«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2002-04-19 | #74, 2002-04-20 | #75, 2002-04-23


ԱՐԵԳՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ՈՒ ՆՐԱ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ

ԱՇՏԱՐԱԿ, 22 ԱՊՐԻԼ. ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 21-ինՙ արցախյան հերոսամարտի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրը, նրա ծննդավայրումՙ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Արեգ գյուղում տեղի ունեցավ հերոսի եւ նրա համագյուղացի նահատակ յոթ զինակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացումը։

Կոթողի շինարարությունն իրականացվել է համայնքի ու մարզի ղեկավարության եւ բնակիչիների ուժերով։ Այն գտնվում է մի տարածքում, ուր ամփոփված են զոհված արեգցի ազատամարտիկների շիրիմները։ Նախատեսվում է վայրն ընդարձակել եւ դարձնել բարեկարգ հուշահամալիր։

Բացման հանդիսությանը ներկա էին հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը, ԱԺ փոխնախագահ Գագիկ Ալանյանը, մարզպետ Հրայր Կարապետյանը, այլ պաշտոնյաներ, հյուրեր մայրաքաղաքից, հարեւան մարզերից։ Հուշակոթողը բացեցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ հերոսի դուստրըՙ Ասպրամ Կրպեյանը։ Նահատակների, նրանց հերոսական կերպարների մասին պատմեցին մարտական ընկերները, հարազատներն ու հյուրերը։ Ելույթ ունեցավ ազգագրական «Ակունք» համույթը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4