«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2002-04-19 | #74, 2002-04-20 | #75, 2002-04-23


ՋԱՐԴ

Հարցազրույց ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի հետ

Ջարդ։ Այսպես է անվանել ֆրանսիական ժամանակակից արվեստի ականավոր դեմքերից մեկըՙ Ժանսեմը (Հովհաննես Սեմերճյան) Փարիզի Մաթինյոն փողոցում գտնվող իր ցուցահանդեսը։ Այն բացվեց 2001 թ. հոկտեմբերին։

Մի քանի տարի է, ինչ այցելում եմ Ժանսեմի ցուցահանդեսները, սակայն երբեք չեմ տեսել հեղինակին իր իսկ ցուցասրահում։ Հետագայում ինձ պարզ դարձավ, որ նկարիչը երբեք ներկա չի լինում ոչ ցուցահանդեսի բացմանը, ոչ նկարների ցուցադրման ողջ ընթացքում։

Մեկուսի, քաշված իր ընդարձակ արվեստանոցում, աշխատում է ինքնամոռաց։ Ժանսեմը 80 տարեկան է։

Իր նկարագրին հավատարիմՙ նա նկարչության ոլորտ է մտել անաղմուկ, առանց շեփորի։ Ժանսեմի գործերն այսօր շրջում են ողջ աշխարհումՙ Եվրոպայից մինչեւ Ճապոնիա, մինչեւ Միացյալ Նահանգներ։ Ճապոնիայում հինգ թանգարան է գործում Ժանսեմի անունով։ Ինքն այս ամենին նայում է հեռվից ու վրձնահարում իր պաստառները։

Այս անգամ եւս մեր հանդիպումը տեղի ունեցավ իր աշխատանոցումՙ մեղմ ու թափանցիկ եթերային գույների հսկա կտավների հարեւանությամբ։ Նկարներից լույս ու երաժշտություն էր հորդում։

¬ Պարոն Ժանսեմ, շնորհավորում ենք Ձեր 80-ամյակը եւ ցանկանում առողջություն եւ ստեղծագործական ավյուն։ Երեկ ցուցահանդեսում էինք, շատ լավ ընդունեցին մեզ այնտեղ, հանդիպեցինք նաեւ Հայաստանից եկած հայ գիտնականների եւ նկարիչների, որոնք հիացած էին Ձեր աշխատանքներով։ Այնտեղ էր նաեւ Ձեր կյանքի երկար տարիների ուղեկիցըՙ տիկին Հռիփսիմեն, որն, իմիջիայլոց, հիանալի է խոսում հայերեն։

Ակնապիշ նայում էինք Ջարդի տեսարանները. ցնցող էին հատկապես «Կապույտ կոտորած», «Ջարդի տեսարան մը», «Գաղթողներ», «Հուսահատություն», «Բռնաբարություն», «Մարտիրոսացում», «Կարմիր արեւ», «Նախապատրաստություն ջարդի մը համար», «Տեղահանություն», «Հիսուսի գողգոթան», «Ռեքվիեմ», «Մահվան հաղթանակ», «Կտրված ծաղիկների պես», «Խաչելություն», «Ջարդ» կտավները։

Ինչո՞ւ «Ջարդ», իսկ ինչո՞ւ ոչ «Եղեռն» կամ «Կոտորած», սա իմ առաջին հարցն էր։

¬ Ամեն անգամ, երբ ցուցահանդես մը տամ, պետք է անուն մը տրվի, կամ երբ նկար մը գծես, պետք է անուն մը դնել, ատիկա հեշտ խնդիր չէ. շատ խորհեցա Violence, այնուհետեւ Genocide, վերջը որոշեցի Massacre-ն ամենեն ճիշտն է։ Այսինքնՙ ջարդ։ Ջարդն է, որ ստեղծեց այս կտավները։

¬ Վերադառնանք նկարներին։ Դուք ջարդը չեք տեսել։ Այդ մասին ձեզ պատմողներ, անշուշտ, եղել են. նաեւ Ձեր ընտանիքի թշվառ վիճակը Թուրքիայումՙ այնուհետեւ Ձեր գերդաստանի գաղթը Հունաստան, այնուհետեւՙ Ֆրանսիա։

¬ Այո, ջարդը չեմ տեսած, զինվոր ալ չեմ եղած։ Երբ թուրքերն սկսան հալածել հայերուն, Պոլիսեն չսկսան, որովհետեւ հոն տարբեր պետություններու դեսպանատուներ կային, չէին համարձակիր։ Սկսան ժողովուրդին տեղահանել գյուղերեն։ Մայրս կպատմեր այդ մասին, առաջին հերթին ժողվեցին երիտասարդները, անոնց մեջ է եղեր մորեղբայրս, որուն կախեր են, իսկ ծնողքս ոտքով քալեր են մինչեւ Բաղդադ։ Ինձի միշտ կհետաքրքրեր, թե ինչպես են անցեր այդքան երկար ճանապարհ, միշտ կհարցնեի ի՞նչ կուտեին, ո՞ւր կպառկեին։ Յոթ-ութ տարեկան էի եւ այս ամենուն մասին հաճախ կլսեի մորմես։ Հիմա չեմ կրնար ձեզի պատմել, որովհետեւ այդ ամենը մի վեպ է։ Այդ թշվառության մեջ նաեւ հրաշքներ պատահած են, որովհետեւ մինչեւ Տեր Զոր գացող եւ ողջ մնացողներ հազվադեպ են։ Մայրս հասեր է։ Երբ պզտիկ էի, այդ պատմությունները շատ կազդեին հոգեկանիս վրա։

¬ Բնիկ որտեղացի՞ են Ձեր ծնողքը։

¬ Սելեզ, Սելեզ գյուղը, որ Թուրքիա կգտնվի։

Այնտեղ է ծնվեր նաեւ հայոց ամենեն մեծ գրողներեն Հակոբ Օշական։ Տարիներ հետո Օշական եկավ Իսի-լե-Մուլինո տեսնալու, թե ինչպես կապրին իր հայրենակիցները։

Երբ Թուրքիայեն փախանք, 1919-ին թուրքերը ուժաթափ եղան, պարտվեցան. հույները կաճապարեին Այա Սոֆիան գրավել, հարձակվեցան թուրքերուն վրա եւ մինչեւ մեր գյուղը եկան։ Մենք օգնեցինք հույներուն, բայց վերջը թուրքերը հակահարձակման անցան, հույները նորեն պարտվեցան, շատեր ջուրը թափվեցան, մակույկներով, նավակներով, մենք ալ անոնց հետ փախանք։ Դեպքը կհիշեմ։ Երեք տարեկան էի եւ ինչպես կհիշեմ, ծովը կտեսնամ կանաչ, երկինքը կարմիր, նավակներուն մեջեն կախված ձեռքեր, արյուն, կրակ, բոց։ Լուվրի մեջ Դելակրուայի նկար մը կա, երբ տեսա, ինձի թվաց, թե ատիկա իրականին տեսած եմ։ Այս ամենը կհիշեմ երազի մը պես, այս ամենուն ալ, երբ ավելցնեմ մայրիկիս պատմածները, իմ հոս գտնվիլս երբեմն տարօրինակ կթվի. ինքզինքիս կըսեմ. ես ի՞նչ գործ ունիմ Ֆրանսա այս մարդոց հետ, ոչ գլուխս անոնց կնմանի, ոչ սիրտս, ոչ ապրելակերպս։ Պատճառն ի՞նչ է։ Ու կպատասխանեմՙ պատճառը ջարդն է։ Այս ամենը անկարելի է նկարչությունով տալ. երբ երիտասարդ էի կփափագեի, բայց կըսեի, ասիկա չի գծվիր, չի շինվիր, շատ զորավոր պետք է ըլլաս, որ այդպիսի բաներ գծես։ Երբեք չէի համարձակիր։

¬ Ցուցահանդսում սահմռկեցինք մի տեսարանի առջեւ, որը մարդկային գլուխների մի բլուր է մշուշի մեջ. արդյոք այն եւս իր նախապատմությո՞ւնը ունի։

¬ Այո, ունի, քրոջս ամուսինը, որ որբ մըն էր, պատերազմի ժամանակ կորցրել էր իր ընտանիքը, իսկ իրեն կտանի թուրք մը։ Ընդհանրապես թուրքերեն շատեր պատերազմեն վերջ կժողվեին տղա հայ երեխաներ եւ կօգտագործեին։ Օր մը թուրքական կառավարությունը կիմանա, որ թուրքերու տուներուն մեջ հայ մանուկներ պահված են։ Զինվորներ կղրկե եւ կհավաքեն հայերուն զավակները,- քրոջս ամուսինն է, որ կպատմե ասիկա,- երախաներս լեցուցին սայլի մը մեջ ու գիշերով անտառ տարին։ Ես վախցա ու կամացուկ մը դուրս սահեցա սայլին մեջեն, բայց հեռուեն կհետեւեի իրենց։ Տեսա, որ հասան տեղ մը, զինվորները կեցան. անոնք մեկիկ-մեկիկ մանուկները կառնեինՙ կերթային ու նորեն կուգային։ Սպասեցի, տեսնեմ ի՞նչ կըլլա։ Երբ զինվորները հեռացան, ես կամացուկ մը մոտեցա. ի՞նչ տեսնեմ, բոլոր տղաներուն գլուխները կտրվածՙ ուղղակի բացատի մը մեջ, երբ տեսաՙ մարեցա... (Լուռ է Ժանսեմը)։

¬ Ես հուզված լսում էի նկարչին։ Այո՛, իրական ջարդ։ Եվ կան մարդիկ, անգամ պետություններ, որ ասում են ջարդ չի եղել։ Պարոն Ժանսեմ, մենք տեսանք նաեւ Ձեր «Քրիստոսի խաչելությունը» կտավը։ Սովորաբար խաչված Քրիստոսին տեսել ենք գլուխը կախ. Ձեր Քրիստոսը դիտողին է նայում, ինչո՞ւ։ Մի այլ կտավում Քրիստոսը վեր է նայում։ Դա որեւէ բան նշանակո՞ւմ է։

¬ Երբ կգծեմ, այդ բաները չեմ խորհիր, ամբողջ մեկ տարի աշխատելեն վերջ, չեմ գիտեր ինչու ուզեցի Քրիստոս մը գծել, առանց խորհելու, թե ան վեր պիտի նայի կամ վար, բայց կզգայի Քրիստոսի մը ներկայությունը, Քրիստոս մը անգո, անմարմին, այդպիսին է իմ Քրիստոսը։ Մտքով չէ, որ կնկարեմ, չեմ խորհիր այդ ամենուն շուրջ։ Երբ կգծեի գանգերը, չէի ուզեր սկիզբեն, որ ծաղիկներ ըլլան, բայց այդ պատանիներուն գանգերը կուզեի լուսավոր ըլլան, այսինքն լույսով շինված ըլլան, եւ երբ ավարտեցի գործը, խորհեցա, որ անոնք ծաղիկի կնմանին ու ծաղիկներ թափեցի անոնց շուրջ։

Ու չեմ գիտեր ինչու, երբեմն-երբեմն Քրիստոս մը կգծեմ, ինքս ալ չեմ գիտեր ինչու։ Ասկե 30 տարի առաջ խոշոր Քրիստոս մը նկարեր էի 25 մետր բարձրության, իմացա, որ այս օրերուն կծախվի աճուրդի մեջ, ամերիկյան կատալոգի մը մեջ տեսա։

Իրավ է, որ հուսահատական բաներ շատ կշինեմ, երբ հուսահատելի վիճակին մեջ կգտնվիմ. բայց ո՛չ, ո՛չ, հուսահատված չեմ երբեք, ընդհակառակը, սակայն, երբ խորը երթաք, տեսակ մը տխրություն մը կա մեջս, ատիկա հայ ազգին սրտին մեջ ալ կա, բայց աշխարհն այնքան գեղեցիկ է, որ չեք կրնար ըսել, թե տխուր է աշխարհը, նույնիսկ ծերությունը լավ բան մը չէ. ըսենք որ ան ալ իր առավելությունը ունի, ըսենք կապրինք 60, 70, 100 տարի, այլեւս ի՞նչ պիտի ընենք ավելին։ Կարծես 100 տարին կբավե ապրելու համար։

¬ Անցյալ տարի մեր հանդիպման ժամանակ, երբ խոսք եղավ Հայաստան այցելության մասին, դուք հրաժարվեցիք ասելով, որ Հայաստանը հիմա արվեստի կարիք չունի, ուրիշ օգնության կարիք ունի։ Իսկ այսօր իմացա, որ համաձայնել եք, որ Ձեր «Ջարդ» ցուցահանդեսը տեղափոխվի Հայաստանՙ Ցեղասպանության թանգարանում ցուցադրելու համար։

¬ Ես չփափագեցա ատիկա, երբ Փարիզի մեր դեսպանըՙ պարոն Նալբանդյանը ցուցահանդեսը տեսնելու եկավ, շատ սիրեց գործերը, ըսավ, ասոնք պետք է Մոսկվայում ցուցադրենք, ասացի, եթե հնարավոր էՙ հաճույքով։ Այդպես մնաց, այնուհետեւ որոշվեցավ Մոսկվայեն տեղափոխել Հայաստան։ Վերջերս, Կաթողիկոսն ալ այցելեց ցուցահանդես, այնուհետեւՙ իմ աշխատանոցը, խնդրեց խորանի համար Մայր Աստվածածին մը գծել. ես խոստացա։ Այնպես որ ստիպված եմ այսքան տարիներե վերջ (1973 թ. եմ եղեր Հայաստան) նորեն այցելել Հայաստան։ Դուք գիտեք, որ ես շատ սիրեցի այդ տարիներու Հայաստանը, այստեղ ֆրանսացիները կըսեն, թե կոմունիզմի ժամանակ եկեղեցիները փակ էին, ժողովուրդը եկեղեցի չէր այցելեր, ատիկա սուտ է։ Մեր Վազգեն Առաջին վեհափառը Էջմիածին արարողություններ կուտար, մեծ մարդոց հետ կճաշեինք, եկեղեցին 10-12 օթո ուներ, որ իրեն կպատկաներ։ Ինձի ալ օթո տվին, որով ամեն օր կպտտեինք Հայաստանի մեջ։

¬ Զանգեզուրում եղա՞ք։

¬ Այո, ամեն տեղ գացի։

¬ Այս անգամ էլ Ղարաբաղը կտեսնեք։

¬ Կըսեն Ղարաբաղ բոլոր ծառերը կտրեր են։ Երբ Հայաստան գացի 1973 ը. շատ էր աղքատությունը, բայց ուրիշ երկիրներ գացած եմ, որ թե աղքատ են եւ թե անկանոն։ Բայց Հայաստանը կանոնավոր էր, փողոցները աղտոտություն չկար, ժողովուրդը հպարտ էր։

¬ Որքա՞ն ժամանակ է, որ Փարիզի Մաթինյոն ցուցահանդեսում ցուցադրվում են Ձեր գործերը։

¬ Չորս ամիսը լրացավ, իսկ մինչեւ Հայաստան երթալսՙ եւս 3 ամիս, ուրեմն ամբողջությամբՙ յոթ ամիս։ Բայց քանի որ թանգարան-սրահը իմ սեփականությունն է, մինչեւ երկու տարի կմնա, մինչեւ որ նոր նկարներով փոխարինվին նախորդները։

¬ Շատ հաճելի, գեղեցիկ եւ ընդարձակ է Ձեր թանգարանը։

¬ Այո՛, խոշոր է, ընդարձակ ու հարմարավետ։ Ժամանակին, երբ ցուցասրահ չունեի, ուրիշ թանգարանի մեջ կցուցադրեի նկարներսՙ ընդամենը մեկ ամիս։ Այսպես 20 տարի շարունակ ցուցադրվեր եմ ուրիշ թանգարաններու մեջ, այնուհետեւ որոշ թանգարաններ ալ կան, որ ցուցահանդեսներ կկազմակերպեն աշխարհի տարբեր երկրներու մեջ։

¬ Դուք մասնակցո՞ւմ էիք այդ ցուցահանդեսներին։

¬ Անշուշտ, եղեր եմ Նյու Յորք, Չիկագո, Լոնդոն, Հռոմ եւ այլուր։

¬ Ներեցեք խնդրեմ, ինչպե՞ս է որ չսիրելով ճամփորդել եք, վերջերս եղաք Չեխոսլովակիայում։

¬ Տղաս ըսավ, թե հայրիկ, քեզի նվեր մը պիտի ընեմ 80-ամյակիդ առիթով։ Հարցուցի, թե ինչ նվեր պիտի ընես, ըսավ, քեզի համար պտույտ մը Ավստրիա, Բուլղարիա կամ Չեխոսլովակիա։ Այդպես 15 օր ճամփորդեցի։

Իմ ցուցահանդեսները շատ-շատ են, ես չեմ երթար այդ առիթներով որեւէ երկիր։ Օրինակ 25 անգամ ցուցահանդես եմ ունեցեր Նյու Յորք, Չիկագո 25 անգամ, Փասադինա 15 անգամ, Կանադա 5-6 անգամ։ Այս բոլոր ցուցահանդեսներուն ներկա եղած եմ միայն 3 անգամ։ Ընդհանրապես ուրիշ նկարիչներ հաճույքով կերթան իրենց ցուցահանդեսներուն, ես չեմ երթար։ Ֆրանսայի մեջ ալ այդչափ ցուցահանդեսներ ունեցած եմ, ես չեմ գացած, ներկա չեմ եղած։

¬ Վենետիկում եղե՞լ եք։

¬ Այո, Վենետիկեն դուրս կղզիի մը մեջ կապրեի եւ ամեն առավոտ կուգայի Վենետիկ աշխատելու։

Հրաշքով լեցուն Վենետիկի մեջ շենքեր կգծեի, սակայն միշտ ծով կտեսնեի, հատկապես, երբ արեւն ալ ծով կմտներ, Այվազովսկին կուգար դեմս, ինքզինքս կըսեի, որ տեսարանը այնքան գեղեցիկ է, որ չի գծվիր, անկարելի է այդ ամենը նկարել։ Բայց ի վերջո խորհեցա, թե ինչո՞ւ անկարելի պիտի ըլլա, եթե գեղեցիկ է, պետք է գծվի։ Որոշեցի Փարիզ երթալ, բերել ակվարելներ ու քանի մը ամիս հաստատվիլ Վենետիկ, նայիմ, ինչպես կրնամ տեսնել ծովը, ինչպես կզգամ այդ գեղեցկությունը։

Երբ վերադարձա Փարիզ, 25 խոշոր պատկերներ շինեցիՙ միայն երկինք ու ծով, նավակներ ու գոնդոլներ։

¬ Մխիթարյաններին այցելեցի՞ք։

¬ Ես ընդհանրապես չեմ օգտագործեր իմին ճանչցած մարդիկը։ Երբ Վենետիկ ապրեցա 3 ամիս, չգացի Մխիթարյաններուն ինքզինքս ներկայացնելու անոնց, թե հայ նկարիչ մը եկած է, ցուցահանդես կուտա, հայ եմ չէ՞, միայն հայ եմ... Միայն հայ եմ... (ծիծաղ)

¬ Արշիլ Գորկուն համարո՞ւմ եք հայ նկարիչ։

¬ Սկզբի գործերուն մեջ շատ հայկականություն կա, այնուհետեւ չեմ տեսներ ոչինչ հայկական։

¬ Վերջին հարցս. Հայաստանում Ձեր աշխատանքները ցուցադրվելու են Ապրիլի 24-ինՙ Մեծ եղեռնի օրվա առիթով։ Ինձ հայտնի չէ, թե որքան ժամանակով, հետո ի՞նչ եք անելու նկարները։

¬ Ամենն ալ ձգելու եմ Հայաստանին։

¬ Շնորհակալություն զրույցի համար, մինչ նոր հանդիպում, այս անգամՙ Հայաստանում։

ԳՈՀԱՐ ԱՃԵՄՅԱՆ, Փարիզ Իսի-լե-Մուլինո, 07. 02. 2002 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4