«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2002-04-19 | #74, 2002-04-20 | #75, 2002-04-23


ՓԱՌԱՄՈԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՈՒՐՎԱԾ ՑԻՆԻԶՄ

Կամ ռեւանշի անզոր փորձի ամլության 4 տարիներ...

Տողերի հեղինակը սովորական շարքային քաղաքացի է։ 1992-95 թթ. կամավոր մեկնել է հայոց բանակ, եղել է պարետի, գնդի հրամանատարի տեղակալ, բրիգադի հրամանատարի տեղակալի պաշտոնակատար, ռազմական հակահետախուզության սպա։ Մասնակցել է տարածքում տեղի ունեցած մարտական բոլոր գործողություններին։ Զինված ուժերից ազատվել է 1995 թ. իր դիմումի համաձայն։ Ի գիտություն ՀՀՇ-ականներիՙ նա եւս մշտական աշխատանք չունի, սակայն ծառայությունների դիմաց, ՀՀՇ-ականների պես, հայրենիքին որեւէ պահանջ չի ներկայացնում։ Շատերի նման նա նույնպես ցանկանում է իր երկրի, իր ժողովրդի բարեկեցությունը, որը հնարավոր է միայն ներքին կայունությամբ եւ աշխատատեղերով ու արդյունավետ գործունեությամբ։

"Կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես։" Աբրահամ Լինկոլն

Որ մեր ազգի մեջ էլ, ցավոք, կա մշտապես հիմարացվող մաս, գաղտնիք չէ։ Որ մեր երկրում կա մի կուսակցություն, որի հիմնական ընտրազանգվածը հասարակության հենց այդ հատվածն է, նույնպես գաղտնիք չէ։ Որ այդ կուսակցությունը տխրահռչակ ՀՀՇ-ն է, պարզից էլ պարզ է...

Շուրջ մեկ տարի է մնում մինչեւ նախագահական ընտրությունները։ ՀՀՇ-ին օդից ու ջրից առավելՙ ընտրաքվեներ են պետք։ Ժողովրդի մշտապես հիմարացվող մի մասի (որի քանակությունը տատանվում է սովորաբար 20-30 հազարի սահմաններում) կողմից իրենց տրվելիք ձայները որեւէ էական ազդեցություն անգամ չեն կարող ունենալ ՀՀՇ այն «սուրբ» նպատակի կենսագործման համար, որը կոչվում է իշխանության վերազավթում։ Իսկ իշխանատենչությունը հանգիստ չի տալիս, ռեւանշի մոլուցքը խաթարել է բանականությունը (եթե եղել է), ժողովրդին կրկին «առաջնորդելու», մեկ անգամ եւս «ղեկավարելու» անհագուրդ տենչը վերածվում է սպիտակ տենդի։ Ընտրապայքարի սովորական եղանակներով նրանք առաջնորդվել չեն կարող։ Ո՞ր ՀՀՇ-ականը կհամարձակվի սեփական կուսակցության անունից որեւէ բնակավայր մտնել։ Նրանց դիմավորում են դագանակներով, հայհոյանքներով ու անեծքով։ Ո՞ր քաղաքական ուժը, կուսակցությունը կհամաձայնի դրա հետ դաշինքի մեջ մտնել, առանց վտանգելու սեփական պատիվն ու հեղինակությունը։

«Ի՞նչ կասեք ընտրություններում ձեր հնարավոր դաշնակիցների մասին» հարցին ցանկացած քաղաքական կուսակցության ներկայացուցիչ պատասխանում է, որ դաշինք հնարավոր է բոլորի հետ, բացառությամբ ՀՀՇ-ի եւ հհշածին կուսակցությունների։ Ամենուր թշնամիներ են, ամենուրՙ հակառակորդներ։ Ուղին մեկն է. վարկաբեկել բոլորին ու ամեն ինչՙ կուսակցություններին, մտավորականներին, իշխանություններին, ցանկացած լրատվամիջոցի (սեփականից բացի), կաթողիկոսին, անգամ «տգետ» ու «անհասկացող» մեր նոր սերնդին։ Աներես ճանճի նման իրենց «ծառայությունն» են առաջարկում ամենքինՙ տարածաշրջան թափանցած ամերիկացիներին, նաեւՙ թուրքերին ու ադրբեջանցիներին, անգամՙ բեն Լադենին, միայն թե տիրանան իշխանության ղեկին, սակայն «ծառայություններն» էլ չեն ընդունվում... Այդ ամենին զուգահեռ փորձեր են արվում նաեւ հոգեբանական զանգվածային գրոհներ ձեռնարկելու ժողովրդի վրա, հասնելու այն բանին, որ ամենուր սփռվի սարսափի իշխանությունը։

Իսկ ի՞նչ է սարսափը։ Ըստ մասնագետներիՙ դա կարճատեւ կամ կայուն զգացում է, որը մարդու մեջ առաջանում է իրական կամ երեւակայական վտանգից։ Սարսափը կարող է հանդես գալ ոչ միայն անհատի, այլեւ սոցիալական խմբերի եւ ամբողջությամբ հասարակության գիտակցության մեջՙ որպես կայուն գիծ։ Սարսափի հենց այս ձեւն է այսօր խիստ անհրաժեշտ ՀՀՇ-ին, որի տարածման ուղղությամբ էլ ակտիվորեն աշխատում են նրա ԶԼՄ-ներն ու «Արմատի» մակարդակի «գիտական» կենտրոնները։

Հավանաբար քչերն են ուշադրություն դարձրել «Առավոտ» թերթի ս. թ. մարտի 15-ի եւ 16-ի համարներում տպագրված «Քառամյա ամլություն, կամ Հայաստանի պետականության քայքայումը» պատմաքաղաքական թե տնտեսավերլուծական անհասկանալի «աշխատությանը»։

Կոլեկտիվ տրակտատի հեղինակները (մեղքս ինչ թաքցնեմ, ով Երջանիկդ երջանկագույններից. դրա «հեղինակը» լինելու համար չափազանց համեստ է ընդունակություններիդ սահմանը), «խորությամբ վերլուծելով» Երրորդ հանրապետությունում հատկապես վերջին չորս տարիներին կատարվածը, ընթերցողի մեջ որեւէ «կասկած չեն թողնում», որ «...Քոչարյանն ու նրան սատարող ուժերը քաղաքական անգրագիտության, թե օտարներին ծառայելու նպատակով Հայաստանի պետական ռեսուրսները մատնում են փոշիացման, որ դրա հետեւանքով երկիրը կարող է ավար դառնալ միջազգային այն շահերին, որոնց խանգարում է Հայաստանի բուն գոյությունը...»։ Այսինքն, ով հայ ժողովուրդ, մտածիր, վտանգված է, կասկածի տակ է դրված նույնիսկ քո ֆիզիկական լինելիության հարցը։ Ո՞վ է մեղավոր։ Իհարկե, Ռ. Քոչարյանը։

Սարսափ ֆիլմի սցենարով գրված այս աշխատությունը բաղկացած է երեք գլխից ու տասնմեկ ենթագլխից... Դրանցում «անառարկելի փաստերով» «ժողովրդի ծոցից դուրս եկած», մշտապես հիմարացվող հատվածին (որի շարքերը, բարեբախտաբար, չեն ստվարանում) «ապացուցում է», որ 1988 թվականից հետո Հայաստանը կրկին «հայտնվել է» ավանդական «մոլորությունների» գրկում, այն էՙ գործող իշխանությունները «գոյատեւությունը դարձրել են ազգային նպատակ» եւ ժողովրդին ավանդույթով համոզել են, թե մենք անկարող ենք սեփական ուժերով դիմագրավել արտաքին վտանգը եւ մեր գոյությունը կարող ենք պահպանել միայն մի «բարեկամ» ժողովրդի «հովանավորությամբ»։ «Մեծ ստրատեգը», զարգացնելով միտքը, շարունակում է. «...Ժողովուրդը չպետք է մտածի գոյատեւելու մասին։ Գոյատեւությունը ազգի նպատակ համարելու դարավոր մտայնությունը, որ ընկրկել էր ազգային անկախության եւ ղարաբաղյան շարժման հզոր ալիքի առջեւ, 1998 թ. նորից առաջ մղվեց։ Եվ Հայաստանի ներկա իշխանությունները, ծախու քաղաքական ուժերի (բացի, իհարկե, ՀՀՇ-ից.- Մ. Հ.) եւ հայտնի մտավորականության հետ ձեռք ձեռքի, շտապում են անկենսունակ դարձնել Հայաստանը որպես պետություն...»։ Այնուհետեւ, առաջին գլխում, կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ ՀՀՇ-ի «ճկուն» արտաքին քաղաքականությունը չշարունակելու հետեւանքով վերադարձ է կատարված դեպի «կողմնորոշումային ճահիճը, այսինքնՙ «կողմնորոշում» դեպի Ռուսաստանը։ Իսկ «պարզվում է», որ «90-ականների սկզբին եւ այժմ էլ Արեւմուտքին ձեռնտու չէր Հայաստանի ռազմական պարտությունը եւ Ղարաբաղի վերջնական անցումը Ադրբեջանին։ Ռուսաստանն էլ այդ նույն ժամանակ ստիպված էր մի քանի պատճառներով (թե որո՞նք էինՙ գաղտնի է պահվում.- Մ. Հ.) հակվել Հայաստանի կողմը։ Այս եւ այլ պայմանները հաշվի առնելովՙ ՀՀՇ-ի իշխանությունը տվյալ իրադրության մեջ սերտացրեց Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը, այսինքնՙ ընկալեց շահերի համընկման պահը եւ դա ծառայեցրեց մեր երկրի շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակին»։ Իսկ ահա, 1998 թ. հետո Հայաստանի ղեկավարները «փարվեցին ավանդական կողմնորոշումային քաղաքականությանը»։ Այ, եթե Երջանիկ Աբգարյանը դա ժամանակին «բացատրեր», որ իրենց իշխանությունը «ընկալելու է շահերի համընկման պահը» եւ Ղարաբաղը «առանց պատերազմի» պետք է անկախանար, ապա ազգը «իզուր» այդքան զոհեր չէր տա, իր սերուցքը չէր դատապարտի մահվան, Վազգեն Սարգսյանը մահապարտներ չէր հավաքագրի։

Պարզելով, որ ՀՀ նախագահը խիստ «ռուսամետ է» եւ խստորեն քննադատելով Քոչարյանի արեւմտամետության «քամի» լինելըՙ հեղինակները (այսուհետՙ Ե. Աբգարյանը.- Մ. Հ.) նշում են. «... կատարվում էին գործեր, որոնք արեւմտամետը թույլ չէր տա։ Հենց այս գործերն էլ (չի նշվում.- Մ. Հ.) հուշում էին, որ Քոչարյանի արեւմտամետությունը քամի է, որը կարող է փոթորիկի վերածվել, ընդհուպՙ քաղաքացիական պատերազմի, իսկ 1998 թվից իրականացնում է այնպիսի քայլեր, որոնք ապացուցում են, որ իրականում նա քարթու ռուսամետ է»։ Մի՞թե վատ է, պարոն, որ ՀՀ նախագահն ընդառաջ գնա իր ժողովրդի ծանրակշիր մասի ցանկությանը։ Իսկ ինչո՞վ է Քոչարյանի «քարթու ռուսամետությունն» ապացուցվում.

1. Հայաստանի անժամկետ կցումը Հավաքական անվտանգության պայմանագրին։

2. Հայաստանի տարածքում ռուսական զորքերին արտոնությունների տրամադրումը։

3. Ռուսաստանի մենաշնորհը էներգակիրների մատակարարման ասպարեզում։

4. Ռուսաստանի մասնակցությամբ ձեռնարկությունների աճի հովանավորումը, որը ներկայումս կազմում է համատեղ ձեռնարկությունների ընդհանուր թվի մեկ քառորդը։

5. Ռուսաց լեզվի դերի ընդլայնումը։

6. Միջազգային ատյաններում Հայաստանի անվերապահ ռուսամետ դիրքորոշումները։

Ահա հանրապետության նախագահի արտաքին քաղաքականությանը ներկայացվող ՀՀՇ-ի «գլխավոր մեղադրանքների» ոչ լրիվ շարքը։ Եվ խնդրեմ, ռուսամետության «ահավոր» հետեւանքներից մեկը, ըստ Երջանիկ Աբգարյանի. «Ռուսական բանակի գլխավոր շտաբի պետը Շիրակի մարզպետի հետ խոսում է այնպես, ինչպես կխոսեր իր ենթակայի հետ, իսկ վերջինս ստրկահարգական կեցվածքով ծալծլվում է նրա առաջ։ Ավելին, Հայաստան այցելելիս առաջինը ողջագուրվում են այստեղի ռուս հրամանատարների հետ, կարծես նրանց հողն են եկել...»։ Ճիշտ է նկատել Երջանիկը. մենքՙ «քաղաքակիրթ» հայերս, Ավստրալիա, Սիրիա, ԱՄՆ այցելելիս ողջագուրվում ենք նախ առաջին իսկ ավստրալական աբորիգենի, օդանավակայանի արաբ մաքսավորի, ամերիկյան իրոկեզների ու նեգրերի, ապա նորՙ մեզ դիմավորող հարազատների հետ։ Քանզի «դա են պահանջում» քաղաքական կուլտուրան եւ անկախ երկրին հարգելու պարտքի զգացումը։ Ուրեմն ուշքի եկեք հայեր, որովհետեւ «...Ռուսաստանը կարող է եւս մեկ անգամ հայերին եւ Հայաստանին կանգնեցնել փաստի առջեւ եւ հանուն իր շահերի զոհաբերել ե՛ւ հայկական տարածքները, ե՛ւ Հայաստանի անկախությունը»։ ¬ Միջազգային ասպարեզում «Հայաստանի շահ» հասկացությունն այլեւս չկա,- շարունակում է «մեծ ստրատեգը»։ Հայաստանը հայտնվել է մի գոտում, որը շրջանցում են բոլոր միջազգային շահերը։ Հայաստանը որեւէ մեկի համար որեւէ արժեք չի ներկայացնում. «...այսօր ԱՄՆ-ում խոսում են այն մասին, որ եթե Հայաստանը չլինի, տարածաշրջանում ամեն հարց ինքնաբերաբար կլուծվի։ Այս մտայնությունը 387 թվին Հայաստանն այնպես ոչնչացրեց որպես պետություն, որ դրանից հետո հայերն այդպես էլ ուշքի չեկան...» (Խոսքը հավանաբար վերաբերում է Հայաստանի առաջին մեծ բաժանմանըՙ Իրանի եւ Բյուզանդիայի միջեւ։ Իսկ թե այս հարցի հետ ի՞նչ առնչություն ունեն Ռ. Քոչարյանն ու ԱՄՆ-ը, «մի փոքր» անհասկանալի է.- Մ. Հ.)։ Հետեւում է I ենթագլխի «ահասարսուռ» եզրակացությունը. «Այս մոլորության հետեւանքով Հայաստանը մշտապես հայտնվել է ողբալի դրության մեջ։ Հայ դատի առաջացումը հենց հավերժական կողմնորոշման հետեւանքն է»։ Այնուհետեւ պարզվում է, որ Հայ դատի ստեղծման նպատակը ոչ թե հայ ժողովրդի արդար իրավունքների վերականգնումն է, այլՙ «պարտված ու խայտառակված ազգային վերնախավի»։

Իսկ որ ղարաբաղյան հակամարտության լուծումը «փակուղի է մտել», Ե. Աբգարյանը «չի էլ կասկածում»։ Եվ ինչո՞ւմ է տեսնում «մեծ դիվանագետը» դրա պատճառը. «Հայաստանի տարաբնույթ քաղաքական ուժերի եւ կեղծ ազգային մտավորականության համընդհանուր միավորումը ՀՀՇ-ի դեմՙ անհնար դարձրեց այն քաղաքական կուրսի շարունակումը, որով հնարավոր էր դառնում այդ հակամարտության լուծումը հայերի համար առավել նպաստավոր պայմաններով»։ Ապա ամենայն խորությամբ «վերլուծում է» այդ խնդրում եւս Քոչարյանի «ահավոր, հակազգային սխալները»։ Կարդալով այդ ամենըՙ ակամա «համոզվում ես», որ «ելքը» միակն է. «Այս երկիրը կփրկի միմիայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե, իհարկե, իր թիկունքին ունենա ՀՀՇ-ի նման քաղաքական կազմակերպություն»։ Կհասկանա՞ հայ ժողովուրդն այս պարզ ճշմարտությունըՙ մի կերպ կփրկվի, եթե ոչՙ թող մեկ անգամ եւս ուշադիր նայի «Պոմպեյի վերջին օրը» կտավը...

Առավել «ուսուցանող» է աշխատության երկրորդ գլուխըՙ «ՀՀ քաղաքական դաշտի քայքայումը», հատկապեսՙ «Խարդավանքներ» ենթագլուխը։ Խոսքն այն «խարդավանքների» մասին է, որոնց հետեւանքով Ռ. Քոչարյանը «հայտնվեց» ՀՀ վարչապետի աթոռին։

Այդ առումով էլ «պատմական» հետաքրքիր եւ «հավաստի» աղբյուրներից է օգտվել «աշխատության» հեղինակը։ Պարզվում է, որ Ղարաբաղի պաշտպանության կոմիտեի նախկին նախագահ, ԼՂ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1993¬97 թթ. զբաղվել է «...ընդամենը Հայաստանից եւ արտասահմանից կատարվող մատակարարումները «հաջողացնելու», օտարերկրացիներին Ղարաբաղը ներկայացնելու դրվագներով եւ պարապությունից անգլերեն էր սովորում, որովհետեւ դիտորդի կարգավիճակում էր»։ Զուգահեռ նկարագրվում է Սերժ Սարգսյանի «անցած» ուղին. «Հետեւում էին մնացել տեղական թայֆայական հակասությունները, որոնց հետեւանքով Ս. Սարգսյանը դուրս էր մղվել Ղարաբաղից»։ Հասկանալի է, որ մարդը չպետք է «պարապ» նստեր, դրա համար էլ ՀՀՇ իշխանությունները Վ. Սարգսյանի միջնորդությամբ «Ղարաբաղից դուրս մղվածին» «մի թեթեւ» զբաղմունք տվինՙ առաջարկելով... ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ Կցանկանայի ընդամենը հիշեցնել, որ «Ղարաբաղից դուրս մղվածը»ՙ Սերժ Սարգսյանը, ի վիճակի եղավ կարճ ժամանակում «հայկական բանակ» հորջորջվող կիսաֆիդայական զանգվածը վերածել որքան հնարավոր է պրոֆեսիոնալ, գրագետ բանակիՙ այն համալրելով համապատասխան կրթություն ու կոչում ունեցող զինվորականներով։ (Բարեբախտաբար, ես եւս ժամանակին այդ գործընթացի անմիջական ականատեսն ու մասնակիցն եմ եղել, նաեւՙ նախարարի այդ նախաձեռնությունն իմ համեստ իրավունքների չափով իրականացնողներից մեկը։ Այո, ես մարտնչել եմ նրա ղեկավարած բանակի կազմում եւ հպարտ եմ դրա համար)։ 1995 թ. Վ. Սարգսյանի «պնդմամբ» նրան առաջարկեցին մի այլ «պաշտոն-զբաղմունք», այս անգամՙ ազգային անվտանգության նախարար։ Շարունակելով «վերլուծական մտքի թռիչքը»ՙ Ե. Աբգարյանը նշում է. «1997 թ. գարնանն ակնհայտ դարձավ, որ վարչապետ Արմեն Սարգսյանն այլեւս չի կարող շարունակել իր պաշտոնավարությունը (հեղինակը պատճառները չի նշում- Մ. Հ.)։ Վազգեն Սարգսյանն իրեն բնորոշ համառությամբ սկսեց Քոչարյանի թեկնածությունն առաջ տանել։ Այդպես էր 1996 թ. աշնանը, երբ նրա նախաձեռնությամբ վարչապետի պաշտոնում հայտնվեց Արմեն Սարգսյանը, որը Հայաստանի քաղաքական իրականությանն անմիջապես չէր առնչվել եւ դրա համար էլ արժանացավ մամուլի դրվատանքին (ընդգծումն իմն է- Մ. Հ.)։ Այդպես եղավ եւ 1997 թ. գարնանը, երբ նույն պաշտոնում «հայտնվեց» ղարաբաղցի Քոչարյանը, որին էլ մամուլն ընծայեց «պատերազմի հերոս» տիտղոսը։

Իր ներկայացրած փաստերով ու վերլուծություններով պրն Երջանիկը մեզ եւս որոշակի հարցերի շուրջ մտորելու տեղիք տվեց։ Նախ, ըստ տրակտատի հեղինակի, ժողովրդի մեջ տարածված այն անեկդոտը, թե «Լեւոնը Վանոյի մոտ ՀՀ նախագահ էր աշխատում», պարզվում է, ճիշտ չէր, որովհետեւ ներկայացված փաստերից երեւում է, որ Լեւոնը Վազգեն Սարգսյանի մոտ էր «նախագահ» աշխատել։ Լ. Տ. Պ-ն, ըստ Ե. Աբգարյանի ներկայացրածի, պարզվում է, իր կառավարման թերեւս վերջին 4 տարիներին, իրոք, եղել է «դիտորդ»։ Եվ մյուս առավել հետաքրքիր երեւույթը, ըստ Ե. Աբգարյանի վերլուծության, ժողովուրդը, մամուլը 1995¬97 թթ. հաճույքով ընդունել, անգամ «պատերազմի հերոս» տիտղոս են շնորհել այն վարչապետներին, «որոնք Հայաստանի քաղաքական իրականությանն անմիջապես չէին առնչվել»։ Այլ կերպ ասած, ընդունելի են եղել նրանք, ովքեր հեռու են եղել ժողովրդի ու մամուլի համար ատելի իշխանության բարձրագույն լծակներին տիրացած քաղաքական այրերից։ Եվ դա իրոք այդպես էր, որն ապացուցեց 1996 թ. նախագահական ընտրություններում Լ. Տ. Պ.-ի խայտառակ պարտությունն ու իր պարտականությունների առավել խայտառակՙ բռնի շարունակումը։ Հետեւաբար, 1998 թ. իշխանափոխությունը ոչ թե խարդավանքների արդյունք էր, ինչպես փորձում է ներկայացնել 1991¬98 թթ. «ամենաերջանիկ» մարդկանցից մեկը, այլ քաղաքական պահանջ էր, ժողովրդի անկասելի պահանջը։

Խիստ կասկածելի եւ անհամոզիչ է նաեւ «աշխատության» մեջ արծարծված այն միտքը, թե «Վ. Սարգսյանն առաջ քաշեց ու պաշտպանեց Քոչարյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որովհետեւ Վ. Սարգսյանը ձգտում էր ընդլայնել իր անձնական ազդեցությունը քաղաքական դաշտի վրա»։ Բա եղա՞վ։ Էլ որքա՞ն ազդեցություն էր պետք նրան, որը երկրի ուժային նախարարներ ու վարչապետներ էր «նշանակում»։ Եվ ինչպե՞ս կարելի է Վազգեն Սարգսյանին, մի մարդու, որի շնորհիվ Լ. Տ. Պ.-ն եւ ձեզ հետ նաեւ հայտնի ՀՀՇ-ականներդ 1996 թ. հայտնի դեպքերից հետո եւս 2 տարի վայելեցիք իշխանության գերագույն հաճույքը, «խունտայի» անդամ անվանել։ Եվ ամենազավեշտականըՙ «Վ. Սարգսյանն այն մարդն էր, որ Քոչարյանին կարգեց Հայաստանի նախագահ։ Այդ նպատակով նա ծախսեց իր բոլոր հնարավորությունները եւ դրանով սպառեց իր արժեքը Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի աչքում» (ընդգծումն իմն է- Մ. Հ.)։ Պարզվում է նաեւ, որ «մինչ այդ Վ. Սարգսյանն ամենակարողությունից գլխապտույտի մեջ էր ընկել եւ ի վիճակի չէր համարժեք գնահատել երեւույթները։ Նրա քաղաքական գիտելիքները, իրենց հերթին, մակերեսային էին եւ ավանդականությամբ կաղապարված»։ Աշխատության մեկ այլ մասում, խիստ հակասելով վերոհիշյալ մտքին, նշվում է, որ «նրա դիրքերը թուլացել էին եւ գործող քաղաքական դաշտում միայն մեկ անձնավորություն կար, որի հետ համագործակցությունն իսկապես կարող էր ուժեղացնել նրա դիրքերը քաղաքական դաշտում։ Դա Կարեն Դեմիրճյանն էր»։

Եթե նա «ի վիճակի չէր» համարժեք գնահատել երեւույթները, ինչպե՞ս ընկալեց, որ քաղաքական դաշտում «իր դիրքերը» կարող է ուժեղացնել «միայն մեկ մարդ», եւ Վ. Սարգսյանը, առանց սխալվելու, կարողացավ գտնել հենց այդ «միայն մեկ մարդուն»։ Ձեր փաստարկները, մեղմ ասած, անհամոզիչ են։ Եթե Վ. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի միջեւ «լուրջ հակասություններ» կային, ինչո՞ւ այդ ծավալուն «աշխատության» մեջ չեն ներկայացվում հենց դրանքՙ «դիտորդի» կարգավիճակի մանկամիտ տրամաբանության փոխարեն...

«Վարկաբեկումներ», «պառակտումներ» ենթագլուխներում նշվում է, թե ինչպես «Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի գեղջկական ինտրիգայնությունը (հավանաբարՙ ինտրիգանություն- Մ. Հ.) շատ պարզունակ է եւ միայն տհասը կամ չուզողը չի կարող տեսնել դրա նպատակները»։ Պարզվում է, որ դա «կուսակցությունների պառակտումն է, առանձին անձերի ու կազմակերպությունների վարկաբեկումը, որն իրականացվում է հատուկ ծառայությունների, դաշնակցության եւ մամուլի միջոցով»։ Թույլ տվեք այստեղ եւս չհամաձայնել, որովհետեւ անձանց ու կազմակերպությունների վարկաբեկման «արվեստը» ոչ ոք այնպիսի կատարելության չի հասցրել, որքան ՀՀՇ-ի կողմից առատորեն ֆինանսավորված լրատվամիջոցները։ Ինչ է, Քոչարյա՞նը հանձնարարեց ՀԺԿ-ից վտարել Ա. Խաչատրյանին, Գ. Ասլանյանին, մյուսներին, Քոչարյա՞նը պահանջեց ՀԿԿ շարքերից վտարել Հ. Ոսկանյանին, Յու. Մանուկյանինՙ իրենց ամենահեղինակավոր եւ ինտելեկտուալ ղեկավարներին, լուծարել շրջանային կոմիտեներ, Քոչարյա՞նը ԱԺՄ-ից 4 կուսակցություն ստեղծեց, Քոչարյա՞նը քայքայեց ժողովրդի մեջ ոչ թե միայն վաղուց հեղինակազրկված, այլՙ ատելի դարձած ՀՀՇ-ն։

Ինչ վերաբերում է աշխատության 3-րդ գլխին, ապա դա լկտիության եւ անամոթության գագաթն է։ «Պետական ռեսուրսների քայքայում», այսպես է վերնագրված պատմական ճշմարտությունների բացարձակ կեղծումների փորձը, որը եւս զանգվածային սարսափ տարածելու ակնհայտ միտում ունի։ Ստացվում է, որ պետության ռեսուրսները քայքայել են ոչ թե իրենքՙ ՀՀՇ-ական խունտան, այլՙ ներկայիս իշխանությունները։ Սերվանտեսը գտնում էր, որ «կեղծ պատմաբաններին հարկ է մահապատժի ենթարկել ինչպես դրամանենգներին»։ Եթե ծերունական մարազմի մեջ չեք ընկել, փորձենք միասին վերհիշել նորից այն սահմռկեցուցիչ ու դժնդակ տարիները, որ բերեցիք ձեր այնքան «սիրելի» ժողովրդի գլխին, այն ամենը, որը սարսափն աչքերին կվերհիշեն այսօրվա 12¬13 տարեկան երեխաները...

«Ստեր եւ կեղծիքներ» ենթագլխում հեղինակը պաթետիկ ձեւով բացականչում է.

¬ Սուտ է, երբ խոսվում է 1992¬94 թթ. «լափած» մազութի մասին։

¬ Սուտ է, երբ խոսվում է հարյուր միլիոնավոր եւ միլիարդավոր դոլարի թալանի մասին։

¬ Սուտ է, երբ «նախկիններին» է վերագրվում Հայաստանի ատոմակայանը փակելը։

¬ Կեղծիք է, երբ խոսվում է 1992¬94 թթ. «նախկինների» իբր իրականացրած էներգետիկ տեռորի մասին։

¬ Կեղծիք է, երբ «նախկիններին» մեղադրում են, թե իբր նրանք չէին ուզում աշխատեցնել մեր «հզոր» արդյունաբերությունը։

Ինչ վերաբերում է «լափած» մազութի եւ թալանված միլիոնավոր ու միլիարդավոր դոլարի արժեքների իրական չափին, մեզՙ սովորական մահկանացուներիս համար դժվար է ճշմարտությունը լիովին պարզել։ Իսկ ատոմակայանի փակումն ու էներգետիկ տեռորը չընդունելն ուղղակի ստահակություն է։ Եվ դա հասել է այն աստիճանի, որ ատոմակայանի փակումը Երջանիկ Աբգարյանը կապում է... 1989 թ. հունվարին ՍՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի ընդունած որոշման հետ։ Պարզվում է, որ ՀՀՇ-ն պետական իշխանությանը տիրացել էր միմիայն ՍՄԿԿ կենտկոմի որոշումները «կյանքի կոչելու» համար։

Ո՞վ չի հիշում հեռուստացույցների առջեւ հորթի հրճվանքով ատոմակայանի փակման «արարողության» ուղիղ եթերը դիտող հիմարացված ժողովրդին, ՀՀՇ ղեկավարների տխմար դեմքերը, հանրահայտ «ռազմագետ» ու «հոգեբան» Խաչիկ Ստամբոլցյանիՙ մորուքի արանքից փայլփլող աչքերի խորամանկ ժպիտը։ Ոչ ոք չէր հասկանում, որ... դրան հետեւելու են 1992¬94 թթ. մղձավանջային, դժոխային ձմեռները։ Գուցե թե մեղավորը Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյա՞նն էին։ Կարո՞ղ եք հաշվել, թե ձեր իշխանավորների իրականացրած, մեղմ ասած, էներգետիկ տեռորի հետեւանքով որքան անտառահատվածներ ոչնչացվեցին, կարո՞ղ եք հերքել, որ ավելի քան երկու տարի, մթության ու խավարի հետեւանքով, հայ օջախները վերածվեցին «մատուռների»։ Քրիստոնեության ընդունումից հետո անցած 1700 տարիներին հայոց հազարավոր եկեղեցիներում այնքան մոմ չի վառվել, ինչքան այդ դժնդակ երկու տարիներին մեր բնակարաններում, սակայն այդ մոմերի լույսի ներքո աղոթքների մրմունջը ձեզնից փրկելու համար չհասավ առ Աստված։ Դուք դեռ սեփական ժողովրդի նկատմամբ սպիտակ եղեռնի իրականացման առաքելությունն ունեիք...

Խոսում եք պետական ռեսուրսներն իբր Քոչարյանի իշխանության կողմից քայքայելու մասին։ Որպես գլխավոր մաքսավոր հենց քո պաշտոնավարության ընթացքում եւ քո ակտիվ մասնակցությամբ, երբ Հայաստանի արդյունաբերությունն էլ տնօրինում էր հանգուցյալ Թելման Տեր-Պետրոսյանը, շինարարությունըՙ մյուս եղբայրըՙ Պետրոս Տեր-Պետրոսյանը, Հայաստանի «արտահանումային» գործընթացը «ծաղկում» ապրեց։ «Արտահանվեցին» Հայաստանում գոյություն ունեցող միլիոնավոր տոննաների հասնող երկաթը, ալյումինն ու պղինձը, հաստոցներ, տրանսֆորմատորներ, միլիոնավոր դեկալիտրերով չափվող կոնյակը, ոսկու պետական պաշարները, Հայաստանի պահեստներում կուտակված տարբեր արտադրատեսակները եւ, իհարկե, մեր ժողովրդի մեծագույն հարստությունըՙ երիտասարդությունը։ Համոթ ձեզ, արտահանվեց նաեւ ազգի պատիվն ու սրբությունըՙ հայ կինը։ Բազմաթիվ ֆինանսական մեքենայությունների միջոցով, ինֆլացիայի անվան տակ, ձեր գրպանները հոսեցին ժողովրդի քրտինքով վաստակածՙ խնայդրամարկղների միլիարդների հասնող գումարները։ Հայաստանի քաղաքացիներին տրված «վայ» վաուչերները ձեր իսկ կողմից 1000¬1500 դրամով հետ գնելու միջոցով, անձնական սեփականություն դարձրիք երկրի ամբողջ համաժողովրդական ունեցվածքը։ Այդ ժամանակ էր, որ Հայաստանի «ժողովուրդը» կառուցեց 11 հազար առանձնատուն։ Այն ժամանակ էր, որ Վանիկ Սմբատիչի (Սիրադեղյան) համաժողովրդական կառույցի վերածված ապարանքը (ընդամենը 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ), ի տես իր չքավոր ժողովրդի, հառնեց 3 ամսում (իհարկեՙ «ընկերների միջոցներով» եւ «օգնությամբ»)։ Չէ՞ որ այն ժամանակ հանրապետության նախագահը Ռոբերտ Քոչարյանը չէր։ Իսկ ի՞նչ էիք ներկրում Հայաստան «արտահանածի» փոխարեն. մոմ, մակարոն, կասկածելի բաղադրությամբ թուրքական արտադրության էժանագին վաֆլիներ, ձու, լուցկի, չգիտես ինչ որակի հավ ու միս։ Այսօր թերեւս լուծված է սեփական արտադրության կաթի, մսի, ձվի, մակարոնի, կոնֆետեղենի հարցը։ Բավարական աշխարհահռչակ գարեջուրը Հայաստանում իր տեղը զիջեց «Կիլիկիային» եւ «Կոտայքին»։

Փորձում եք ծաղրանքի, զավեշտի վերածել հանրապետության նախագահիՙ տարբեր տիպի թեկուզ եւ փոքր ձեռնարկությունների բացմանը մասնակցելու արարողությունները։ Ապա հիշեք, ՀՀՇ-ական իշխանությունը թեկուզ եւ մի շան բուն կառուցե՞լ է։ Տավուշի մարզպետարանի սոցապ բաժնի վարիչ Ս. Ամյանը 1997 թ. նույն օրը վտարվեց աշխատանքից միայն նրա համար, որ համարձակվել էր Իջեւան-Իծաքար ճանապարհիՙ 4-րդ անգամ ԼՏՊ-ի կողմից «պաշտոնական բացման» ժամանակ լեզվից թռցնել, թե այդ ճանապարհը մինչեւ 60-ական թթ. եղել է բանուկ։ ԼՏՊ-ն շատ էր սիրում «բացման արարողություններ», սակայն, ցավոք, օբյեկտները չկային։ Լավ է ասել Մարկ Տվենը. «Շատ հաճախ միայն մի ձու ածած հավն այնպես է կչկչում, կարծես աստերոիդ է բերել»։

Այո, ես եւս շատ դժգոհ եմ իշխանություններից։ Դժգոհ եմ առաջին հերթին նախագահի կադրային քաղաքականությունից, որովհետեւ նա չի մաքրում իշխանական համակարգը այնտեղ թաքնված բազմաթիվ «նախկիններից», դժգոհ եմ նրա համար, որ հաշիվ չի պահանջում երկիրն այս վիճակին հասցնողներից, դժգոհ եմ աշխատատեղերի բացման գործում տեմպի դանդաղկոտությունից, դժգոհ եմ սահմանադրությամբ արտոնված նախագահի իրավունքներիՙ հարկ եղած դեպքում կտրուկ չկիրառումից։ Դժգոհ եմ կարգուկանոնի հաստատման ուղղությամբ տարվող գործընթացից։ Սակայն գոհ եմ նաեւ, որ նախագահը փորձում է լենկթեմուրյան ավեր-ասպատակությունից հետո կարգի բերել երկիրը։ Եվ ես, իմ ընտանիքով, առաջիկա ընտրություններում իմ ձայնը տալու եմ Ռ. Քոչարյանին, հենց միայն նրա համար, որ նա կարողացավ մեզ փրկել ձեր հրեշավոր ճիրաններից։ Հենց միայն դրանով Ռոբերտ Քոչարյանի եւ Վազգեն Սարգսյանի անունները Հայաստանի պատմության մեջ կգրվեն ոսկե տառերով։

Այսքանից հետո անգամ, մենքՙ հարստահարվածներս, ձեր ֆիզիկական ոչնչացման կողմնակիցը չենք... Իսկ դուք, պարոն ՀՀՇ-ականներ, թողեք ապրենք։ Մի փորձեք վախեցնել ժողովրդին։ Մոռացեք, թե դուք երբեւէ իշխանության կգաք, մոռացեք, թե ժողովուրդը «ծնկաչոք կխնդրի», որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին կանգնի կառավարման ղեկի մոտ։ Ճիշտ է ասվածՙ նա, ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն նորից վերապրելու։

Ցանկանում եմ հիշեցնել նաեւՙ եթե ուզում եք, որ ժողովուրդը նորմալ ապրի, հարկավոր է մտածել ոչ թե հանրապետության նախագահի, այլ հասարակական կարգը փոխելու մասին։ Ժողովրդի սոցիալական վիճակը հնարավոր է բարելավել միայն այնքան, որքան թույլ է տալիս գոյություն ունեցող համակարգը։

Ափսոս, որ անգամ Ա. Սադոյանը դա չի ընկալում։

Մ. ՀՐԱՉՅԱՆ, Լրագրող


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4