Հայտարարեց Մուշեղ Սաղաթելյանը
Մ. Սաղաթելյանի գործով դատավարությունը, թվացյալ ավարտին մոտենալու փոխարեն, թերեւս էլի որոշ ժամանակ ձգձգվի։ Երեկվա նիստը նախ սկսվեց մեծ ուշացումով։
Դատավորը կողմերին տեղեկացրեց, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը վարող Սամվել Ուզունյանը մերժել է Միսակ Մկրտչյանի ցուցմունքի պատճենն ստանալու միջնորդությունը։ Մերժումը տրվել է այն հիմնավորմամբ, որ նշված անձը «Հոկտեմբերի 27»-ի գործով վկա է, որի ցուցմունքը դատարանում դեռ չի լսվել եւ չի հետազոտվել որպես ապացույց։
Մ. Սաղաթելյանի պաշտպանը մանրամասնեց, որ միջնորդությամբ պահանջել են ոչ թե ցուցմունքի բովանդակություն, այլ արձանագրության տեքստըՙ ճշտելու համար, թե ցուցմունք տալու ժամանակ ընդմիջումներ եղե՞լ են, թե՞ ոչ։
Ապա դատավորը ներկայացրեց, որ 12 տուժողից չի հարցաքննվել միայն Անտոն Վարդանյանը, որը հեռագիր էր ուղարկել Մոսկվայիցՙ չկարողանալով ներկայանալ դատարան։ 74 վկաներից հարցաքննվել են 56-ը։ Մնացյալ 18 վկաներից 10-ը դատարանին տեղեկացրել են, որ դատավարությանը չեն կարող ներկայանալ վատառողջության պատճառով։ Ի դեպ, գործով վկա, ՀՀ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը դատարան չներկայանալը հիմնավորել էր իր զբաղվածությամբ։
Ինչեւէ, նշված 10 վկաներն էլ հայտնում էին, որ կարող են գործի համար հիմք ընդունվել իրենց նախաքննական ցուցմունքները։ Մնացյալ 8 վկաների ցուցմունքները չեն քննվի որպես ապացույց։
Քննարկման նյութ դարձավ գործակալ «Շեյթանի» հարեւանուհի Գայանե Պողոսանի վկայության հարցը, քանի որ վերջինս չի բնակվում իր նշած հասցեում։ Պաշտպանը միջնորդեց միջոցներ ձեռնարկել նրա ներկայությունը դատարանում ապահովելու համար։
Ապա ամբաստանյալն առաջարկեց, որ ինքը սկսի ցուցմունք տալ «մինչեւ հիվանդ վկաներն առողջանան»։ Մինչ Մ. Սաղաթելյանի ցուցմունքին անցնելը, դատավորը հրապարակեց տուժող Հովհաննես Դավթյանի նամակը, որով նա պահանջում է պատճառված վնասի հատուցում մոտավորապես 250 հազար դրամի չափով։ Տուժողներից նա է միայն, որ պահանջում է պատճառված վնասի հատուցում։
Այնուհետեւ կողմերը պայմանավորվեցին, որ ամբաստանյալ Մ. Սաղաթելյանն իր ցուցմունքը ներկայացնի ըստ մեղադրանքի հոդվածների կամ ըստ դրվագների։
Ամբաստանյալը սկսեց ծառայողական առաջխաղացման համար ՆԳՆ կեղծ դիպլոմ ներկայացնելու մեղադրանքից։ Հայտարարելով, որ այս դրվագով ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, Մ. Սաղաթելյանը հիմնավորեց, թե կեղծ դիպլոմի պատճենի մասին առաջին անգամ իմացել է «Հայոց աշխարհ» թերթից։ Ըստ նրա, 2001 թ. հուլիսի 3-ին ՆԳՆ կադրերի գլխավոր վարչության պետ Գագիկ Մինասյանը, ծառայողական խնդիրների կապակցությամբ, իր անձնական գործում նկատել է ինչ-որ բան։ Դրա հիման վրա կատարվել են ստուգումներ։ Հարցում է ուղարկել ՌԴ Բելգորոդ քաղաք (որտեղի կեղծ դիպլոմի պատճեն է եղել Մ. Սաղաթելյանի անձնական գործում)։ Եվ այս ամենն, ըստ ամբաստանյալի, այն բանի համար, որ 2001 թ. հունիսի 16-ին ինքը հարցազրույց է տվել «Առավոտ» թերթինՙ ՆԳ նախարարին անվանելով ստրկամիտ։
Մ. Սաղաթելյանը նշեց, որ դրանից էլ առաջՙ 2000 թ. ապրիլին ինքն անհիմն ազատվել է ՔՊԻՎ պետի պաշտոնից։ Ազատման նախորդ օրը նրան գիշերվա ժամը 1-ին նրան իր մոտ է հրավիրել ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը եւ հայտնել, որ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանն իրեն պարտադրել է Սաղաթելյանին ազատել աշխատանքից իր զեկուցագրի հիման վրա։ Ընդ որում, Ռ. Քոչարյանը նշել է, թե Մ. Սաղաթելյանն ընկել է իր հետեւից։
ՆԳ նախարարը նշել է նաեւ, թե երկրի նախագահը պահանջել է, որ Սաղաթելյանի զեկուցագիրն իր սեղանին լինի այդ օրը ժ. 4-ինՙ չթողնելով, որ ՆԳ նախարարը մասնակցի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հոր հուղարկավորությանը։
Մ. Սաղաթելյանը տեղեկացրել է, որ վարչապետ Արամ Սարգսյանը տեղյակ է այդ ամենից։ Ամբաստանյալը հեռացել էՙ առանց զեկուցագիր գրելու։
Վարչապետ Արամ Սարգսյանի հետ էլ խոսակցությունը հանգել է նրան, որ եթե ՆԳ նախարարը հեռացնի Մուշեղին, վարչապետն էլ կազատի ՆԳ նախարարին։ Հետո, ըստ ամբաստանյալի, սկսվել են իր հետապնդումները։ Մի քանի պատմություն էլ պատմելովՙ Մ. Սաղաթելյանը հասավ այնտեղ, որ «...2001 թ. սեպտեմբերի 25-ին ինձ հրավիրեցին քննիչ Հակոբ Բաբայանի մոտ. ողբերգությունը սկսվում է»։ Պատճառը «Շեյթանի գործն» էր։
Այս դրվագով ամբաստանյալը պատմեց դատավարությունից արդեն հայտնի դեպքերը, հավաստելով, որ «Շեյթանին» է տվել մոտ 1300 դոլար։ Գորիսի դեպքերի կապակցությամբ էլ նշեց, թե այդ օրը եղել է հիվանդ, բարձր ճնշումով։ Ոչ մեկին չի ծեծել, վրաները ջուր լցնելու հրաման չի տվել, քանի որ անընդհատ թեյ էր խմում, «կպել էր վառարանին», որովհետեւ մրսած էր։
Գարիկ Արզումանյանի դրվագով էլ ամբաստանյալը պատմեց վերջինիս ասած ստերն ու հավաստեց, որ Գ. Արզումանյանին պահել է վարչությունում, նրա հետ գնացել է Վեդի, քանի որ ուզում էր իմանալ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների մասին։
Այս հատվածից ցուցմունքը կշարունակվի այսօր։
Ա. Հ.