդրադառնանք կոնգրեսի «սենսացիային»։
Նախագահ Սեզերը կոնգրեսին հղած ուղերձում նկատել է. «Վերջին տարիներին Թուրքիան դարձել է որոշակի արշավի թիրախ։ Առաջին աշխարհամարտի որոշ ցավալի դեպքեր խեղաթյուրվել են, որպեսզի սեւացնեն Թուրքիան եւ թուրք ժողովրդին այսպես կոչված ցեղասպանություն իրականացնելու հանցագործությամբ։ Օտարերկրյա որոշ խորհրդարանականներ, ովքեր տեղյակ չեն պատմական փաստերին, փորձում են իրենց երկրների խորհրդարաններին պարտադրել ոչ իրատեսական որոշումներ։ Նրանց ջանքերը երբեմն հաջողություն են ունենում։
Այդուհանդերձ, բոլորը պետք է իմանան, որ նման քաղաքական խաղերը չեն կարող հասնել իրենց թիրախներին... Գիտական ուսումնասիրությունների համար մեր արխիվները բաց են։ Կոչ եմ անում բոլոր գիտնականներինՙ օգտվել այդ արխիվներից»։
Ըստ կիսապաշտոնական «Անատոլու» գործակալության, Հայկական ուսումնասիրությունների կոնգրեսին ուղերձներ են հղել նաեւ Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթը, պետական նախարար եւ փոխվարչապետ Մեսութ Յըլմազը։ «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումներին, որոնց նպատակը Թուրքիան եւ նրա պատմությունը սեւացնելն է, լավագույն պատասխանը կտրվի գիտնականների եւ պատմաբանների գիտական աշխատություններով։ Պատմական խնդիրները պետք է քննեն պատմաբանները։ Հայկական սփյուռքի ճնշման տակ որոշ երկրների խորհրդարաններիՙ ընդդեմ Թուրքիայի նախաձեռնությունները անհարգալից վերաբերմունք են պատմության եւ պատմաբանների հանդեպ։ Հուսով եմ, այս կոնգրեսը, փաստերը վեր հանելու առումով, սկիզբն է։ Այս կոնգրեսը կազմակերպել են ոչ կառավարական կազմակերպությունները, բայց եւ այնպես, չափազանց կարեւոր է», ասվում է Էջեւիթի ուղերձում։
Ակնհայտ է, թե ինչ ձեւով են թուրքերը գիտական ուսումնասիրությունների համար բացելու թուրքական արխիվները, որոնց մեծ մասն արդեն ոչնչացվել է։ Պարզ է նաեւ, թե Հայոց ցեղասպանության մասին Անկարայի վարձած գիտնականներն ու պատմաբանները, այդ թվումՙ հայազգի, ինչ ձեւով են «գիտական ուսումնասիրություններ» կատարելու։
2000 թ. նոյեմբերի 2-ի եւ 3-ի համարներում թուրքական «Ենի Գյունդեմ» թերթը տպագրեց Վահագն Տատրյանի հոդվածը, որում պատմվում էր ցեղասպանության գլխավոր ղեկավարների մահվան դատապարտման մասին, ինչը զայրույթ առաջ բերեց թուրք ընթերցողների, մտավորականության, պաշտոնատար անձանց շրջանում։
Եթե Օսմանյան կայսրությունը պետականորեն չէր կազմակերպել եւ իրականացրել 1,5 մլն հայերի ցեղասպանությունը, ապա ինչո՞ւ կայսրության իրավահաջորդ Թուրքիան դատեց, մեղավոր ճանաչեց, մահվան դատապարտեց եւ իրագործեց թուրք ջարդարարների պատիժը։ Երիտթուրքերի պարագլուխներըՙ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, մյուսները, կարողացան խույս տալ Թուրքիայի արդարադատությունից, բայց հետագայում սպանվեցին հայ վրիժառուների կողմից։ Կամՙ ինչո՞ւ 2001 թ. մարտին Լոնդոնում Թուրքիայի դեսպանի բողոքի նամակից հետո աշխարհի ամենամեծ պատկերասրահներից «Հալթոն Գեթթին» իր ինտերնետային ցանցից հանեց ցեղասպանության ընթացքում սպանված հայերի երեք առավել հայտնի լուսանկարներըՙ խոչընդոտելով դրանց օգտագործումը ԶԼՄ-ների կողմից։
Ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, դատապարտելով իր նախորդներիՙ Օսմանյան կայսրության ղեկավարների հանցագործությունները, 1922 թ. սեպտեմբերին հրաման տվեց կոտորել պատմական Զմյուռնիայի «անհավատներին». սպանվեցին 100 հազար հույներ, 30 հազար հայեր։ Մեկ տարի անց Փոքր Ասիայից արտաքսվեցին ավելի քան 1 մլն հույներ։
Ի դեպ, ապրիլի 19-ին, այսինքնՙ Հայկական ուսումնասիրությունների կոնգրեսի բացման նախօրեին, Ստամբուլի «Դեդեման» հյուրանոցում, Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը Մարմարա խմբի ռազմավարական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամի կազմակերպած հանդիպման ընթացքում տեղեկություններ է տվել պատրիարքության արխիվների մասին։ Պատրիարքության գրադարանը, որը կնքվել է 1916 թ. հուլիսի 30-ին եւ որտեղ պահվում են փաստաթղթեր ու ձեռագրեր, գիտնականների, պատմաբանների առջեւ կբացվի եկող տարի։ Թե ինչու եկող տարի, ոչ թե, ասենք, երկու օր հետոՙ Մութաֆյանը չի մանրամասնելՙ նշելով միայն, որ արխիվի մի մասն ուղարկվել է Երուսաղեմ եւ Փարիզ, իսկ պատրիարքությունը արխիվի ձեւավորումը վերսկսել է 1923 թ.։ Հատկանշական է, որ Պոլսի պատրիարքարանում չի պահպանվել 1916¬23 թթ. արխիվը։ Արք. Մութաֆյանը, պատասխանելով թուրք լրագրողների հարցերին, մասնավորապես ասել է, որ ամեն ոք կարող է օգտվել պատրիարքության արխիվից, «գիտնականների համար պատմությունը կբացվի, կբացահայտվեն պատմական փաստերը»։