ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հարեւան երկրներումՙ Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում հայկական պատմական հուշարձանների վիճակը քննարկվեց Հայկական Ժողովրդային շարժման Հայաստանի ներկայացուցչության հրավերով Հայաստան ժամանած յոթ երկրների խորհրդարանականների եւ քաղաքագետների մասնակցությամբ ապրիլի 25-ին կայացած «Քաղաքակրթությունների մերձեցումը համամարդկային արժեքների պահպանման գրավական» թեմայով սեմինարին։
Սեմինարի մասնակիցներն իրենց զեկուցումներում եւս մեկ անգամ անդրադարձան անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը, ընդգծելով, որ ներկայումս փաստորեն շարունակվում է ցեղասպանության հաջորդ փուլըՙ Թուրքիայում եւ Ադրբեջանում իրականացվում է հայկական պատմական հուշարձանների ոչնչացման ու յուրացման քաղաքականություն, որի արդյունքում կորստյան են մատնվել համամարդկային արժեք ունեցող հազարավոր պատմական հուշարձաններ։
Թուրքիան դեռեւս շարունակում է հերքել 1894-1896 թթ. եւ 1915-1923 թթ. պետականորեն ծրագրված ցեղասպանությունը եւ աշխատում է հայկական հուշարձանների ոչնչացմամբ քողարկել հայ ժողովրդի եւ պետության գոյությունն իր արեւելյան տարածքներում։ Արեւմտյան Հայաստանի 2500 պատմամշակութային հուշարձաններից 1915թ.-ից հետո կանգուն են մնացել 913 շինություններ, որոնցից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն, 464-ը հետագայում լիովին ոչնչացվել է, 252-ըՙ վերածվել փլատակների, իսկ 197-ը վերականգնման լուրջ կարիք ունեն։ Դրանց մեծ մասը դարձել են զինավարժությունների թիրախ։
Ըստ փաստերի, ադրբեջանցիների կողմից 1998 թ. նոյեմբերին ոչնչացվել է խորհրդային տարիներին Ադրբեջանի տարածքում հայտնված Ջուղայի գերեզմանոցի մոտ 3000 խաչքարերի գրեթե 30%-ը։ Վրաստանի տարածքում ստալինյան բռնապետության օրոք ավերվել է շուրջ 80 հայկական եկեղեցի։
Ներկաներն ընդունեցին բանաձեւ, ըստ որի, ցեղասպանությունը ոչ միայն էթնիկական կամ կրոնական խմբի ֆիզիկական ոչնչացումն է, այլեւ նրա ազգային ու հոգեւոր մշակույթի ոչնչացումը։