Արմեն Ջիգարխանյան ¬ Դա ֆուտբոլի մեծ տոն էր, որի գլխավոր «մեղավորը» հոբելյարն էրՙ իմ լավ բարեկամ Նիկիտա Պավլովիչը։ Անձամբ ես մեծ ուրախությամբ ընդունեցի տոնակատարությանը մասնակցելու հրավերը։ Երեւանում հանդիպեցի հիանալի մարդկանց ու ֆուտբոլիստների։ Նման հիասքանչ միջոցառումներ պետք է հաճախակի կազմակերպվեն։ Մինչեւ 70 տարեկանը կարելի է հոբելյանները նշել տասնամյակներով, իսկ 75-ից հետո առաջարկում եմ հանդիսություն կազմակերպել ամեն տարի։
Լեւոն Իշտոյան¬ Նիկիտա Պավլովիչը մեր բոլորիս հայրն էր։ Նրա հետ աշխատելը շատ դյուրին էր, նրա գլխավորությամբ մարզվելըՙ հաճելի։ Սիմոնյանի անվան հետ են կապված հայկական ֆուտբոլի մեծ հաջողությունները, փառավոր հաղթանակները։ Մենք շնորհակալ ենք նրանից ճանաչման արժանանալու համար։ Նիկիտա Պավլովիչին ամենայն բարիք եմ մաղթում, շնորհավորում հոբելյանի առթիվ։ Շնորհակալ եմ Ռադիկին եւ Արթուրին, որ Բոնդարենկոյի հետ մեզ հրավիրեցին Երեւան։ Ուրախ եմ կրկին հանդիպելու իմ նախկին ընկերներին, թիմակիցներին, նրանց հետ վերհիշելու անցած-գնացածը։ Հպարտ եմ, որ ֆուտբոլասերները հիշում են մեզ, մինչ օրս սիրով ու հարգանքով են վերաբերվում մեզ։ Եվ դա Նիկիտա Սիմոնյանի, «Արարատի» շնորհիվ։
Կոտե Մախարաձե¬ Երբ Յուրի Գագարինի երկիր վերադառնալուց հետո նրա հետ հանդիպում էր կազմակերպվել «Մոսֆիլմ» կինոստուդիայում, տիեզերագնացը մեզ դիմեց հետեւյալ խոսքերով. «Ես կարծում էի, թե աստղերը միայն երկնքում են լինում, սակայն պարզվում է, որ այստեղ էլ նրանց թիվը քիչ չէ»։ Խոստովանում եմ, որ Երեւանում էլ այնքան շատ ֆուտբոլային «աստղեր» են հավաքվել, որոնց անվան հետ է կապված իմ ճակատագիրը։ Նրանցից մեկն, անշուշտ, Նիկիտա Սիմոնյանն է։ Ուրախալի է, որ Վրաստանը եւս իր ներդրումն է ունեցել անվանի ֆուտբոլիստի կայացման գործում. չէ՞ որ Սիմոնյանը Սուխումի ֆուտբոլային դպրոցի սան է։ Կազմակերպիչները մեծ ծավալի աշխատանք են կատարելՙ ԱՄՆ-ից հրավիրելով Իշտոյանին եւ Բոնդարենկոյին։ Ուրախ եմ, որ ինձ Հայաստանում չեն մոռացել եւ Գեորգի Սարկիսյանցի հետ հրավիրել են մեկնաբանելու խաղը։ Սա Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամության եւս մեկ վառ ապացույց է։
Գեորգի Սարկիսյանց¬ Երջանիկ եմ, որ 12 տարվա ընդմիջումից հետո կրկին հրավիրվել եմ Երեւան եւ մասնակցում եմ տոնակատարությանը։ Շնորհակալ եմ մասնագիտությանս, որը հնարավորություն է ընձեռել շփվելու այնպիսի հռչակավոր ֆուտբոլիստի եւ մարզչի հետ, ինչպիսին Նիկիտա Սիմոնյանն է։
Սերգեյ Բոնդարենկո¬ Շնորհավորում եմ թանկագին Նիկիտա Պավլովիչին ծննդյան օրվա կապակցությամբ։ Այսօր կրկին հավաքվել են նշանավոր մարդիկ, նախկին բարեկամ-մրցակիցները, որպեսզի մեծարենք անվանի մարդուն եւ մարզչին։ Այստեղՙ Երեւանում այնպիսի ջերմ ու հուզիչ մթնոլորտ է տիրում, որ, երդվում եմ, նույնիսկ չեմ ուզում ԱՄՆ վերադառնալ։ Քչերին է հաջողվում ապրել այնպիսի ֆուտբոլային կյանքով, ինչպիսին մենք ենք ունեցել։ Նիկիտա Պավլովիչին երկար տարիների կյանք եմ մաղթում։ Նա մարդկանց բարություն է պարգեւում։