«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2002-04-19 | #74, 2002-04-20 | #75, 2002-04-23


ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Կոտայքի մարզի չորս ակումբներինՙ Եղվարդ, Աբովյան, Հրազդան քաղաքներում եւ Բուժական գյուղում, ավելացավ եւս մեկը։ Լեռնանիստ գյուղում ակումբ հիմնելու առիթով Կոտայք էին մեկնել ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամներ Գառնիկ Հովակիմյանը, Մեսրոպ Հարությունյանը, գործիչ Կարեն Կակոյանը։ Երկխոսությունը Լեռնանիստի բնակիչների հետ բազմաթիվ հարցերի շուրջ էրՙ ավանդական կուսակցության պատմությունից մինչեւ երկրի ներքաղաքական իրավիճակը եւ այդ դաշտում ՀՌԱԿ ունեցած դերն ու դիրքորոշումները։

«Կուսակցություններն ինչո՞վ կարող են օգնել ժողովրդին», հարց հնչեցրեց հանդիպման մասնակիցներից մեկը։ Հաշվի առնելով ոչ վաղ անցյալում շատ քաղաքական կուսակցությունների պահվածքըՙ ընտրություններից առաջ պոպուլիստական գոռում-գոչյուններով, իշխանության հասնելուց հետո էլ տված հիշողության կորստի դրսեւորումներով, հարցն արդիական է։ Ազգի ընտրյալները երկրի խորհրդարանում իրենց խնդիրներն են լուծում, գրվող օրենքներն էլ իրենց շահերին են ծառայեցվում։ (Իհարկե, կան նաեւ ազնիվ, հայրենանվեր մարդիկ, բայց նրանց քանակը որակ չի ապահովում)։

«Կուսակցություններն ինչո՞վ կարող են օգնել ժողովրդին»։ Հաշվի առնելով վերը թվարկվածը, ինչն այսօր, ցավոք, մեր իրականությունն է, պարզ է դառնում նաեւ հարցի պատասխանը թեկուզ խորհրդարանի օրինակով։ Քաղաքական կուսակցությունը, ստանալով ժողովրդի վստահության քվեն, պարտավոր է աշխատել ժողովրդի, ոչ թե սեփական գրպանի համար։

Լեռնանիստի բնակիչներն ասում էին, որ նախորդ ընտրություններին մեր երկրի համար արդեն ավանդույթ դարձած ընտրակաշառքն իրենց կողքով էլ չի անցել։ Վաճառեցի՞ր ձայնդ օղիով, ձեթով կամ բրնձով։ Էլ ի՞նչ իրավունք ունես պահանջելու, որ ընտրյալդ քո շահերը պաշտպանի։ Գործարքն արդեն կատարվել է։ Այդ պատճառով էլ նախընտրական շրջանից հետո պատգամավորին այլեւս չեն տեսնում, էլ ուր մնաց նրանից ինչ-որ բան պահանջելը։ Մարդիկ նշում էին, որ հաշվի առնելով սեփական դառը փորձը, այսուհետ այդպես չեն վարվելու, այլ սրտի կամոք են ընտրելու։

Այդ օրը ավանդական կուսակցության մաս կազմեցին եւս 15 մարդ, նրանց մեծամասնությունը երիտասարդներ էին։ Ձեւավորվեց նաեւ գյուղի ՀՌԱԿ ակումբը, որը «Լեռնանիստ» անվանվեց։ Նորաստեղծ կառույցի ատենապետ դարձավ Վահրամ Վիհրաբյանը, վարչության անդամներ ընտրվեցին Գեղամ Հարությունյանը, Ռոմիկ Հակոբյանը, Կարեն Հարությունյանը, Ռոմիկ Հարությունյանը։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4