Թուրքիային կոչ է անում Հայաստանի հետ հաստատել տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերություններ
2000 թ. հունիսի 2-ինՙ իր նախընտրական արշավի օրերին, Ջորջ Բուշ կրտսերն ամերիկահայությանը խոստացել էր ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում, ապրիլի 24-ին օգտագործել «ցեղասպանություն» բառը։ Բուշը նախագահ ընտրվեց, սակայն 2001 թ. ելույթում խուսափեց «ցեղասպանություն» բառից։ Նա մասնավորապես ասել էր. «Ապրիլի 24-ը պատմության մեծագույն ողբերգություններից մեկի հիշատակի օրն էՙ մոտ 1,5 մլն հայերի բռնի տեղահանման եւ բնաջնջման օրը»։
Ջորջ Բուշը երկրորդ անգամ է դրժում խոստումը։ Այս տարվա ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության տարելիցի իր ուղերձում նա կրկին խուսափել է գործածել «ցեղասպանություն» բառը։ «Այսօր Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած սարսափելի ողբերգություններից մեկիՙ 1,5 մլն հայերի բռնագաղթի եւ սպանության հիշատակի օրն է», ասվում է ուղերձում։ Բուշը 1915 թ. Օսմանյան կայսրության ղեկավարների ծրագրած եւ իրականացրած 1,5 մլն հայերի ցեղասպանությունը համարել է «սպանդ», «ահավոր սպանություններ» եւ «մեծագույն ողբերգություն», ցավակցել համայն հայությանը։
ԱՄՆ նախագահը, հաշվի առնելով անցյալի դասերը, ձգտելով ապագան կառուցել «ճշմարտության եւ հաշտեցման հիմքով», Թուրքիային կոչ է արել Հայաստանի հետ հաստատել տնտեսական, քաղաքական եւ մշակութային հարաբերություններ, երախտագիտություն է հայտնել ամերիկահայությանը եւ Հայաստանինՙ ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար։
«ԱՄՆ-ը կշարունակի ջանքեր գործադրելՙ նպատակաուղղված ԼՂ-ում կայուն եւ արդարացի խաղաղության հաստատմանը։ Միայն այս եղանակով է հնարավոր Կովկասում հաստատել խաղաղության եւ փոխգործակցության մթնոլորտ», ասվում է Բուշի ուղերձում։